Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարության եւ միասնության» ձմռան քունը

Հունվար 15,1999 00:00
Aleqsandr Agamalyan

Վաղուց է, որ ոչ մամուլում, եւ ոչ էլ քաղաքական շրջանակներում որեւէ խոսք չկա

«Արդարություն եւ միասնություն» համագործակցության մասին։ Հիշեցնեմ, որ դա Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում պաշտպանած դաշինքն է, որի կազմում ի սկզբանե ընդգրկված էր 5 կազմակերպություն՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական կուսակցությունը, Սոցուժերի միությունը, «Երկրապահը» եւ ԳիԱրՔՄի-ն։ Հետո «Արդարությանն ու միասնությանը» միացան Հայդեմկուսը եւ ՍԻՄ-ը՝ վերջինս դիտորդի կարգավիճակով, իսկ ավելի ուշ «Արցախ-Հայաստան» միությունը եւ Երիտասարդական կազմակերպությունների դաշինքը։ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության կազմում ձեւականորեն ընդգրկված կազմակերպությունների թիվն այսօր անցնում է 70-ից, բայց որեւէ քաղաքական միասնական շարժ նրանց շրջանակներում նշմարելի չէ։

Այս առիթով էլ զրույցի հրավիրեցի «Արդարություն եւ միասնություն» համագործակցության խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններից մեկի՝ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանին։ Նրա վկայությամբ «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը գործում է, «թեպետ որոշ ժամանակ նիստեր չեն եղել։ Որքան ես հիշում եմ, դեկտեմբերին, միգուցե առաջին կեսին «Արդարություն եւ միասնությունը» նիստ գումարել է»։

Ալեքսանդր Աղամալյանը մատնանշում է նիստեր չգումարելու երկու պատճառ։ Վերջին անգամ «ԱՄՀ» ներկայացուցիչները հանրապետության նախագահին հանդիպել են նոյեմբերին եւ քննադատություն հնչեցրել կառավարության հասցեին ու քաղաքական գործընթացների վերաբերյալ. «Նախագահն առաջարկեց, որպեսզի այդ քննադատությունը լինի համակարգված եւ հետեւողական, խոսենք իր նախընտրական ծրագրերի շուրջ։ Այսինքն՝ վերցնենք նախընտրական ծրագիրը, հանդիպենք ու տեսնենք այն որքանո՞վ է կատարվել, որքանո՞վ է կատարվում եւ որքանո՞վ չի կատարվել»։ Համաձայնելով առաջարկին, ԱՄՀ-ականները նամակով դիմել են նախագահին, որպեսզի տվյալներ ներկայացվեն իրենց՝ խոսակցությունն առավել առարկայական հիմքերի վրա ծավալելու համար։ Պարզվել է, որ նման ամփոփ տեղեկատվություն գոյություն չունի, ուստի շուրջ մեկ ամիս ձգձգվել է անհրաժեշտ տվյալների տրամադրումը։ Բայց արդարության եւ միասնության կողմնակիցներին ավելի ուշ փոխանցված տվյալների փաթեթը, ինչպես Ալեքսանդր Աղամալյանն է ներկայացնում, բավականին զորեղ եւ ծանրակշիռ է եղել, ուստի դրա ուսումնասիրության համար պահանջվել է հավելյալ ժամանակ։

Կարդացեք նաև
ԼԱՎ ԼՈՒՐ

Հիմա լսենք, թե որն է «Արդարություն եւ միասնություն» համագործակցության շաբաթական պարբերականություն ունեցող նիստերի՝ միայն ամսական կամ ավելի ուշ հրավիրվելու ռիթմ ձեռք բերելու երկրորդ պատճառը. «Որոշ պրոբլեմներ լուծվում են Քաղաքական խորհրդում, եւ ինչ-որ առումով էլ, «ԱՄՀ»-ն ՔԽ-ում մեծամասնություն է կազմում։ Այդ պատճառով է նաեւ, որ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության նիստերի անհրաժեշտություն այդքան էլ չկա»։

– Մեր տեղեկություններով, «Արդարություն եւ միասնություն» համագործակցության աշխատանքներին նախագահի հետ հանդիպումից հետո, «Երկրապահը» դադարել է մասնակցել։ Որքանո՞վ է դա ճիշտ, պարոն Աղամալյան։

– Անկեղծորեն ասեմ, մոռացել եմ՝ «Երկրապահը» մասնակցել է դեկտեմբերյան նիստին, թե ոչ։ Կարծես Հերմինե Նաղդալյանը մասնակցում էր։ Միգուցե սխալվում եմ։ Բայց անկախ դրանից «Երկրապահն» ունի մշտական մի դիրքորոշում. ինքը «ԱՄՀ»-ի անդամ է, այն համարում է անհրաժեշտ, մտադիր չէ դուրս գալ եւ բոլոր կարեւոր քննարկումներին ու հանդիպումներին մասնակցում է։

– Այդ դեպքում հարցս այլ կերպ տամ. որքանո՞վ է «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունն ամուր կառույց 1999-ին եւս նախընտրական դաշինքի վերածվելու համար։

– Իմ կարծիքով, ԱՄՀ-ն, որպես այդպիսին, իր կազմով դժվար թե դառնա նախընտրական բլոկ։

Եթե, ասենք Հայդեմկուսը, ՍԻՄ-ը եւ ԳիԱրՔՄի-ն, մեր զրուցակցի խոսքերով, հանդես են գալիս կառուցողական քննադատության դիրքերից, բացասական վերաբերմունք դրսեւորելով կառավարության գործելակերպի եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ, ապա մյուս կազմակերպությունների մասին նույնը չես ասի։ Հենց այս հիմքով էլ Ալեքսանդր Աղամալյանը հաստատակամորեն պնդում է՝ «Արդարություն եւ միասնություն» համագործակցությանը մաս կազմող կազմակերպությունները կմասնակցեն ընտրություններին. «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունն, ինձ թվում է, հիմք կհանդիսանա առնվազն 2, կամ միգուցե 3 նախընտրական միավորումների համար։ Ակնհայտ է, որ մեկը չի լինելու։ Ինտեգրացիոն այս գործընթացները, որոնք նախորդել են՝ իզուր չեն կորչի, որովհետեւ այս ընթացքում համախոհների մեջ ավելի սերտ համագործակցություն ստեղծվեց։ Դա դրական է, ինչը կնպաստի նախընտրական բլոկների ձեւավորմանը»։

«Երկրապահն» արդեն առիթ ունեցել է հայտարարելու, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի։ Այդ դեպքում իրեն ինչ դաշինքում է տեսնում ԳիԱրՔՄի-ն առաջիկա ընտրություններում։ Պարոն Աղամալյանն ասաց, որ դա դինամիկ գործընթաց է, եւ թեպետ ինչպես նախորդ իշխանությանը տրված քաղաքական գնահատականի, այնպես էլ էլեկտրաէներգիայի եւ հեռախոսային կապի սակագների հարցերում իրենք ակտիվորեն համագործակցել են ՍԻՄ-ի եւ Հայդեմկուսի հետ, այնուամենայնիվ, հիմա որեւէ բան հստակորեն հնարավոր չէ ասել։ Ամեն պարագայում, Ալեքսանդր Աղամալյանը հնարավոր է համարում իրենց դաշինքը «ԱՄՀ»-ին մաս կազմող բոլոր մյուս կուսակցությունների հետ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031