Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՆՃԱՐԱԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, «ԳԻՇԱՏԻՉ» ՉԻՖԹԱԼԱՐՅԱՆԸ ԵՎ «ԽԱԲԵԲԱ» ՊԱՎԼԻԿԸ

Հունվար 15,1999 00:00
Norik muradyan

Նորիկ Մուրադյանը մեղադրում է նախկիններին

Տասնամյա վաղեմության Սպիտակի երկրաշարժը մի շարք խորհրդանիշեր թողեց մեր հիշողության մեջ։ Սպիտակի շրջանում, թերեւս, ամենասիմվոլիկ կերպարը Նորայր Մուրադյանն է։ Մի քանի տարի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները շրջանում ղեկավարելուց հետո Մուրադյանը լքեց Հայաստանը, հաստատվեց Մոսկվայում, ստեղծեց «Ռոսվնեշտորգ» միավորումը, դառնալով Մոսկվայի ամենահայտնի հայ գործարարներից մեկը։ Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց պարոն Մուրադյանի հետ։

-Պարոն Մուրադյան, երկրաշարժի տասնամյակին դուք երկար ընդմիջումից հետո եղաք ձեր հայրենի Սպիտակում։ Եթե չեմ սխալվում, հիմնական նպատակը Նիկոլայ Ռիժկովի արձանի բացման արարողությանը մասնակցելն էր։ Արձանի կանգնեցումն ինքնին մի շարք տարաձայնություններ է առաջացրել, ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։

-Այո, ես իսկապես երկար եմ բացակայել Հայաստանից, որտեղ ծնվել եւ բնակվել եմ հիսուն տարի, որտեղ երեսուներեք տարի աշխատել եւ իմ ուժերի ներածին չափով կերտել եմ։ Երկրաշարժի տասներորդ տարելիցին ես եկա Սպիտակ, իմ տուրքը տալու մեր ազգի վերջին շրջանի ամենամեծ ողբերգությանը։ Միաժամանակ մասնակցեցի Նիկոլայ Ռիժկովի կիսանդրու բացման արարողությանը։ Արձանի կառուցման եւ պատրաստման նախաձեռնությունն իմն է, ինքս էլ ֆինանսավորել եմ ողջ ընթացքը։ Պատճառը մեկն է՝ հայ ժողովուրդը իր շնորհակալության խոսքը պետք է ասեր ռուս ժողովրդին. Ռիժկովից ավելի սիմվոլիկ դեմք այս առումով չկա։ Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե իբր Նիկոլայ Իվանովիչը զուտ ի պաշտոնե է ցույց տվել վերոնշյալ օգնությունը, հավատացեք, ես շատ եմ շփվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կարող եմ տարբերել ի պաշտոնե արածը զուտ մարդկային սրտացավությունից եւ իսկական խիզախությունից, որովհետեւ այն ժամանակ նա արեց շատ «անթույլատրելի» գործողություններ, որոնց արդյունքում մենք ռեալ օգնություն ստացանք։ Օրինակ, առանց քաղբյուրոյի հետ համաձայնեցնելու արտասահմանյան ինքնաթիռների անարգելք վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում։

-Երկար ընդմիջումից հետո ինչպե՞ս գտաք Սպիտակը։ Որպես շրջանի նախկին ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա ղեկավարության վարած աշխատանքները Սպիտակում։

-Սպիտակ հասնելով՝ ես նախ հիշեցի իմ հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներն այն մարդկանց կողմից, ովքեր այսօր որոշում են Սպիտակի բախտը։ Եվ բնական է, ապշեցի, տեսնելով, որ կիսատ թողած շենքերի շինարարությունը ոչ միայն չի ավարտվել, այլ ընդհակառակը։ 1989 թվականին բերված թանկարժեք տեխնիկայի եւ սարքավորումների հետքն անգամ չկա, չկան թռչնաբուծական ֆաբրիկան, ջերմոցային տնտեսությունը, կարի արտադրամասերը, անասնագոմերը, նորակառույց կաթսայատները, սեյսմակենտրոնի գերթանկարժեք չափիչ գործիքները եւ շատ ու շատ այլ արժեքավոր սարքավորումներ։ Իրավիճակն ինձ հասկանալի է։ Եթե հանրապետության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կառավարման ողջ ընթացքում երկու անգամ է եղել աղետի գոտում՝ մեկը հուշարձանի բացմանը, մյուսը՝ իր նախընտրական կամպանիայի կապակցությամբ (այստեղ պրն Մուրադյանի տվյալները սխալ են -խմբ.), էլ ով է զբաղվելու աղետի գոտու հարցերով. անճարակ Խաչիկ Ստոմբոլցյա՞նը, գիշատիչ Չիվթալարյա՞նը, թե՞ խաբեբա Պավլիկ Ասատրյանը։

Աղետի գոտու հաշվին նրանք շատ կարճ ժամանակահատվածում դարձան նորահարուստներ, ժողովրդավարության անվան տակ քարուքանդ արեցին այն, ինչ հնարավոր էր դեռ փրկել, դրա հետ էլ ժողովրդի գիտակցությունից վերացրին իսկական դեմոկրատիայի ցանկությունը։ Իմիջիայլոց, վերջերս լույս տեսած իմ գրքում՝ «Սպիտակ։ Երկրաշարժի էպիկենտրոն։ Փաստեր», այս շրջանի մասին բավական մանրամասն փաստավավերագրական նյութեր կան եւ հետաքրքրվողները կարող են իմ խոսքի հավաստիությունը ստուգել փաստաթղթերի տպագրված պատճեններով։ Ես վաղուց չեմ բնակվել Հայաստանում, բայց մշտապես օգնել եմ սպիտակցիներին, «Ղարաբաղ» հայրենակցական միությանը, հանրապետությունում բացել եմ «Ռոսվնեշտորգի» մասնաճյուղ եւ 1993-94 թթ. օգնել մթերքով։ Մոսկվա աշխատանքի եկած բազմաթիվ հայերի օգնել եմ թե՛ ֆինանսապես, թե՛ աշխատանքով։ Ակտիվ մասնակցել եմ տեղի համայնքի բոլոր աշխատանքներին։

-Պարոն Մուրադյան, Հայաստանի նախկին իշխանությունները, ըստ տարբեր լուրերի, ձեզ հետ շատ վատ են վարվել։ Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։

-Այո, իսկապես, դա եղել է։ Սպիտակում իմ աշխատած երկու տարիների ընթացքում, երբ Լեւոնը եղավ Սպիտակում, նա ՀՀՇ-ի վագոն-տնակում բարձրացրել էր այն հարցը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ես հեռանամ Սպիտակից։ Այդ նպատակին հասնելու համար ճնշումներ գործադրվեցին նույնիսկ ընտանիքիս անդամների նկատմամբ։ Զինված մարդիկ եկան եւ հարկադրեցին ուղղաթիռով, որ մենք շրջկոմը փակենք։ Ես այն ժամանակ պատասխանեցի, որ քաղաքականությամբ զբաղվեք Երեւանում, մի խանգարեք մեզ աշխատել։ Լեւոնը ինձ հրավիրեց Երեւան, ես չգնացի։ Նա էլ սուտ լուրեր էր ստանում Պավլիկ Ասատրյանից։ Հետագայում Մոսկվայում բնակվելիս երեք տարի հետապնդվել եմ Երեւանից՝ պատճառն այն էր, որ ես անընդհատ բարձրացնում էի աղետի գոտում կառուցման աշխատանքներ կատարելու հարցը։ Մեր կազմակերպած շինարարական բազայի հզորությամբ այս ընթացքում կարելի էր երկու Հայաստան կառուցել։ Բայց Լեւոնի վարած քաղաքականության պատճառվ շինարարները հեռացան Հայաստանից։

-Իսկ Հայաստան վերադառնալու ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ձեզ համար։

-Իմ վերադարձի համար պետք է լինի համապատասխան աշխատանքային հրապարակ, որպեսզի ես իմ հնարավորություններով ավելի օգտակար լինեմ մեր ազգին, պետությանը։

Զրույցը վարեց ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031