Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԻՈՏ-ԱՐՄԵՆԻԱՆ ԱՐՀԿՈՄ Է ԸՆՏՐՈՒՄ ԵՎ «ԱԶԱՏՈՒՄ» ՏՆՕՐԵՆԻՆ

Հունվար 16,1999 00:00
mariott

Յուրաքանչյուր իրեն հարգող կոլեկտիվ, լինի գործարանի, թե մի այլ ձեռնարկության, գտնում է իր շահերը պաշտպանելու ձեւը։ Քաղաքակիրթ երկրներում դրանք արհմիություններն են, որոնք իհարկե խիստ տարբերվում են ԽՍՀՄ փառաբանված, իսկ ավելի ճիշտ՝ ձեւական պրոֆկոմից։ Նման մի ոչ ձեւական արհմիություն ստեղծելու (կամ եղածը ոչ ձեւական դարձնելու) փորձ է կատարում Մարիոտ-Արմենիա հյուրանոցի կոլեկտիվը։ Երեկ նրանք հավաքվել էին ընտրելու արհմիության ազատված նախագահ, որը պիտի պարտավորություն վերցնի մինչեւ իր լիազորությունների վերջը պաշտպանել իր ընտրողների շահերը, որոնց մուծած անդամավճարներից է, ի դեպ, ստանալու իր աշխատավարձը (դրա համար էլ անունը ազատված տնօրեն է)։

Ժողովի օրակարգում կար նաեւ արհկոմի անդամների ընտրության հարցը։ Նախ որոշեցին ընտրել ըստ կարեւորության՝ նախագահին։ Թեկնածու առաջադրվեց միայն մեկը՝ Վիգեն Ղազարյանը, եւ նա էլ բաց քվեարկությամբ անցավ միաձայն։ Ավելի հետաքրքիր էր արհկոմի անդամների ընտրությունը։ Քվեարկությամբ որոշվեց, որ արհկոմը բաղկացած պետք է լինի 9 հոգուց։ Հենց այդքան թեկնածու էլ առաջադրվեց։ 10-րդի թեկնածությունն ընդունել ժողովի նախագահողը մերժեց։ 9 առաջադրվածներից մեկն իր թեկնածությունը հանեց հօգուտ 10-րդի։ Բոլոր ինն էլ գրեթե միաձայն անցան։ Միայն այդ ժամանակ պարզվեց, որ արդյունքում արհկոմը բաղկացած է լինելու 10 հոգուց (9 անդամներ գումարած նախագահը)։ Եվ այստեղ միանգամից հարմարվելով ստեղծված իրավիճակին, հեշտուհանգիստ, առանց քվեարկության որոշեցին արհկոմի կազմը լրացնել մինչեւ 11 հոգի։ Հիշեցին ինքնաբացարկ հայտնածի մասին եւ նրան միաձայն կցեցին նորաթուխ արհկոմին։ Բարով կառավարեն։

Քվեարկության հերթը հասավ անդամավճարներին։ Միայն երկուսն էին ցանկանում իրենց աշխատավարձի 1,5 տոկոսը թողնել հարազատ արհմիությանը, մյուսները «բարիշեցին» 1 տոկոսի վրա։ Այդ երկուսը որոշեցին դուրս գալ արհմիությունից։ Նախագահողն ու ժողովականները ոգեւորված փորձեցին նրանց դուրս հրավիրել արհմիության ժողովից, հետո հանկարծ հիշեցին, որ ժողովը հյուրանոցի ամբողջ կոլեկտիվինն է։ Օրակարգում դրված էր նաեւ կոլեկտիվ պայմանագրի հարցը, որի կետերից կարեւորվեց նոր ընտրված տնօրենին առանձնասենյակ հատկացնելը։ Ժողովի նախագահողը Մարիոտ-Արմենիայի գործադիր տնօրեն Անիլ Սամբատից հարցրեց, թե արդյոք նրանք պատրա՞ստ են տնօրենին սենյակ հատկացնել։ Պրն Սամբատը պահանջեց նույնությամբ թարգմանել իր ասածը, որը հետեւյալն էր. «Մարդուն անհարմար վիճակի մեջ դնելու շատ եղանակներ կան։ Մի քանի անգամ այդ հարցի շուրջ խոսել եմ այս անձնավորության հետ եւ պահանջում եմ ինձ բացատրություններ տալ»։ Բացատրությունները եղան. պայմանագրի նախագծում հյուրանոցի կոլեկտիվն այնքան շատ կետեր է գրել, որ «Եթե գոնե կեսը իրականացնենք, արդեն հերոսություն կլինի»։ Հետո որոշվեց սպասել, մինչեւ պրն Սամբատը ծանոթանա նախագծին եւ իր կարծիքը հայտնի։ Վերջինս խոստացավ պատրաստ լինել մինչեւ այս ամսվա վերջ։

Ժողովի այս հատվածը մանրամասն ներկայացրինք՝ ցույց տալու համար, թե ինչպես չի կարելի արհմիություն եւ արհկոմ ձեւավորել (եթե իհարկե նվիրական երազանքդ է պաշտպանել սեփական շահերը)։

Պրն Սամբատի հետ զրույցում, նա իր տարակուսանքը հայտնեց (թերեւս տեղին), որ նման ժողովի հրավիրվել են լրագրողներ։ Այնուամենայնիվ, նա հասկանում է մեր ազգային առանձնահատկությունները։ Նա հայտնեց, որ հունվարի 23-ին ինժեներների մեծ խումբ է գալու Հայաստան՝ հանդիպելու Երեւանի քաղաքապետի, քաղաքաշինության նախարարի եւ այլոց հետ, որպեսզի ստանան Արմենիա հյուրանոցը վերանորոգելու թույլտվությունը։ Եվ միայն դրանից հետո կորոշվեն վերանորոգման ձեւերը։ Ծրագրավորված է 2000 թ. նոյեմբերին ավարտել վերանորոգումը։ Պրն Սամբատն անհրաժեշտ համարեց լրացնել հյուրանոցային համակարգերի եւ, մասնավորապես, Մարիոտ-Ինտերնեշընըլի մասին մեր գիտելիքները։ Այսօր Արմենիան ծանրաբեռնված է իր հնարավորությունների 12-13 տոկոսով։ Սակայն, հաշվի առնելով հայերի դրական կողմերը, Անիլ Սամբատը մեծ հույսեր ունի, որ երբեւէ կկարողանան ծանրաբեռնվածությունը հասցնել 80 տոկոսի՝ չնայած մեր թերություններին, որոնք մեր խնդրանքով, այնուամենայնիվ նշեց. վատ ենթակառուցվածքներ, հանրային զուգարանների, մեղմ ասած, վատ վիճակ, հանգստի գոտիների բացակայություն։ Թվարկումը երկար շարունակվեց։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031