Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐՈՀԸ» ԻՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ԲՆԱԿԱՐԱՆ»՝ ՁԱԽՈՂՎԵՑ

Հունվար 14,1999 00:00
banali

Սկսենք նրանից, որ անցյալ տարի Խորհրդային շրջանի ժողդատարանը փետրվարի 9-ին կայացրեց վճիռ՝ վերականգնել Հակոբյանների սեփականության իրավունքները իրենց տան՝ Այգեստան 9 փողոցի 2ա տան նկատմամբ։

Հիշեցնենք վճռի այս հատվածը եւս. բոլոր գործարքները ճանաչել անվավեր եւ վերականգնել նախկին վիճակը, իսկ վճռի շրջադարձման որոշմամբ էլ «Հակոբյաններին բնակեցնել Այգեստան 9 փող. 2 ա տանը»։ Սակայն դատարանի որոշումը մինչեւ այս պահը մնացել է թղթի վրա, իսկ Հայաստանի քաղաքացիներ Հակոբյաններին իրենց սեփական բնակարանից վտարելու եւ մինչեւ օրս փողոց նետելու մեղսակից անձանցից չորսը երեկ երդում էին տալիս իրենց նոր նշանակման (դատավոր) կապակցությամբ։ Իրավասու մարմինները դատարանի որոշումը ի զորու չլինելով կատարել, բնականաբար հող նախապատրաստեցին մի նախաձեռնության, որի մասին հայկական մամուլը գերադասեց լռել (գուցե տեղյակ չէին, այդ պատճառով)։

Նախաձեռնության հեղինակը տուժած քաղաքացի՝ Անահիտ Հակոբյանն էր, նրա հարազատներն ու Այգեստան փողոցի բնակիչները (գլխավորապես կանայք եւ երեխաներ)։ Դեկտեմբերի 27-ին, ժամը 20-ի սահմաններում հնչեց Այգեստան 9 փող. 2ա տան դռան զանգը։ «Տանտերը»՝ Իրանի մի քաղաքացի, ոտաբոբիկ եւ թափթփված բացեց «տան» դուռը, բնավ չմտածելով, որ դուռը բացում է իրական տանտիրոջ՝ Անահիտ Հակոբյանի առաջ, որ ապօրինաբար վտարվել է իր հայրենական բնակարանից (տե՛ս «Առավոտ», 16.12.98 թ. «Վիեննայի կոնվենցիան խանգարում է կատարել ժողդատարանի վճիռը»)։

Անահիտ Հակոբյանի հետ տուն մտան նաեւ հարեւաններից եւ կին հարազատներից բացի «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Վիկտորյա Աբրահամյանն օպերատոր Արմեն Ավագյանի հետ, որոշ լրագրողներ էլ դեպքերին գերադասեցին հետեւել դրսից…

Սա, փաստորեն, դիտվեց «գրոհ» իրանական տարածք, քանի որ այդ տարածքում բնակեցվում են Իրանի դեսպանատան աշխատակիցներն ու, ասում են նաեւ՝ դեսպանը։ Անահիտ Հակոբյանը դատարանի վճիռը փորձեց ցույց տալ «տանտիրոջը», սակայն նա այնքան էր շփոթված, որ չգիտեր անգամ դեսպանատան հեռախոսահամարը։ «Գրոհայինները» իրանցի աշխատակցին ապահովեցին բջջային հեռախոսով, Իրանի դեսպանատան հեռախոսահամարներով։

Պատմում է Անահիտ Հակոբյանը. «Դեսպանատուն զանգելուց հետո իրենց աշխատակցին եկան օգնության 4-5 դեսպանատան աշխատակիցներ, նրանք օպերատորի ձեռքից խլեցին տեսախցիկը, որի արդյունքում ձայներիզն անհետացավ։ 10-15 րոպեից հետո եկան եւ Կենտրոն համայնքի ոստիկանապետը՝ գնդապետ Ալիկ Ալեքսանյանը, քաղաքի վարչության պետը… «Դուք Իրանի հողում եք, եւ մեր ձայնը ձեզնից բարձր է». սա էր իրանցիների ասածը, ավելին՝ քիչ հետո փակվեցին դռները, եւ մենք հայտնվեցինք, այսպես կոչված, պատանդի կարգավիճակում։ Մեր ոստիկաններին լրացուցիչ ուժեր եկան դարձյալ «օգնության»։ Նորից եմ կրկնում, որ միակ տղամարդը, որ «ներխուժել» է բնակարան, դա եղել է հեռուստատեսության օպերատորը»։

Ա. Հակոբյանը տեղեկացրեց մեզ, որ «9-9,30-ի սահմաններում իրենք անսալով ոստիկանության աշխատակիցների խնդրանքին՝ թողեցին Այգեստան 9 փող․ 2ա տունը եւ գնացին քաղմաս»։

Պատմում է իմ գործընկերը՝ «Ա1+»-ի լրագրող Վիկտորյա Աբրահամյանը.

-Դեկտեմբերի 27-ին Անահիտ Հակոբյանը զանգահարեց հեռուստատեսություն, խնդրելով մեր ներկայությունը, որպեսզի ինքը կարողանա մտնել իր սեփական բնակարանը, քանի որ ձեռքին ունի դատարանի որոշում, իսկ կատարածուն քանիերորդ անգամ հրաժարվում է նրանց տանել իրենց սեփական բնակարանը եւ բնակեցնել… Առավոտյան մինչեւ 14.00-ն գնացել ենք տարածք, սակայն դուռը բացող չկար։ 20.00-ին վերջապես դուռը թակեցինք, այն բացեց իրանցի մեկը, ասելով, թե անգլերեն գիտի, սակայն պարզվեց, որ անգլերեն էլ չգիտի։ Նա ասաց, որ երկու օր է, ինչ Իրանից եկել է Հայաստան եւ չունի անգամ պարսկական դեսպանատան հեռախոսահամարը։ Բացատրեցինք, որ մենք ուզում ենք դեսպանատնից ինչ-որ մեկը գա, որպեսզի լսի մեր պահանջները։ Ի դեպ, չգիտես ինչու, պարսիկը նստեց, լաց եղավ, մանավանդ, երբ տանտերը՝ Անահիտ Հակոբյանն ասաց, որ ինքը պատրաստվում է այդտեղ քնել, որ այդտեղից այլեւս դուրս չի գա, որ դա իր տունն է… Դեսպանատան աշխատակիցն ասաց, որ չնայած մենք իրեն դուր ենք գալիս, սակայն մեզ հետ շուտով լուրջ պրոբլեմներ կլինեն, քանի որ «պարսկական հողը գրավելու փորձ ենք կատարել»։

Մենք նկարահանում էինք ամեն ինչ։ Անահիտ Հակոբյանն իրենց բնակարանում կարողացավ մնալ միայն 20 րոպե։ Շուտով դեսպանատնից եկան «օգնության», վիճեցին կանանց հետ, հարձակվեցին մեր օպերատորի վրա, վերցնելով մեր տեսախցիկը, դուռը փակեցին եւ չէին թողնում ոչ ներս, ոչ դուրս։ Պատանդ էինք։ Իմիջիայլոց, չէին լսում բացարձակապես, որ կա դատարանի վճիռ, որ այդ բնակարանը Հակոբյանների ընտանիքի տարածքն էր, եւ ինչ-որ քաղաքական մոտիվներ էին փորձում տեսնել։ Փառք Աստծո, ունենք փրկված մեկ տեսաերիզ, երկրորդը այդպես էլ չվերադարձվեց մեզ, ուր պարզ է, որ «գրոհայինները» կանայք են։ Ահավորն այն էր, որ իրանական կողմը նույնիսկ մեր ոստիկանների հետ սկսեց բանավիճել, անգամ ձեռքով քաշքշել… Պահանջեցին մեր բոլորի հեռախոսահամարները, տվյալները, եւ մեզ բաց չէին թողնում, ասելով, թե՝ ո՞րն է ձեր նպատակը։ Ջարդոց չի եղել, ոչ մի անհարիր բան։ Հետագայում մեզ տարան Կենտրոնի ՆԳ բաժին, ուր բացատրություն գրեցինք…

Դեկտեմբերի 27-ի այս դեպքը նախադեպ է եւ ուղղված է ոչ այնքան իրանական կողմի դեմ, որը զբաղեցնում է տվյալ դեպքում մի տարածք, ինչը դատարանի կողմից «հանձնվել» է Այգեստան 9 փ. 2ա տան բնակիչներին՝ Հակոբյանների ընտանիքին, որքան ընդվզման փորձ՝ ուղղված իրավասու այն մարմինների դեմ, որոնք կոչված են ապահովելու դատարանի կայացրած որոշումների, վճիռների կատարումը։

Քաղաքացին դիմում է, խնդրում, պահանջում կատարել մի որոշում, որը կայացվել է փետրվարից։ Ոչ ոք չի կատարում։ Եվ ոչ միայն չի պատժվում չկատարելու համար, այլ… առաջխաղացում է ունենում… ուստի ձեռքի տակ ունենալով վճիռը, ինքը դիմում է «գործողությունների»։ Իսկ ի՞նչ կպատահեր, հարցրե՞լ եք ձեզ, եթե քաղաքացիներից մեկը վեճի ժամանակ… վիրավորվեր։ Միջազգային սկանդալն այս դեպքում, իրոք, պատրաստ էր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031