Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՅՍՏԵՂ ՀԻՇՈՒՄ ԵՄ, ԱՅՍՏԵՂ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ»

Հունվար 15,1999 00:00
Aram Abrahamyan

«Հաջողության ջենթլմենները» կինոկատակերգության հերոսն այդպես է ներկայացնում հիշողության մասնակի կորուստը: Մեր քաղաքական վերնախավի մոտ նույն հիվանդությունն է նկատվում: Կուսակցություններն այնպիսի խանդավառությամբ են լծվել ընտրություններից առաջ ժողովրդին դուր գալու ազգանվեր գործին, որ երբեմն մոռանում են մեկ-երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այս առումով առավել հատկանշական է կարծես թե հակառակ բեւեռներում գտնվող ՀՀՇ-ի եւ դաշնակցության կեցվածքը:

Երկուսն էլ ունեն նախընտրական վարկանիշը բարձրացնելու խնդիր: Երկուսին էլ ժողովուրդը, մեղմ ասած, թերահավատությամբ է վերաբերվում: ՀՀՇ-ին են վերագրվում /մեծ մասամբ՝ արդարացիորեն/ 90-97 թվականների բոլոր տնտեսական եւ սոցիալական աղետները: Նույն ժամանակահատվածում ՀՅԴ-ն բավականին բարձր վարկանիշ ուներ՝ մեծ մասամբ շնորհիվ այն շարքային դաշնակցականների, որոնք հերոսաբար կռվում էին արցախյան ազատամարտում: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում դաշնակցությունը հասցրեց մարդկանց հիասթափեցնել՝ նախ եւ առաջ իր չափից դուրս իշխանամետ կեցվածքով: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը դժվար թե հիշի, որ անցած տարվա գարնանը հեռուստատեսությամբ ասել էր, թե չի կարող տեսնել, որ Հայաստանում մարդիկ աղբարկղերում ուտելիք են ման գալիս: Մեկ տարվա ընթացքում աղբարկղերում ուտելիք ման եկողները հաստատապես չեն պակասել: Հիմա պրն Հովհաննիսյանը նրանց կարո՞ղ է տեսնել: Թե՞ այլեւս չի տեսնում, որովհետեւ ոտքով ման չի գալիս եւ երթեւեկում է ծառայողական «31»-ով: Ցավոք, իշխանությունը կուրացնում է նաեւ նորմալ, համակրելի մարդկանց, որպիսին էր, իմ կարծիքով, Վահան Հովհաննիսյանը՝ նախագահի խորհրդականի ու տարբեր հանձնաժողովների նախագահի պաշտոնները ստանալուց առաջ:

Մի խոսքով, ՀՅԴ-ն եւ ՀՀՇ-ն տարբեր չափերով եւ տարբեր պատճառներով ժողովրդի առաջ արդարանալու կարիքն ունեն: Այդպիսի մի քայլ արեց ՀՀՇ-ի առաջնորդ Վանո Սիրադեղյանը՝ անցած տարվա դեկտեմբերին իր հեռուստաելույթով: Փնովելով նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին, պրն Սիրադեղյանը, հավանաբար, հույս ունի՝ ա/ բարձրացնել ՀՀՇ-ի նախընտրական ռեյթինգը, բ/ մի քանի պատգամավորական մանդատ ստանալ նախընտրական փակ սակարկություններում: Թե որքանով են այդ հաշվարկները ճիշտ, ցույց կտա ժամանակը: Ավելի վաղ, աշնանը դաշնակցությունը հանրահավաք արեց եւ բացատրեց ժողովրդին, թե ովքեր են մեղավոր նրա բոլոր դժբախտություններում: Մեղավոր էին, բնականաբար, նախկինները, եւ հատկապես նրանք, ովքեր այսօր փորձում են ընդդիմադիր կեցվածք ընդունել: Բայց երբ ընդդիմությունն է իշխանության դեմ միտինգ անում, դա բնական է՝ նրանք ուզում են հասարակայնությանը հասցնել, թե որքանով են իշխողները վատը: Բայց երբ իշխանությունն է, նախագահի խորհրդականն է ընդդիմության դեմ հանրահավաք կազմակերպում՝ այն էլ քրեական մեղադրանքներով, դա արդեն զավեշտական է: Ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները ձեր ձեռքում են՝ խոսելու փոխարեն բռնեք եւ պատժեք հանցագործներին:

Հավանաբար, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դաշնակցությունը կփորձի կիսաընդդիմադիր կեցվածք ընդունել, մոտավորապես հետեւյալ սխեմայով. նախագահը լավն է /որովհետեւ ՄԱԿ-ում խոսել է ցեղասպանության մասին/, կառավարությունը՝ վատը /որովհետեւ որդեգրել է ծայրահեղ լիբերալ քաղաքականություն/:

ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի եւ բոլոր մնացած կուսակցությունների համար պարզապես Աստծո պարգեւ էր հեռախոսավարձը բարձրացնելու մասին «ԱրմենՏելի» որոշումը /էլեկտրաէներգիան թանկացնելու մասին բոլորը, չգիտես ինչու, մոռացել են/: Այստեղ կուսակցական պոպուլիզմը հոսում է հորդառատ գետի նման՝ ընդհուպ մինչեւ մեկ օր հեռախոսից չօգտվելու անհեթեթ կոչերը: Եթե ՀՀՇ-ականներն այսօր գտնում են, որ հեռախոսակապը օտարին 15 տարով տալը սխալ է, ապա մոռացե՞լ են, որ նրանց խմբակցությունը խորհրդարանում բազմիցս քվեարկել է այդ որոշման օգտին: Եթե դաշնակցականներն այժմ գտնում են, որ «ԱրմենՏելի» վաճառքը հանցավոր գործարք է, ապա հիշո՞ւմ են, որ այն կատարել է Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը: Եվ ինչո՞ւ էին նրանք այդ դեպքում նախագահական ընտրություններում «վիզ դրած» պաշտպանում հանցավոր գործարք կատարած վարչապետին:

Բացառված չէ, իհարկե, որ ՀՀՇ-ականներն ասեն, թե իրենք միշտ դեմ էին այդ գործարքին, իսկ դաշնակները հայտարարեն, թե իրենք երբեք չեն պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Հաշվի առնելով, որ մեր, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի, քաղաքական գործիչները մաքուր են, ինչպես Մոնիկա Լեւինսկու հայտնի շրջազգեստը, դա միանգամայն հնարավոր է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031