Հունվարի 16-ին Երեւանում կհիմնադրվի մի նոր հասարակական կազմակերպություն: Հասարակական կազմակերպություն, եւ ոչ թե կուսակցություն, որը, առանց իսկ վայրկյան կասկածելու կարելի է ասել, տարբերվելու է մյուս բոլորից։
Բավական է նշել հիմնադիրների անունները՝ ԱԺ նախկին փոխխոսնակներ Արա Սահակյան եւ Կարապետ Ռուբինյան, քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյան, Տեր Հուսիկ քահանա Լազարյան, խորհրդարանի տնտեսական, բյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյան, մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյան եւ այլք։ ԱԺ «Հանրապետություն» միավորման պատգամավորական խմբակցության եւ ՀՀՇ-ի այս ակտիվ գործիչները հիմնադրում են կազմակերպություն, որը կոչվելու է «Եվրաճանապարհ»։ Նրանց են միացել նաեւ գործարարներ, բանկիրներ, որոնց անունները դեռեւս լայն հասարակությանը որեւէ բան չեն ասում։ Բայց, ասենք, որ նրանց շարքերում եւս հայտնիներ կան։ Օրինակ՝ «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Ռոբերտ Մավիսակալյանը։
Տեղեկանալով այս նախաձեռնության մասին, զրույցի հրավիրեցի նրա ենթադրելի առաջնորդին՝ Արա Սահակյանին, սակայն նա լիդերության խնդրին այլ մեկնաբանություն տվեց։
– Հազարից ավելի հասարակական կազմակերպությունների գոյությունը Հայաստանում վկայում է, որ մեզանում հասարակական գործունեության մեջ առողջ ամբիցիաներ ունեցող նվազագույնը հազար մարդ կա։ Նրանցից ոմանք ձախողվում են, որովհետեւ ամբիցիաները գերակշռում են գործնական մոտեցումներին։ Մեր կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ մենք իբրեւ հիմնադիրներ հավաքագրել ենք 40-ից ավելի ամբիցիոզ մարդկանց, հետեւաբար՝ այստեղ լիդերության խնդիր չկա։ Մեր կանոնադրությունը նախատեսում է, որ կազմակերպության խորհրդի նախագահի ֆունկցիան զուտ կոորդինացնող բնույթ է ունենալու։
Կարդացեք նաև
– Իսկ ի՞նչ նպատակով է ստեղծվում «Եվրաճանապարհը»։
– Մեր նպատակն է ստեղծել մի այնպիսի կազմակերպություն, որը հասարակությանը կհամախմբի ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնական ազատությունների գաղափարների շուրջ։ Կազմակերպության անվանումն իսկ արդեն խոսում է նրա նպատակների մասին։ Չնայած մեր հայկական մշակութային ինքնատիպությանը, քաղաքական, սոցիալական առումով, պատմական ուղու ընտրության առումով, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մասն է, եւ հայկական քաղաքական կյանքը պետք է զարգանա արեւմտյան դեմոկրատիայի, եթե կուզեք, այսպես ասենք՝ ստանդարտներին համապատասխան։
– Պարոն Սահակյան, բայց չէ՞ որ, ինչպես Դուք ասացիք, Հայաստանում արդեն իսկ գոյություն ունի հազարից ավելի հասարակական կազմակերպություն։ Հարկավո՞ր է, արդյոք, եւս մեկը, այն էլ 40 ամբիցիոզ անդամով։
– Կախված այն բանից, թե որքանով են տվյալ հասարակական կազմակերպության հիմնադիրները հետամուտ իրենց նպատակներին, այն կարող է կամ տարրալուծվել այդ հազարի մեջ եւ ոչ մի հետք չթողնել հասարակական կյանքում, ինչպես նաեւ կարող է առանձնանալ այդ խմբից եւ երկա՜ր ժամանակի ընթացքում իր առաքելությունն իրականացնել։ Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ասպարեզում պետք է համախմբել հասարակությանը՝ պետությանն օգնելու նպատակով, որպեսզի Հայաստանը որքան հնարավոր է սահուն եւ արդյունավետորեն ինտեգրվի եվրոպական կառույցներին, որպեսզի աշխարհում Հայաստանի նկատմամբ ճիշտ եւ անաչառ մոտեցումներ ձեւավորվեն։ Մենք փորձելու ենք հասարակությանը ճշմարտացի տեղեկատվություն փոխանցել եվրոպական միասնության, եվրոպական ընտանիքի կառույցների՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, Հյուսիս-Ատլանտյան միության գործունեության մասին։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու տարածաշրջանային անվտանգության հարցերին։
Մեր կարծիքով, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի քաղաքացիները, հասարակության ակտիվ շերտը, էլիտան պետք է նպաստեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, եւ տարածաշրջանի պետությունների միջեւ խաթարված համագործակցության վերականգնմանն ու զարգացմանը։ Ինչպես ցանկացած հասարակական կազմակերպություն, մենք էլ ենք գործունեությունն իրականացնելու պարզ հանդիպումների, այցելությունների, մեր հնարավորությունների սահմաններում, եթե հաջողվի, կազմակերպվելիք գիտաժողովների եւ այլ նախաձեռնությունների ձեւով։ Սակայն նախաձեռնողներս մի բան որոշել ենք հաստատապես. գոնե եռամսյակը մեկ «Եվրաճանապարհը» պետք է ալմանախ հրապարակի, ուր տեղ կգտնեն տեսական բնույթի պատմական, քաղաքագիտական, սոցիոլոգիական վերլուծություններ այն ամբողջի մասին, որի վերաբերյալ խոսեցինք։ «Եվրաճանապարհը» Ինտերնետում կունենա իր էջը՝ home page, որի միջոցով ցանկացողը կկարողանա ծանոթանալ մեր գործունեությանը։
– Իսկ որտեղի՞ց եք ֆինանսական միջոցներ հայթայթելու։
– Մեր աղբյուրները հաստատ կլինեն օրենքով նախատեսված շրջանակներում՝ անդամավճարներ եւ նվիրատվություններ։ Իհարկե, ցանկացած կազմակերպության ճակատագիրը նախեւառաջ կախված է այն գաղափարների եւ սկզբունքների կենսունակությունից, որոնք որդեգրվել են։ Բայց լինենք անկեղծ՝ թաքցնելիք չէ, որ գործնական արդյունքների առումով իհարկե, նյութական եւ ֆինանսական օգնությունը նույնպես կարեւոր է, թեեւ դա հիմնականը չէ։
– Պարոն Սակակյան, 96-ի նախագահական ընտրություններից եւ լիսաբոնյան հայտարարությունից հետո, Դուք քանիցս առիթ ունեցել եք հայտարարելու, որ ավելի նպատակահարմար է Ռուսաստանի հետ դաշինքը։ Ձեր օրիենտացիան փոփոխություննե՞ր է կրել։
– Խոսքը օրիենտացիան փոխելու մասին չէ։ Յուրաքանչյուր մարդ ողջ կյանքի ընթացքում ճշմարտության որոնման ճանապարհին է։ Ռուսաստանը Հայաստանի բնական եւ ամենահուսալի դաշնակիցն է, բայց Ռուսաստանն ինքն այսօր շատ գործնական քայլեր է կատարում եվրակառույցներում իր դիրքերը որոշակիացնելու ուղղությամբ։ Մենք կարող ենք եվրոպական կառույցներում ընդգրկվել օգտագործելով նաեւ ռուսաստանյան խողովակները։
Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ