Այսօր մեր եկեղեցականները որոշել են զբաղվել երեխաներով եւ պետական դպրոցում կրոնական դոգմաներ դասավանդել: Արդյոք դա թույլատրելի՞ է իրավական տեսակետից: Իհարկե: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը փոխել Սահմանադրության համապատասխան հոդվածը: Ճիշտ է, այդ դեպքում մենք ստիպված կլինենք հրաժարվել քաղաքակիրթ երկրների ընտանիք մտնելու գաղափարից՝ այն պարզ պատճառով, որ այնտեղ ընդունված է դպրոցը եկեղեցուց բաժանելու սկզբունքը:
ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՎԱ՞ՏՔ
Զորանոցային սոցիալիզմի պետությունը ստիպում էր քաղաքացիներին չհավատալ: Խորհրդային իշխանության առաջին տարիներին գրեթե ամբողջ հոգեւորականությունը ոչնչացվել էր: Իսկ այսօրվա բարեկեցիկ եւ ինքնավստահ կղերականը, հանդես գալով գրեթե պետական կրոնի անունից, հայտարարում է. ոչ ոք չհավատալու իրավունք չունի: Ավելին՝ նա պնդում է, որ բոլորը հավատան այնպես, ինչպես որ ինքն է պահանջում: Բոլորովին այլ տեսակետ է պաշտպանում ժողովրդավարական ավանդույթը՝ հավատալը ամեն մեկի անձնական գործն է: Այլ կերպ ասած, յուրաքանչյուրն անձ լինելու իրավունք ունի:
Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ