Հունվարի 14-ին Գագարին ավանի բնակիչները կրկին շրջափակել էին Երեւան-Սեւան ավտոխճուղին, պահանջելով լուծել գազամատակարարման, ջրամատակարարման եւ աշխատատեղեր ստեղծելու խնդիրները։
Հիշեցնենք, որ այս շրջափակմանը նախորդել էր հունվարի 12-ի շրջափակումը, որն ավարտվել էր Գեղարքունիքի մարզպետի եւ տեղական պաշտոնյաների խոստումներով։ Այս անգամ ճանապարհի ապաշրջափակման խնդիրը դրվել էր Դավիթ Զադոյանի վրա։ Պարոն Զադոյանը գագարինցիներին խնդրեց վերացնել շրջափակումը, գնալ ավան եւ քննարկել կուտակված խնդիրները։ Արդեն մի քանի անգամ խաբված գագարինցիները հրաժարվեցին լսել բարձրաստիճան հյուրի հորդորները։ Ի վերջո, որոշվեց, որ հավաքվածների մի մասը գնում է ավան՝ ներկայացնելու առկա խնդիրները, իսկ մյուսները շարունակում են շրջափակումը։
Պրոբլեմներից ամենաառաջնայինը աշխատատեղերի բացակայությունն է։ Գագարինում նախկինում գործել են 17 ձեռնարկություններ, որոնցից եւ ոչ մեկն այսօր չի աշխատում։ Գագարինի հայտնի բյուրեղապակու գործարանի տնօրենը հայտնեց, որ ինքը մի քանի անգամ բիզնես-պլանով դիմել է կառավարությանը։ Ըստ տնօրենի, գործարանը վերագործարկելու համար անհրաժեշտ է փոխել արտադրության ուղղվածությունը եւ սկսել ապակյա տարաների արտադրություն, որի համար անհրաժեշտ է մեկ միլիոն դոլար։ Պարոն Զադոյանը առաջարկեց այդ թիվը սեղմել, որի դեպքում կառավարության անունից խոստացավ ապահովել անհրաժեշտ ոչ կոմերցիոն վարկեր։ Նախարարը նաեւ նշեց, որ Գագարինում կտեղադրվեն 40 գորգագործական դազգահներ, որոնք եւս կօգնեն լուծելու բնակչության զբաղվածության խնդիրը։
Գազամատակարարման խնդիրը Դավիթ Զադոյանը խոստացավ լուծել մինչեւ հունվարի 20-ը։ «Այս գյուղացիները երեք տարի անվճար օգտվել են գազից, սակայն այժմ հնարավոր չէ այդպես։ Պետք է մտածել նաեւ անվտանգության կանոնների մասին»։ Ներկաները բողոքեցին, որ երեք տարվա ընթացքում իրենք գազ են ունեցել այդ ժամանակահատվածում անցկացված տարբեր տեսակի ընտրություններին նախորդող երկու ամիսը։ «Պարոն Զադոյան, այսօր «Հայգազի» ներկայացուցիչը ասում է, որ անվտանգության կանոնները իրենց թույլ չեն տալիս իրենց վրա պատասխանատվություն վերցնել՝ միացնել գազը։ Իսկ 1998 թ. փետրվարին նրանց ով էր ասել, որ գային, առանց մեզ հարցնելու գազը միացնեին»,- հարցրեց ներկաներից մեկը։ «Ռոբերտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը…»,- նախարարի փոխարեն պատասխանեց դահլիճը։
Կարդացեք նաև
Ջրամատակարարման հարցը եւս պարոն Զադոյանը խոստացավ լուծել առաջիկա օրերի ընթացքում, հավաստիացնելով, որ գյուղացիները կունենան օրական երկու ժամ ջուր։ Պատմեց, որ իրենց տանն էլ է ջուրը երկու ժամով, եւ իրենք այն պահում են վաննայի եւ դույլերի մեջ։ Այս հրաշալի փորձի փոխանակումից հետո պրն Զադոյանը, փախստականների խնդրանքով այցելեց նրանց բնակավայրերը, որտեղ գազամատակարարում հնարավոր չէ խողովակաշարի բացակայության պատճառով։ Նրանց էլ նախարարը խոստացավ փայտ տալ։
«Եթե այս խոստումներս չիրականացնեմ, ապա դիմում կտամ եւ դուրս կգամ աշխատանքից»,- հայտարարեց պրն Զադոյանը։ Եվ քանի որ մեր ժողովուրդը լավ գիտի, թե մեր պաշտոնյաները, որքան են սիրում իրենց զբաղեցրած պաշտոնները, ապա ներկաները հավատացին նախարարին։ Թեեւ մի ծերունի այնուամենայնիվ ասաց. «Տասը տարի իրա նմաններն են խաբել, ինչ է եղել, այժմ էլ կարող է ինքը խաբի»։
Չորս ժամ տեւած շրջափակումը վերացվեց, Դավիթ Զադոյանը կատարեց իր գործը։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ