Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ փոխվեն խաղի կանոնները, կփոխվի նաեւ խաղը»

Հունվար 15,1999 00:00
Armentel

«Երբ փոխվեն խաղի կանոնները, կփոխվի նաեւ խաղը» «ԱրմենՏելի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ջորջ Կարապլիսն այսպես պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կվարվեն, եթե Սահմանադրական դատարանը փոփոխություն մտցնի «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքում։

Իսկ առայժմ «ԱրմենՏելը» ականջալուր է լինում բազմաց ձայնին ու հայ ժողովրդին թույլ է տալիս հեռախոսով անվճար խոսել օրվա մեջ սիրտն ինչքան ուզում է։ Բայց հիշեք՝ առայժմ։ Մինչեւ իրենք ուսումնասիրեն ու հետագայում գտնեն րոպեավճար սահմանելու ձեւերը։ Ըմբռնումով մոտենալով այն հանգամանքին, որ սակագների բարձրացումը ցանկացած ժամանակ եւ ցանկացած երկրում ժողովուրդը դժվարությամբ է ընդունում (ըմբռնումը կարելի է բացատրել թերեւս նրանով, որ ըստ պրն Կարապլիսի, հայերը եւ հույները զարմիկներ են), հունական կողմը պատրաստվում է բացատրական աշխատանքների նման ինչ-որ բան ձեռնարկել՝ սովորեցնելու ժողովրդին, որ հեռախոս ունենալու համար անհրաժեշտ է վճարել։ Եվ այդ աշխատանքները սկսեց հենց ասուլիսին։ Իսկ դուք գիտե՞ք, որ Եվրոպական ցանկացած երկրում մարդիկ օրվա մեջ նույնիսկ մեկ րոպե չեն կարող անվճար խոսել։ Ի դեպ, կարող են վարձն էլ իջեցնել, բայց այդ պատճառով Հայաստանի հեռախոսաֆիկացումը կուշանա 10 տարով։

Երբ պրն Կարապլիսն ասաց, որ ընտրությունը մերն է, լրագրողներով համերաշխորեն շնորհակալություն հայտնեցինք։ Խոստացան, որ սակագների բարձրացումը «հաջորդ անգամ ավելի սահուն կանեն»։ Մի քանի անգամ էլ լրագրողներիս երեսով տվեց «ԱրմենՏելի» համար իրենց վճարած 142 մլն-ը, կարծես դա մեր սիրուն աչքերի համար է արել։ Երբ նրանք վճարել են այդ գումարը, մեր կառավարությունը պահանջել է փոխարենը հեռախոսաֆիկացնել ամբողջ Հայաստանը։ Դրա համար պատրաստվում են առաջիկա հինգ տարում ներդնել 265 մլն ԱՄՆ դոլար (ընդ որում՝ 100 մլն-ը՝ OTE-ի կողմից)։ Դրանից 1999-ին՝ 75 մլն, 2000-ին՝ 57, 2001-ին՝ 57, 2002-ին՝ 43, 2003-ին՝ 33 մլն։ Իրենց հաշվարկներով, սակագների բարձրացումը կբերեր 7 մլն դոլարի եկամուտ։ Այդ գումարը, իմացած լինեք «ոչ պրն Ավգերինոսինն է (տնօրենների խորհրդի անդամ- Ա. Գ.), ոչ Նիկակիսինը (միջազգային ստրատեգիայի եւ ներդրումների պատասխանատու- Ա. Գ.), ոչ էլ իմը (պրն Կարապլիսինը- Ա. Գ.)։ Հունական կողմը 70 մլն ընդհանուր ներդրումից 1998-ին ներդրել է 14 մլն։

«Նոյյան տապան» գործակալության թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերում վարչապետի երեկվա հայտարարությանը, թե սակագները պետք է բարձրացվեին միայն այն ժամանակ, երբ բոլոր հեռախոսակայանները փոխված լինեին թվայինի, Ջորջ Կարապլիսը պատասխանեց. «Տարանջատենք հասկացությունները. մենք ձեռնարկություն ենք, նրանք կառավարություն։ Ամեն մեկն իրենն է ասում։ Ես չգիտեմ վարչապետն ինչ է ասել, ինձ չի ասել»։

Մեր ժողովուրդը հավանաբար հակապետական կեցվածք է ընդունում, երբ բողոքում է սակագների բարձրացման եւ րոպեավճարի ներմուծման դեմ։ «ԱրմենՏելը» մտադիր է 460 կմ մանրաթելային կաբելով ամրապնդել Հայաստանի միջազգային կապերը, եւս 500 կմ-ով՝ կապերը Վրաստանի եւ Իրանի հետ։

Եթե OTE-ն չկատարի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, պատրաստ է կանգնել միջազգային դատարանի առջեւ։

Այն հարցին, թե ներդրվելիք 265 մլն դոլարի 165-ի աղբյուրը որն է, ստացվեց «ձեռնարկության («ԱրմենՏելի») եկամուտների հաշվին» պատասխանը։ Ի դեպ, «ԱրմենՏելը» 98 թ.-ին 50 մլն դոլար եկամուտ է ունեցել, 11 մլն՝ շահույթ։

Եթե մեր երկրում կլինեն թոշակառուներ, որոնք սոցիալական ծանր վիճակում են, միայնակ, չեն կարող վճարել հեռախոսային հաճույքի (կամ անհրաժեշտության) դիմաց, «ԱրմենՏելը» կուսումնասիրի յուրաքանչյուր դեպք եւ թոշակառուին կապահովի հեռախոսով։

Պատկերացնո՞ւմ եք։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031