«ԱրմենՏելի» եւ նրա շուրջ ծագած խնդրի կապակցությամբ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ կոմունիստները ստիպված են կեսկատակ սպառնալ. ձեզ խելոք պահեք, թե չէ փոստն ու հեռագրատունը կգրավենք («ԱրմենՏելով» եւ մնացածով, այսինքն)։
Հայաստանի Ժուռնալիստների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ ԶԼՄ ընկերակցության համատեղ հայտարարությունը դարձյալ «ԱրմենՏել» ձեռնարկության կողմից հեռախոսավարձի բարձրացմանը եւ հեռախոսակցությունների նոր սակագներին էր առնչվում։ Հայտարարության մեջ, ի լրումն ամեն ինչի, առաջարկվում է. «Հեռախոսահաղորդակցության մասին» օրենքը ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող»։
Պատգամավորների մի հետաքրքիր բույլ էր հավաքվել հանձինս Վահագն Խաչատրյանի, Պետրոս Մաքեյանի, Սոս Գիմիշյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Թադեւոսյանի։ Եկել էին դարձյալ «ԱրմենՏելի» սեփականաշնորհման սխալ գործարքի, սակագների բարձրացման եւ գործարքի մութ կետերի շուրջ խոսելու։ Պրն Գագիկ Թադեւոսյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Բոլշեւիկներն էլի ճիշտ էին»։ Ահազանգի պես հնչեց նրա. «Կկտրեն մի օր նախագահի կապը, ԱԺ-ի կապը, միջազգային բլոկադայի մեջ կպահեն մեր ամբողջ հանրապետությունը»։ Փաստը մնում է փաստ՝ Սահմանադրությունը խախտված է, մարդու իրավունքներն են խախտված։
Կենտրոն համայնքի բոլոր հեռախոսների միջքաղաքային կապն անջատված Է, ինչո՞ւ, երբ մարդիկ պարտք չունեն, տարվա վարձը տվել են։ Այս հարցերը հնչեցին ՀԿԿ-ի ներկայացուցիչ պատգամավորի խոսքում։ Պրն Թադեւոսյանը արդարացիորեն նեղացած էր որոշ ԶԼՄ-ներից, քանի որ, նրա կարծիքով, փոխանակ բոլորս միանանք եւ գործից խոսենք, ոմանք ծաղրում են ՀԿԿ-ի՝ կառավարության շենքի մոտ անցկացվող ամենօրյա ցույցերը: Սակայն կոմունիստները կպայքարեն մինչեւ հարցի լուծում։ «ԱրմենՏելի» մեկ օր առաջ հայտարարած՝ րոպեավճարի ներմուծման հետաձգումն արդարացիորեն որակվեց ժամանակավոր եւ կցկտուր։ Սա անմիջականորեն կապ ունի էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների բարձրացումների հետ. «Դարդ տամ, դարդդ մոռանաս» ժողովրդական խոսքը դարձյալ պրն Թադեւոսյանը հիշեց։ Իսկ Հերմինե Նաղդալյանի ասելով «ԱրմենՏելի» «տխուր գործարքի հարցը» ինքն է բարձրացրել մի հինգ կամ վեց ամիս առաջ խորհրդարանում։ Գործարքի մութ կետերն ընդունեցին հանդիպմանը ներկա բոլոր օրենսդիրները։
Կարդացեք նաև
Պետրոս Մաքեյանի հայտարարությամբ. «Բագրատյանի հեռացման հիմնական պատճառը այս գործարքն էր, նա ոչ մի թղթի տակ չի ստորագրել»։ Իսկ «ԱրմենՏելի» սեփականաշնորհման հարցը ժամանակին խորհրդարանում քվեարկելու ժամանակ ԱԺ միջանցքներում խոսակցություններ են պտտվել, թե քվեարկության համար պատգամավորներին դրամական փոխհատուցում է տրվում։ Գործարքը սկսվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, շարունակել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ավարտել է արդեն նախագահ Քոչարյանը։ Գործարքին մասնակից է նաեւ ՆԳ եւ ԱԱ նախարարը, որն էլ երեք ամիս առաջ իբրեւ թե ձերբակալել եւ ազատ է արձակել «ԱրմենՏելի» տնօրենին։ Այս ամենն ասելուց հետո, պրն Մաքեյանը չբացառեց, թե իշխանամետ կուսակցությունների (ՀՅԴ, ՀԴԿ եւ այլն) ակտիվ մասնակցությունը հենց իշխանությունների ցուցումով է կատարվում։
Ըստ պատգամավորների՝ սա խաղ է, ժողովրդի ուշադրությունը շեղելու էլեկտրաէներգիայի, կոնյակի եւ բազմաթիվ այլ սրված հարցերից։ Խոսեց նաեւ Սոս Գիմիշյանը. «Դիմել ենք Սահմանադրական դատարան, որ մենաշնորհը վերացվի…»։ Արդյունքում, մրցակցություն կսկսվի եւ հնարավոր գների իջեցում կլինի, ինչպես՝ Վրաստանում։ ԱԺ արտահերթ նստաշրջանի անցկացման դիմումի հեղինակները հույս ունեն, որ այդ նստաշրջանի ընթացքում գուցե հնարավոր կլինի հանել Սահմանադրության 24-րդ հոդվածը եւ մտցնել նոր հոդված, որով «ԱրմենՏելը» կհամարվի բնական մոնոպոլիա եւ, որպես այդպիսին, պետությունը կսահմանի առավելագույն գին։ Իսկ եթե ՀՀ նախագահը արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշում չկայացնի, պատգամավորներն իրենք, փետրվարի 1-ից արդեն, կհրավիրեն արտահերթ նիստ՝ 64 ստորագրություն հավաքելով։
«Առավոտը» մեկ հարց ուներ ուղղված ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանին։ «ԱրմենՏելի» գործարքի սկզբում պրն Խաչատրյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տնտեսական գծով խորհրդականն էր, ինչո՞ւ այն ժամանակ որպես խորհրդական չի արտահայտել իր կարծիքը, թե՞ այն ժամանակ պրն Խաչատրյանն այլ կարծիքի է եղել։ Հարցին պատասխանելով, Վահագն Խաչատրյանն ասաց. «Ես, ընդհանրապես անցյալի հետ կապված, ինձ հետ կապված չեմ փորձում արդարանալ, որպես սկզբունք, բայց ինչ-որ վերաբերում է իմ կարծիքին, միշտ նույնն է եղել։ Միանշանակ ես իմ կարծիքն ունեմ։ Այն ժամանակ էլ Հայաստանում օրենքի խախտումներ են տեղի ունեցել, այն, որ Հայաստանի հեռախոսացանցը միացվել է «ԱրմենՏելին», իրավունք չունեին։ Երկուսն էլ սեփականաշնորհման ցանկում գտնվող ձեռնարկություններ են եղել եւ ըստ օրենքի, կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի չունենային։ Կարծիքս հայտնվել է, հաշվի չի առնվել այնքանով, որ ինձ հիմնավորել են, նույն Վահրամ Ավանեսյանը, այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար, կառավարության նիստում հստակ հիմնավորեց, որ գործող օրենքի շրջանակներում է դա կատարվում»։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան նախարար է մասնակցել կառավարության նիստին եւ թե ինչպես գիտեին նրանք օրենքները կամ ինչին էին դրանք ծառայեցնում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Հանդիպման ընթացքում ցուցադրվեց հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանի «Սարդոստայն» տեսաշարի անդրանիկ ֆիլմը «ԱրմենՏելի» մասին։ Ֆիլմում առկա փաստերն ու տեղեկություններն այնքան դիպուկ էին, որ նույնիսկ օրենսդիրներն էին ֆիլմից իրենց համար նշումներ կատարում։ Սա այն դեպքն էր, երբ լրագրողն, իրոք, ինֆորմացիայի տերն էր։ Իսկ Հայաստանի ազգային հեռուստատեսությունը հերթական անգամ եթեր չտրամադրեց մեկ հաջողված տեսաֆիլմի եւս։