Նոր տարին սովորաբար նոր հույսեր է արթնացնում, մարդկանց ապագայի հանդեպ լավատեսությամբ լցնում: Իհարկե, ոչ միշտ եւ ոչ բոլորին: Այդպիսի մարդկանց մի ստվար խումբ է հավաքվում ամեն Աստծո օր «Այրարատ» կինոթատրոնի մոտ, այսպես կոչված ֆայլաբազարում: Այստեղ ոչինչ չի փոխվել, նույն անթրաշ մարդիկ են, դեմքի նույն արտահայտությունը, որը մոտավորապես այսպես կարելի է վերծանել. «Մարդ եք, գործ ճարեք, որ մենք էլ մի կտոր հաց վաստակենք»:
Ամեն մոտեցող կամ կանգնելու փորձ անող մեքենայի այնպիսի հայացքով են նայում, կարծես հենց նրա տիրոջից է կախված իրենց բախտը: Տվյալ դեպքում այդպես էլ կա: Եթե կանգնողը մի գործ է առաջարկում, ուրեմն այդ օրը ինչ-որ մեկի կամ երկուսի բախտը բերեց: Ոչ միշտ են առաջարկում, ոչ միշտ են բավարար վճարում: Զարմանալի չէ, այստեղ հավաքվողները ամենաէժան աշխատուժն են, կարգին մասնագիտություն չունեն, նախկինում աշխատել են այս կամ այն սովետական հիմնարկում եւ կանոնավոր աշխատավարձ ստացել: Նոր պայմաններին չեն կարողացել ընտելանալ: Բավական հետաքրքիր է հետները զրուցել, չնայած ստացվում են առավելապես մենախոսություններ: Մի քանիսի հետ զրույցի բռնվեցի: Մյուսները, որ խումբ- խումբ կանգնած էին մայթի ողջ երկայնքով, հետաքրքրության անթաքույց նշաններ ցույց տալով արագ շրջապատեցին մեզ: Հավանաբար կարծեցին, թե գործ եմ առաջարկելու: Իմանալով, որ թերթից եմ, նրանց մի մասը վերադարձավ ելման դիրք՝ գործ կպցնելու: Մնացածների հետ «մի թեթեւ» զրույց արինք:
Ուստա Էդո, ունիվերսալ վարպետ, սվաղչի, կաֆել կպցնող, պատշար, կարող է նույնիսկ հոսանքի հետ աշխատել: -«Մի օրում փլվան հիմնարկները, գործը գլխներիցս կտրվեց: Չորս թոռ ունեմ, երկուսը դպրոցի տարիքի: Տղերքս Ռուսաստան են, 3 ամիսը մեկ փող էին հասցնում, հոկտեմբերից էս յան բան չեն ուղարկել: Բա էդ էրեխեքին հագնվել, գրքի փող պետք ա, չէ՞: Դիմում եմ տվել, ուզում եմ Ամերիկա գնամ, հորողբոր տղեք ունեմ, տիրություն կանեն: Ոչ մի գործից չեմ վախենում, պտի ուղղակի շուտ ֆայմած լինեի: Էս երկիրն անհույս ա»:
Սուրիկ. իր ներկայանալով՝ ռայոնի տղա/Լոռվա բարբառն էր հիշեցնում/: -«Էսա 10 տարի ա քաղաք եմ եկել, թե մի բանի տեր դառնամ: Առուտուր արի՝ տակ տվի, Ռուսաստան երկուտարիուկես աշխատեցի, աբրատնի տոմսը հազիվ առա: Կնիկը էրեխանց հետ գյուղ գնաց, բախչումը բան- ման կցանեն, ձմեռը ուտելիք կլնի: Ես էլ հույսս չեմ կորցնում, էլի, մտածում եմ, թե հլը մի բան կստացվի»:
Հակոբ. քաղաքականապես գերզարգացած, ահավոր «քֆուրչի», բանվոր տղա: -«Քեզ տելեվիզըրով տեսել եմ, դու էլ ես դրանցից, չէ՞ /իշխանությունները երեւի նկատի ունի-Ո.Մ./ : Էս երկրի վիճակը վիճակ չի, սաղ …… նստել են ժողովրդի վզին ու կթում են: Մի օր էդ կաթը կցամաքի ու …. դուրս կգա: Գիտե՞ս, խի եմ ստեղ կանգնում: Տղես բանակ ա ծառայում, մի երկու կոպեկ փախցնում եմ, որ շոր, սապոգ առնեմ, մի քիչ ուտելու բան տանեմ: Էդ եղավ բանա՞կ, էղավ երկի՞ր: Ծառայի- պրծնի, սիքտիրս քաշեմ, գնամ: Գոնե կիմանամ, որ ուրիշն ա ստորացնում, օտարին եմ վիզ ծռում: Մեր կյանքը չստացվեց, գոնե թոռները մարդ դառնան»:
Կողքից մեկը հավանության նշաններ է անում, բայց կասկած է հայտնում. -«Ախպեր, լավ ես ասում, ասա տպեն, թե չէ ոնց նայում ենք, գլուխ հարթուկող են»: Նրա դիտողությունը մի քիչ անհասկանալի մնաց: Քիչ- քիչ հետաքրքրությունը մարեց, ավելի հաճախ էին նայում փողոցի կողմը, միգուցե մի ունեւոր մարդ մոտենա:
Քիչ անց մի «Նիվա» կանգնեց ու պատուհանից մեկը հայտարարեց. «Երկու հոգի մի ավտո ավազ կրելու, մարդա 10 դոլար»: Միանգամից 8-9 հոգի շրջափակման մեջ առան մեքենան, քաշքշուկ սկսվեց:
Ամեն ինչ նույնն էր, անցած, նախանցած, բոլոր տարիների նման:
Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ