Հունվարի 15-ին ՀՀ կառավարության շենքը հերթական անգամ շրջափակել էին Հայկոմկուսի ղեկավարներն ու կուսակցության անդամները։ Այս անգամվա շրջափակման պատճառը ոչ միայն «ԱրմենՏելի» կողմից իրականացվող հեռախոսավարձերի բարձրացումն է, այլեւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ հայ կոմունիստները, ժամադրավայր էին եկել ցուցապաստառներով, խորհրդային դրոշներով։ Ինչպես միշտ անարգանքի սյունին գամվեցին Արմեն Դարբինյանը, Էդուարդ Սանդոյանը եւ Պարույր Հայրիկյանը, որոնք մեղադրվեցին վերջին թանկացումների եւ սոցիալական անբարենպաստ պայմանների ստեղծման համար։ Այս երեքի հասցեին հնչեցին թունդ արտահայտություններ, որոնք թերթում տպագրելու ենթակա չեն։ Ամենահետաքրքրականը, թերեւս, այն էր, որ խոսվեց ինչ-որ հեղափոխական շտաբի եւ «սեւ ցուցակի» մասին, որը սակայն կոմունիստները խոստացան հրապարակել երկուշաբթի։
«Մենք պահանջում ենք կառավարության փոփոխություն եւ սոցիալական պայմանների բարելավում։ Բավական չէ, որ հացի գումար չունենք, դրան էլ գումարվեց էլեկտրաէներգիայի եւ հեռախոսավարձերի թանկացումը»,- «Առավոտի» թղթակցին ասաց Սպանդարյան շրջանի կուսակցական քարտուղար Վլադիմիր Մակարյանը։ Իսկ ՀԿԿ-ի երիտասարդական միության անդամ Արսեն Գրիգորյանը հայտնեց, որ ժամանակին «ԱրմենՏելը» ապահովել է ամբողջ Անդրկովկասի գաղտնի կապը, իսկ այսօր այն հանձնել ենք հունական կողմին. «Այստեղ ЦРУ-ի մատը խառն է»,- ասաց զրուցակիցս։
Ա. ԼԱՎՉՅԱՆ