Հարցազրույցը հոգեբույժ Հարություն Մինասյանի հետ կայացավ իր իսկ առաջարկով:
-Քաղաքի կենտրոնից հանվեց հնաշուկան։
-Նույնիսկ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում գոյություն ունեն հնաշուկաներ, որոնք կոչվում են «լվի» շուկաներ, ուր անգամ լու կարելի է գտնել։ Ռուսաստանում բառախոլկաները (հնոտիք) գործում էին նաեւ խորհուրդների ժամանակ։ Երեւանի հնաբնակները լավ են հիշում, որ ներկայիս «ԳՈՒՄ»-ի շուկայի տարածքում կար «սեւ» շուկա, ուր մարդիկ ձեռք էին բերում ամեն ինչ։ Հայտնի է, որ ճանապարհներն ու շուկաներն առաջանում են ինքնաբերաբար։ Վերջին տարիների սոցիալ-տնտեսական պայմանների դժվարեցման հետ ինքնաբերաբար առաջացավ, վերածնվեց «սեւ» շուկան, այս անգամ արդեն՝ «քրջի բազար» անունով (Գրիբոյեդովի արձանի հարեւանությամբ)։ Այստեղ կարիքավորները, հիմնականում՝ ծերերը, թոշակառուները, գործազուրկները, հաշմանդամները վաճառում էին իրենց համար ոչ անհրաժեշտ (գուցեեւ շատ անհրաժեշտ – Գ.Ա.) գործիքներ, կենցաղային իրեր եւ այլն։ Բնականաբար (էժանության պատճառով), գնորդը եւս սոցիալապես անապահով խավն էր։ Ինքս էլ շաբաթը մեկ անգամ այցելում էի այդ շուկան՝ գրքեր, իմ ստեղծած բժշկական թանգարանի համար անհրաժեշտ ցուցանմուշներ գնելու, կենցաղային այլեւայլ պարագաներ, պահեստամասեր, որ չես գտնի ոչ մի խանութում։
-Բայց չէ՞ որ տուժել էր տարածքը, վերացել էին գազոնները, տխուր տեսարան էր։ «Սեւ» շուկան չի արգելվել, տեղափոխվել է եւ աչքից հեռու գործում է։
Կարդացեք նաև
-Այո, շուկան բաժանվել է երեք մասի։ Անվճար մասը գործում է Հանրապետական մարզադաշտի, երկրորդը՝ Հայմամուլի շենքի, իսկ երրորդը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարեւանությամբ՝ երկու օր վճարովի պայմանով։ Վատ տնտեսուհիների նման ենք վարվել. աղբը ոչ թե թաքցնել, այլ մաքրել է պետք։ Բացի այս, ժողովուրդը խոսք ունի՝ «աչքից հեռու, սրտից հեռու»։ Աչքից հեռացնելով, չլուծեցինք հարյուրավոր կարիքավորների խնդիրները։ Նախկին տեղը հարմար էր այն իմաստով, որ գտնվում էր տրանսպորտային միջոցների եւ մետրոյի հարեւանությամբ, ինչը հեշտացնում էր երկու կողմերի վիճակը, չէ՞ որ նրանք ամեն ինչ ձեռքով էին տեղափոխում, երկրորդ՝ զբոսայգին սալապատ էր, որը հնարավորություն էր տալիս գետնաքարշ առեւտուրն իրականացնել տարվա բոլոր եղանակներին, ինչը անհնար է Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ, շինարարական աղբի ու ցեխի մեջ կորած նոր տարածքում։ Փաստորեն, այս դժբախտ մարդկանց համար, որ «մի փոր» հացի փող էին վաստակում, ստեղծվեցին անտանելի պայմաններ։
-Ի՞նչ եք առաջարկում։
-Առաջարկում եմ վերնիսաժի՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարող հատվածը, որտեղ նրանց թույլ են տալիս շաբաթ եւ կիրակի օրերը առեւտուր անել՝ մեկ տեղին 50-100 դրամ վճարելով, թույլատրել կազմակերպել ամենօրյա, անվճար հնաշուկա։ Այլապես ստացվում է, շաբաթ եւ կիրակի օրերին մեր դժբախտությունը հանրությանը կարելի է ցուցադրել վճարելով, մնացած օրերին՝ արգելվում է։ Կարծես մայրաքաղաքի այցելուները Հանրապետության հրապարակի տարածք գալիս են միայն աշխատանքային օրերին։
-Չէ՞ որ նախկին տարածքը վերածվել էր վատ բարքերի օջախի եւ նույնը կկրկնվի ավելի ակնառու վայրում։
-Դեմ չեմ, հնաշուկայում մի քանի տեղով վաճառվում էր ինքնաթոր օղի, որն այգին վերածում էր հարբեցողների հավաքատեղիի, շրջում էին սակավամիտ ու թեթեւ վարքի տեր մարդիկ, սակայն չմոռանանք՝ նրանք եւս մեր համաքաղաքացիներն են եւ հնաշուկայի տեղափոխմամբ նրանց պրոբլեմը չլուծվեց։ Մշտական գործող հնաշուկան հեռու էր, եթե չասենք՝ դուրս էր մնացել սանմաքրման հիմնարկների ուշադրությունից, եւ կուտակվել էր մեծ քանակությամբ աղբ, ինչն ավելի ողբերգական էր դարձնում տեսարանը։ Կարելի էր այն քաղաքակիրթ ձեւով կազմակերպել։ Հարկ էր, որ մշտապես պահպանվեին հասարակական կարգն ու կանոնները, լինեին հերթապահող ոստիկաններ եւ հավաքարարներ։
Զրույցը վարեց
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ