«ԱրմենՏելը»՝ եւս մեկ գրպանահատ», «Շահույթ, բայց ոչ 15 անգամ», «Հայաստանի դեմկուսը պայքարում է սոցիալական արդարության համար», «ԱրմենՏելը» ժողովրդի դեմ է», «Խեղդում են «ԱրմենՏելի» հեռախոսաթելերով», «Մի նոր շրջափակում՝ էս էլ՝ «ԱրմենՏելից»։
Ցուցատախտակների այս գողտրիկ փունջը ներկայացված է «ԱրմենՏելի» շենքի առջեւ դեմկուսի կազմակերպած պիկետից։ Պիկետի օրն ու ժամը նախորդ օրը բազմիցս նշվել էր ԶԼՄ-ներով, այնպես որ ակնկալվում էր ավելի հոծ բազմություն։ Պիկետի սակավամարդությունը (մոտ 100 հոգի) ամենեւին թեւաթափ չէր արել կազմակերպիչներին, որոնց ավանգարդում դեմկուսի ղեկավար եւ ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանն էր։ Չորսհոգանոց պատվիրակությունը, որին համաձայնեց ընդունել «ԱրմենՏելի» ղեկավարությունը, գլխավորում էին Աղասի Արշակյանն ու Ալեքսանդր Աղամալյանը։ Մինչ վերջիններս բանակցում էին, Արամ Սարգսյանը շրջապատված էր լրագրողներով։ Ես էլ հետաքրքրվեցի.
– Պրն Սարգսյան, ըստ ձեզ՝ ինչո՞ւ այնքան էլ շատ մարդ չի հավաքվել։
– Քի՞չ է։ Մենք պիկետ ենք կազմակերպել, ոչ թե միտինգ։ Մենք գտնում էինք, որ 50-ից 100 հոգի է լինելու։ Ես կարծում եմ՝ 200-ից ավելի է (իմ եւ պրն Սարգսյանի աչքաչափերը ակնհայտորեն չէին համընկնում – Լ. Ա.)։
Կարդացեք նաև
– Այս ցուցանակներից մեկն ազդարարում է, որ ձեր կուսակցությունը սոցիալական արդարության ջատագով է։ Սակայն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կամ սոցիալական այլ խնդիրների վերհանման ուրիշ դեպքեր չեմ հիշում։
– Մեր կուսակցությունն իր ստեղծման առաջին օրից սոցիալական բոլոր խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է՝ սկսած 91 թվից։ Ինչ վերաբերում է վերջին տարվան, այո, սա մեր առաջին ակցիան է, բայց մենք մեր հայտարարություններով հանդես ենք եկել։
– Իսկ առաջիկա ընտրություններին ձայներ հավաքելու մի փորձ չէ՞ սա։ Մանավանդ, եթե հաշվի առնենք պիկետի արդյունավետությունը։
– Մենք 8 տարի է՝ քաղաքական պայքարի մեջ ենք։ Ուրեմն նշանակում է՝ բոլոր մեր քայլերն ընտրությունների հե՞տ են կապված։ Իսկ ի՞նչ վատ բան է, որ կուսակցությունն ուզում է ընտրություններին երեւալ ժողովրդի հետ միասին։ Էդպես էլ պետք է լինի։
– Պիկետի արդյունավետության մասին մոռացաք խոսել։
– Ես կարծում եմ, որ սա այնքանով է արդյունավետ, որ կառավարությունը նույնպես հնարավորություն է ստանում ասելու, որ մեր ժողովուրդը դեմ է այս թանկացումներին (՞ – Լ. Ա.)։
– Իսկ հակառակ դեպքո՞ւմ…
– Եթե այս որոշումը չվերանայվի, քաղաքական կուսակցությունները, մենք՝ համենայնդեպս, կշարունակենք մեր պայքարը, մինչեւ հասնենք մեր նպատակին։
– Նախագահի հետ զրուցե՞լ եք այս թեմայով։
– Նախագահը նույնպես չի կարող ողջունել սակագների նման շեշտակի բարձրացումը։ Բայց «ԱրմենՏելը» մասնավոր ձեռնարկություն է, դրա համար էլ բողոքում ենք այդ կոմպանիայի ղեկավարության որոշումների դեմ։ Նախագահի որոշումը չէ, որ պետք է կասեցնի այս իրավիճակը։
Մինչ զրուցում էի պրն Սարգսյանի հետ, հեռվից երեւաց վերադարձող պատվիրակությունը։
Բարձրախոսով ելույթ ունեցավ Ալեքսանդր Աղամալյանը։ Վերջինս չներկայացավ՝ հուսալով, որ բոլորն իրեն ճանաչում են։ Սակայն ժողովրդի միջից ձայներ հնչեցին՝ պահանջելով, որ ներկայանա։ Պրն Աղամալյանի ելույթից պարզ դարձավ, որ «էս ամբողջ պայմանները որոշված են Հայաստանի կառավարության կողմից՝ մինչեւ «ԱրմենՏելի» վաճառքը։ «ԱրմենՏելը» ներկայացնում է Հունաստանի պաշտոնական ֆիրման։ Երբ նրանք գնում էին, արդեն ունեին սակագների բարձրացման լիցենզիան։ Նրանց դրանում համոզել է մեր կառավարությունը։ «ԱրմենՏելի» բոլոր աշխատակիցները մեզ հետ են, բայց այդ պայմանները մշակել է կառավարությունը։ Ես ասացի, որ, մեկ է, ժողովուրդը չի՛ տալու այդ սակագինը։ Դա չլինող բան ա»։
Պիկետավորներին կոչ արվեց դիմել մեր կառավարությանը, որը այս որոշման հեղինակն է, եւ Սահմանադրական դատարան՝ այս պայմանագիրը չեղյալ հայտարարելու։ Հավաքված ժողովրդին իր խոսքն էր ուզում հղել նաեւ Աղասի Արշակյանը, սակայն Արամ Սարգսյանը պիկետը փակված համարեց։ «Մենք սխա՛լ հասցեով ենք եկել»,- մի քանի հոգուն հազիվ լսելի ասաց Աղասի Արշակյանը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ