Կուզենայի իննամյա թոռնիկիս թիվ 1 մանկական հիվանդանոցից դուրս գրելուց հետո շնորհակալական ջերմ խոսքեր գրել վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ս. Ս. Ասլանյանի եւ անձնակազմի մասին։
Բայց ստացվեց լրիվ հակառակը։ Եվ հիմա զայրույթով եմ գրում այս ամենը՝ խոսքս ուղղելով նրանց։ Հեռացրին թոռնիկիս «կույրաղիքը»։ Դուրս գրելը, մեզ համար անհասկանալի պատճառներով, երկարեց։ Երեխան տանը մնաց այնքան օր, ինչքան իրենք հրահանգել էին, հետո դասի գնաց։ Եվ նոյեմբերի 24-ին կրկնվեցին բացարձակապես նույն ցավերը, ինչ-որ վիրահատությունից առաջ։ «Արաբկիր» մանկական հիվանդանոցում ստուգումները ցույց տվեցին, որ միզապարկում քար կա։ Փաստորեն, վիրահատությունը եղել էր լրիվ ավելորդ։
Հարկ համարեցի հանդիպել բժշկին եւ արտահայտել իմ վրդովմունքը։ Նա փորձում էր համոզել իր իրավացիությունը՝ մեջ բերելով բժշկական տարբեր տերմիններ։ Բայց կարծում եմ, տերմիններ իմանալ եւ մասնագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ վիրահատությունը եղել է ինքնանպատակ, եթե դրանից հետո նորից կան նույն ախտանշանները։ Ուրեմն՝ առանց ճշգրիտ ախտորոշման, հիվանդից շահույթ կորզելու նպատակով, շտապում են հիվանդին վիրահատել։ Կարծում եմ եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ նաեւ, որ այս արատավոր երեւույթը սկսել է հաճախակի դառնալ Հիպոկրատի սպասավորների պրակտիկայում։
Մեր դաստիարակությունը թույլ չի տալիս ավելի խիստ խոսքեր ասել Ս. Ասլանյանին։ Վերջերս էլ իմացա, որ նույն օրը վիրահատած մեկ այլ երեխայի, որը եղել է նույն հիվանդասենյակում, դուրս է գրել որպես լրիվ ապաքինվածի, սակայն մի քանի օր հետո վիրահատել է երկրորդ անգամ՝ վերքի խիստ թարախակալման պատճառով։
Կարդացեք նաև
Մնում է եզրակացությունը՝ SOS պետք է հնչեցնել նմանների մասին եւ ախտորոշել՝ բորբոքված «կույր» աղիք, որին շտապ վիրաբուժական միջամտություն է պետք։
ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ