Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՆԱՑ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ

Հունվար 16,1999 00:00
Aram Sargsyan

ԱՄՆ կառավարությունն ու անձամբ Բիլ Քլինթոնը դեռ չգիտեն իրենց գլխի գալիքը. երեկ հասարակական էքսպերտային հանձնաժողովը (ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանի նախագահությամբ) քննարկեց ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության խնդիրը։ Լեւինսկու մատն այստեղ դժվար թե խառը լինի, սակայն մեր հանձնաժողովը նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո, Իրաքի ռմբակոծումներն ավարտելուց հետո, «Вот вернется Наталия – скажет свое мужское слова»:

Իսկ մինչ այդ Արամ Սարգսյանը ներկայացրեց, թե նման քննարկումները որքան կարեւոր են։ Կարեւորը, որ քննարկման ժամանակ հնչել է, այն է, թե «Հայաստանն այն պետություններից է, որն ազնվորեն եւ շատ պարզ պետք է ներկայացնի աշխարհին իր արտաքին քաղաքականությունը։ Այսինքն՝ մենք խաղ չպետք է խաղանք աշխարհի հետ»։

Պրն Սարգսյանը պարզունակության կոչ չարեց, ո՛չ։ Բայց դրա հետ մեկտեղ. «Մենք պետք է կարողանանք հստակ ներկայացնել, թե Հայաստանն ինչպիսի քաղաքական գիծ է վարելու»։ Նման քաղաքականությունն ավելի անվտանգ է, քան աշխարհի հետ խորամանկելու փորձը։ Թե նիստի ընթացքում (կամ հետո) որեւէ գործնական եզրակացություն արվեց, թե ոչ, պրն Սարգսյանը քաղաքավարի ժպտաց եւ խոսեց կոնֆիդենցիալություն երեւույթից, ապա ազգային անվտանգությունը մեջտեղ բերեց՝ հիմնավորելով իր գաղտնապահությունը։

«Որ ասում եմ՝ ե՛ս, Արուսը հետս ա»

Արամ Սարգսյանը լրագրողներին հայ ժողովրդի համար բախտորոշ ու անկյունաքարային տեսակետներ հայտնեց։ Մտքերը շատ թարմ են եւ անտիպ, այնպես որ ստորեւ ներկայացնում ենք. «Մենք շատ կարեւորեցինք Միացյալ Նահանգների դերն այս տարիների ընթացքում, նրանց կողմից ներկայացված մարդասիրական օգնությունը։ Բայց մենք դա աբսոլյուտի չենք հասցնում եւ գտնում ենք, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված քաղաքականություն»։ Մեր կարծիքով…, ըստ մեզ…:

Այսպես էին սկսվում պրն Սարգսյանի նախադասությունները՝ ավետելով նոր մտքերի ծնունդը եւ նոր աշխարհակարգի ձեւավորումը։

Ղարաբաղի եւ նրա շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների վերջին փաթեթը հիմնավորապես նախորդից տարբեր համարեց պրն Սարգսյանը։ Եվ որպես հիմնավորում բերեց այն փաստը, թե նախ՝ ինքն անձամբ համեմատել է այդ երկու փաստաթղթերը, երկրորդ՝ Ադրբեջանը մերժել է առաջարկությունների այդ փաթեթը։

Ինչ վերաբերում է նախկին եւ նոր իշխանությունների՝ ԱՄՆ-ի հետ իրականացվող քաղաքականության տարբերություններին, պրն Սարգսյանի կարծիքով, դրանք զգալի են (Հօգուտ նոր իշխանությունների- Լ. Ա.)։

Նման հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության մասին առայժմ դժվար է խոսել, քանի որ հանձնաժողովն ունի միայն խորհրդատվական խնդիր, իսկ տարվող քաղաքականությունը որոշում է նախագահը։ Էլի շատ կարեւոր բաներ ասաց լրագրողներիս պրն Սարգսյանը։ Էնպես որ, Միացյալ Նահանգները թող իմանա ու էնպես չանի, որ հանձնաժողովը «բռնի ու կատաղի»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031