Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՄԱՆՍ ՔՑՈՂԱԿԱՆ

Հունվար 16,1999 00:00
kentronakan bank

Տարեվերջին՝ ֆինանսական լարվածությանը զուգահեռ, լրատվության միջոցներում նկատելիորեն աճել է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ։ Հնարավոր է, որ սա բնական է, օրինաչափ։ Սակայն մամուլը մի դարպասի խաղ է սկսել Կենտրոնական բանկի հանդեպ։

Անկեղծ ասած, Կենտրոնական բանկի մասին որեւէ լավ խոսք ասելու պատճառ գտնելը համարյա անհնար է։ Սակայն տարօրինակ է, որ քննադատվում է միայն գլխավոր բանկը։ Կառավարություն-Կենտրոնական բանկ հակամարտությունը ցանկացած երկրի տնտեսական կյանքում ընկալվում է որպես սովորական եւ անհրաժեշտ երեւույթ։ Հայաստանում վարչապետի եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնները զբաղեցնում են բանկային կադրեր։ Մարդիկ, որոնք վերջին տարիներին զբաղեցրել են նույնքան բարձր պաշտոններ երկրի բանկային համակարգում։ Այս փաստը, բնականաբար, լրացուցիչ ինտրիգ է հաղորդում կառավարություն-ԿԲ հարաբերություններին։

Գործող ֆինանսական օրենսդրությամբ կառավարությունը կարող է պարբերաբար վարկի տեսքով պարտք վերցնել Կենտրոնական բանկից։ Նույն օրենսդրությունը պարտավորեցնում է այդ պարտքը ձեւակերպել որպես կարճաժամկետ վարկ եւ վերադարձնել եռամսյակի ավարտին։ Կառավարությունը, բնականաբար, հաճախ է օգտվում վարկ վերցնելու իր իրավունքից, սակայն միշտ չէ, որ ժամանակին վերադարձնում է պարտքը։ Այդպես 2 տարի առաջ կառավարությունը, ի վիճակի չլինելով վերադարձնել վարկային պարտքը, այն վերածեց արժեթղթերի։ Այսօր ԿԲ-ի պաշտոնական հայտարարությունների համաձայն, կառավարության հետ փոխադարձ պարտավորությունները կազմում են 8,3 մլրդ դրամ՝ այսինքն, չեն գերազանցում բյուջեի մասին օրենքում ամրագրված սահմանը։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ու Կենտրոնական բանկն իրար հետ որեւէ տարաձայնություն չունեն։ Անցած տարվա դեկտեմբերին, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, բյուջեի (իմա՝ կառավարության) պարտքը բանկին կազմում էր մոտ 16,5 մլրդ դրամ։ Սա համարյա աստղաբաշխական թիվ էր այդքան կարճ ժամկետում մարված լինելու համար։ Կառավարությունն այս մեծ պարտքերը կուտակել էր՝ հավանաբար վստահ լինելով, որ տարվա վերջին Միջազգային արժութային հիմնադրամից կստանա հերթական տրանշ-գումարը։ Կստանա ու կփակի կուտակված բյուջետային պարտքերը։ Սակայն ակնկալվող եւ ստացված գումարով հնարավոր չէր փակել դրանք։ Սա իհարկե ենթադրություն է, որովհետեւ բյուջեի պարտքերը (աշխատավարձերի, կենսաթոշակների, ԿԲ-ի գծով եւ այլն) երբեք ամբողջական չեն հրապարակվում։

Այն, որ պարտատերերի ցուցակում վերջին տեղում կհայտնվի ԿԲ-ն, դժվար չէ պատկերացնել։ Պետական ցանկացած հիմնարկության «լռեցնելու» հազար ու մի «պետական» միջոցներ ու հնարքներ կան։ Ի տարբերություն ԿԲ-ի պաշտոնական հայտարարությունների, ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ կառավարությունը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել (կամ թույլատրել) է գլխավոր բանկին ունեցած պարտքի մի մասը՝ 3,5-4 մլրդ դրամի ծավալով, արժեթղթավորել։ Պաշտոնական շրջանակներն առայժմ կարող են հերքել այս լուրը։ Սակայն մեկ-երկու շաբաթ (կամ ամիս) հետո, երբ վերջնական տեսքի բերվի ֆինանսական տարվա հաշվետվությունը՝ ամեն ինչ իր տեղը կընկնի, ամեն ինչ ակնհայտության աստիճան պարզ կդառնա։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031