Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան դեմոկրատիայի պատը

Հունվար 15,1999 00:00
amn despanutyun

ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը լրագրողներին հրավիրել էր ասուլիսի։ Հրավիրելը մի բան է, հյուրին ներս թողնելը՝ բոլորովին այլ։ Դեսպանատան պահապանները լրագրողներին այս ու այն կողմ էին ուղարկում. «Մուտքից հեռու գնացեք, մեկ-մեկ մտեք»։ Մտնելը՝ մտանք, բայց մի լավ քրքրեցին պայուսակ ու գրպան, բոլորին մետաղազերծեցին։

Գոհանանք այն բանով, որ պրն դեսպանը ասուլիսը սկսելուց առաջ գոնե բառացի ներողություն խնդրեց անհանգստության եւ «ինսպեկցիաների» համար։ Իհարկե, կարելի է մտածել, որ ԱՄՆ դեսպանատների վրա, աշխարհի մեկ-երկու երկրում, վայրենի հարձակումները մի լավ վախեցրել են ամերիկացիների աչքը։ Բայց մենք ի՞նչ պետք է սովորենք ավագ եղբոր այս պահվածքից։ Մանավանդ, ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Մայքլ Լեմոնի երազանքն է, որ Հայաստանը դառնա շարժիչ պետություն տարածաշրջանում։ Ըստ դեսպանի, Հայաստանն իր մարդկային պոտենցիալը դեռեւս լրիվ չի օգտագործել։ Այս ամենից հետո հայտնվեց, թե ո՞րն է Հայաստանում ԱՄՆ-ի վարած քաղաքականության ամենահիմնական նպատակը. «Այն է, օգնել կառուցելու ապահով, ժողովրդավարական, բարգավաճող եւ անկախ Հայաստան, որը խաղաղ ապրում է իր հարեւանների հետ եւ տնտեսապես ու քաղաքականապես ինտեգրված է տարածաշրջանի եւ աշխարհի հետ»։ Ինտեգրացվելը իհարկե քաղաքակիրթ ձեւեր է ենթադրում, սակայն ԱՄՆ դեսպանատան դիմաց հաստ բետոնասալերը շատանում են։ Հայաստանում ամերիկացիների համար ներքին վտանգ չկա, «սակայն, ինչպես տեսանք աշխարհը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում եւ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում»։

Արտաքին քաղաքական եւ այլ հարցեր

ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը համբերատար պատասխանեց լրագրողների բազմաբնույթ եւ բազմաթիվ հարցերին։ «Ազատություն» ռ/կ թղթակցի հարցին. «Ինչպե՞ս են Միացյալ նահանգները վերաբերվում Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությանը, որը այսպիսի ձեւակերպում ունի՝ համալրացման սկզբունքով հարաբերություններ պահպանել…», պրն դեսպանը պատասխանեց. «Ես լիովին համաձայն եմ այն քաղաքականությանը, որը ներկայացրել է պրն Օսկանյանը։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավական լիբերալ է եւ քաղաքակրթված»։ Ըստ դեսպանի, տարածաշրջանային քաղաքականության մեջ չպետք է լինեն պարտվողներ եւ հաղթողներ. «Մենք լիովին հասկանում ենք Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը շատ կարեւոր է եւ միեւնույն ժամանակ կարծում ենք, որ Հայաստանի հարաբերությունները պետք է բարելավվեն նաեւ մի շարք երկրների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի երկրները։ Ես համաձայն եմ, որ համալրման քաղաքականությունը համապատասխանում է Հայաստանի շահերին, ինչպես նաեւ տարածաշրջանային շահերին»։

Պրն դեսպանը հույս ունի, որ Հայաստանում անցկացվելիք ԱԺ առաջիկա ընտրությունները կանցնեն ազատ ու արդար, մանավանդ «ընտրական օրենսգրքի բոլոր տարբերակներում կարծես թե կան մոտեցումներ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»։

Հայերը Ամերիկայում

Անցյալ տարի ԱՄՆ ժամանակավոր մեկնելու խնդրանքով դեսպանատուն են դիմել 14 հազար հայեր, նրանց կեսին տրվել է մեկնելու թույլտվություն։ Ենթադրվում է, որ այս տարի շուրջ 20 հազար հայ կդիմի ԱՄՆ մեկնելու (ժամանակավոր) խնդրանքով։ Ամերիկացիներն իհարկե հպարտ են, որ այդքան մեծ հետաքրքրություն կա իրենց երկրի նկատմամբ։ Մեկնելու համար դիմողների գործը հեշտացնելու նպատակով դեսպանատունը գործողությունների պարզեցում է կատարել, սակայն մեկնելու թույլտվություն տալու մոտեցումները չեն փոխվել։ Ժամանակավոր մեկնելու առավել հեշտացված տարբերակ է սպասվում նրանց, ովքեր մեկ անգամ արդեն եղել են ԱՄՆ-ում՝ վեց ամսից պակաս ժամանակով, 65 տարեկանից բարձր այն անձինք, ովքեր առաջին անգամ են դիմում մեկնելու խնդրանքով, նրանք, ովքեր վիզա ունեցել են, բայց չեն օգտագործել։ Հյուպատոսարանում հնարավոր կոռուպցիայի մասին հարցին պատասխանելիս ԱՄՆ հյուպատոսն ասաց, թե մեկնելու թույլտվության վերջին խոսքը իրենն է, իսկ ինքը երբեք վիզա չի տա մեկին, որը կաշառք է խոստացել։ Եթե հանկարծ որեւէ հայ լրագրող ուզի իր արձակուրդը (եթե ունի) ԱՄՆ-ում անցկացնել՝ no problem!

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. ԱՄՆ դեսպանատունը նոր տարվա եւ սբ. Ծննդյան օրերին այս տարի դրսում տոնածառ չէր զարդարել, սակայն ներսում երեք տոնածառ կար։ Գյումրիի մանկատնից էլ երեխաներ են եկել եւ այդ օրերին ուրախացրել ամերիկացիներին։ Իսկ Բիլ Քլինթոնի իմփիչմենթի վերաբերյալ դեսպան Մայքլ Լեմոնի անձնական կարծիքը ավելի քան հասարակական էր. «Սա այն ձեւն է, ինչպես նշված է Սահմանադրության մեջ եւ լինում է այնպես, ինչպես որ պետք է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031