Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ, ՏԱՏՍ…

Հունվար 16,1999 00:00
Vahram avanesyan Artak vardanyan

Արհեստավարժ կառավարության երկու առավել արհեստավարժ նախարար՝ Վահրամ Ավանեսյանն ու Արտակ Վարդանյանը Մամուլի ազգային ակումբի կազմակերպած ասուլիսի ամբողջ ընթացքում փորձում էին կատարելագործել «ԱրմենՏելի» շուրջ հյուսվող «հեքիաթային» պսակը։ Ստացվեց բանահյուսական զարմանահրաշ մի պատկեր, երբ լրագրողների հարցերը նախարարները չէին հասկանում, իսկ նախարարների պատասխանները պարզապես երկարաշունչ էին եւ ներեցեք՝ գրեթե ոչինչ չասող։

Մի բան ակնհայտ էր, սակայն դարձյալ նորություն չէր։ «ԱրմենՏելի» գործարքը երկու նախարար փորձում էին կրծքով պաշտպանել (բառացի չհասկանալ) եւ մեզ էին ներկայացնում ոչ թե «մեղմացուցիչ դեպք հանցանաց», այլ՝ անթաքույց գովեստ. «Գործարքը փայլուն է»։ Եվ, իբրեւ ասվածի ապացույց, բերվում էր մի քանի օրինակ։ Ասենք սա. «Մինչ օրս Հայաստանում նման հնարավորություն, ուղղակի փողոցից զանգել, ենթադրենք, Վաշինգթոն կամ Սիեթլ, կամ Փարիզ՝ չի եղել։ Այսօր դա կա, դա նշույլ է բարեփոխումների»։

Դառնանք, գոհություն տանք Աստծուն, որ փողոցից կարող ենք խոսել, բայց տնից եւ աշխատատեղերից՝ ոչ այնքան։ Հիմա կրկին դառնանք նախարարներին։ Առավել մանրամասն չենք ուզում ներկայացնել նրանց խոսքը, քանի որ այս օրերին նրանց (մասնավորապես կապի եւ հեռահաղորդակցության նախարարի) բոլոր ասածները գրվել են, հնչել են, ցուցադրվել։ «Առավոտին» հետաքրքրում էր հետեւյալը։ Արտակ Վարդանյանի պնդմամբ, հեռախոսային սակագների բարձրացման մասին որոշումը հայտնի էր 1998-ի մարտից։ Հետաքրքիր է, այդքան վաղ իմանալով հանդերձ, բյուջետային հիմնարկների համար 1999-ի բյուջեում հստակ հատկացումներ չեն արվել։ Փաստորեն, բյուջեն կազմվել է առանց թանկացումները հաշվի առնելու։ Ինչո՞ւ։ Հարցը սկզբում մի լավ ծանրութեթեւ արվեց, թվաց, թե նախարարներն այն չեն ուզում հասկանալ։ Ի վերջո, միահամուռ ուժերով մոտավորապես ասվեց հետեւյալը. շատ բյուջետային հիմնարկ-ձեռնարկություններ անթիվ հեռախոսահամարներ ունեն եւ շատ էլ խոսում են, թող կրճատեն իրենց համարները եւ քիչ խոսեն։ «Առավոտն» առաջարկում է. «ԱրմենՏելին» (եթե նա է մնալու մենատերը) հաշվիչներ տեղադրել նախարարների եւ կառավարական այլ հեռախոսագծերին եւ պարզել, թե ո՞վ է իսկապես շատախոսը։

«ԱրմենՏելի» շուրջ այս ամբողջ աղմուկը առաջիկա ընտրություններին կապելը նախարարներին խիստ սրտամոտ էր։ Նրանց ասելով՝ սակագների բարձրացման մասին առավել խոսվել է 1998-ի մարտ-ապրիլից, սակայն հարցն արձագանք չի գտել, «որովհետեւ ընտրությունները հեռու էին»։ Ըստ կապի եւ հեռահաղորդակցության նախարարի՝ «ճիշտ կլիներ այս սակագինը մտցնել անցյալ տարվա ապրիլին, այս պահին դա ճիշտ չէր»։ Ըստ պրն Ավանեսյանի, սեփականաշնորհման գործընթացում առավել խայտառակ փաստեր կան, բայց աղմուկ չի բարձրանում։ Օրինակ, մի շենք վաճառվել է 1 քմ-ն 25 սենթով, երբ դրա իրական արժեքը 1000 դոլար է 1 քմ-ի համար։ Հավանաբար այդ պահին ոչ նախագահ էինք ընտրում, ոչ էլ ԱԺ պատգամավոր։

Դառնանք մխիթարվենք, որ ըստ պրն Ավանեսյանի ունեցած տվյալների, Արգենտինայում եւս, նոր հեռախոսագիծ անցկացնելն արժե 1000 դոլար, «իսկ մեզ մոտ գներն ավելի համեստ են»։ Իսկ կապի նախարարն այն կարծիքին էր, «որ այս գնին» կարելի էր հասնել աստիճանաբար, կամաց-կամաց։ Միանգամիցն է այսպես, ամեն ինչ իրար խառնել, բայց. «Այսօրվա վիճակով այս գինը չի կարելի համարել շատ բարձր, իհարկե, եթե մենք խոսում ենք համեմատության մասին, եթե համեմատենք տարբեր երկրների հետ»։ Աշխարհի հետ համեմատություններ անելիս, պրն Վարդանյանը մոռացավ հեռախոսի սակագինը համեմատել ժողովրդի գրպանի պարունակության հետ։ Իսկ րոպեավճարի ներմուծումը դադարեցված է միայն մեկ ամսով. «Մեկ ամսվա ընթացքում մենք պետք է որոշենք րոպեավճարի ընդունման սխեման եւ ընթացակարգը։ Մինչեւ այդ որոշումը ամեն ինչ սառեցված է այդ ուղղությամբ։ Դրանից հետո մենք ընտրելու ենք դրա ընդունման ժամանակացույցը եւ ձեւը։ Մինչեւ տարեվերջ մենք կարող ենք դուրս գալ ընդունված մակարդակի, սկսելով զրոյական հաշիվներից, աստիճանաբար դրանք հասցնելով մինչեւ ընդունված մակարդակը»։ Այսպիսով, կառավարությունը հայտարարեց, որ մինչեւ տարվա վերջ իրենք դուրս կգան «ութ դրամի վրա, բայց շատ մեղմ ձեւով»։

Արհեստավարժությունն աստիճանաբար է կատարելագործվում, կառավարության ներկայացուցիչներն էլ մարդ են, չէ՞։ Հեքիաթի վերջում մի-մի բջջային հեռախոս ընկավ բոլոր նրանց, ովքեր հեքիաթներին չեն հավատում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. «Առավոտը» կանանց հասարակական կազմակերպություներին խոստացել էր հարցնել, արդյո՞ք կապի եւ հեռահաղորդակցության նախարարը պատրաստվում է իր քմծիծաղի համար ներողություն խնդրել կանանցից։ Պարզեցինք, որ նախարարը բոլորովին ջենթլմեն չէ եւ չի էլ պատրաստվում հանրապետության կանանցից ներողություն խնդրել։ Նրա պատասխանն էր՝ «ոչ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031