Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳԱՂԹ

Հունվար 16,1999 00:00
L.-H. Abrahamyan

Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդին բաժին ընկած պատերազմի եւ շրջափակման փորձություններին ոչ բոլորն են դիմացել: Շատ մարդիկ լքեցին հայրենիքը: Չեմ ուզում նրանց դատապարտել: Բայց եւ հրճվել նրանց կեցվածքով, որքան էլ ցանկանամ, չեմ կարող:

Թերեւս կարելի է հասկանալ այն ձեռներեցին, որն արտասահմանում իր բիզնեսի համար ավելի ձեռնտու պայմաններ է փնտրում: Բայց գիտական եւ գեղարվեստական մտավորականության ներկայացուցիչների համար փոքր-ինչ անհարմար եմ զգում: Օրինակ, այն երգիչների համար, ովքեր Երեւանը միակ օթեւանն էին համարում:

Այդ առումով ես ավելի շատ ուրախանում եմ իմ այն գործընկերոջ համար, որն իր լավագույն գիրքը գրեց այն դժնդակ տարիներին՝ երկու մոմով «ուժեղացված» նավթի ճրագի տակ:

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

Ասում են, հայերից շատերին հատուկ է բնատուր, ներքին արտիստիզմը: Սակայն մարդուն զարդարող եւ նրան որոշակի հմայք տվող այս հատկությունը, ցավոք, չի բացառում ցածր ճաշակը:

Փիլիսոփաները դարերով տանջվել են հոգու եւ մարմնի պրոբլեմի վրա: Մեծատաղանդ Ալթունյանը ժամանակին հայտնաբերեց երգի եւ պարի համադրման իր, յուրահատուկ ձեւը: Բայց միայն այսօր ազգային մշակույթը կարող է ծնել «հոգու եւ պարի թատրոն»: Պետք է ենթադրել, որ անկախություն ձեռք բերելուց առաջ հոգին գտնվում էր իրեն հատուկ պարի տարերքից դուրս, իսկ պարն անհուսալիորեն զրկված էր հոգուց:

ԶՈՒՏ ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Գիտնական դառնալու հավակնություն ունեցող երիտասարդին թեկնածուական «մինիմումի» ժամանակ քննություն ընդունողը հարցնում է, թե ինչու գրականության հանձնարարված ցանկից նա այդքան քիչ գրքեր է մշակել: Երիտասարդը՝ փոխանակ խոստովանի, որ ոչ մի լեզվի, բացի հայերենից, չի տիրապետում, ինքնահավանորեն հայտարարում է. «Ցանկանում եմ ստանալ հայեցի կրթություն»:

Շնորհակալություն հայտնենք հայոց լեզվի բոլոր երդվյալ պաշտպաններին՝ նրանց ջանքերն իզուր չանցան: Մեր աչքի առաջ մի հրաշք է ծնվում՝ մեծանում են բանասերներ, որոնք չեն կարդացել Պլատոնի «Երկխոսություններն» այն պատճառով, որ դրանք գոյություն չունեն հայերեն թարգմանությամբ:

Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031