Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ

Հունվար 14,1999 00:00
Zolyan

Երեւանի օտար լեզուների ինստիտուտը նախանցյալ տարի այն եզակի բուհերից էր, որ նախապատրաստական, այլ կերպ ասած՝ զերո կուրսեր վերաբացելու իրավունք ստացավ, ինչից օգտվեց նաեւ այս տարի։ Նման որոշումը ինչ-որ չափով մեղմեց բարձր միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդների, ավելի շուտ՝ նրանց ծնողների բողոքի ալիքը եւ բուհերին լրացուցիչ ֆինանսական միջոցներ աշխատելու հնարավորություն ընձեռեց։ Սակայն, բացի այդ, որքանո՞վ էր նպատակահարմար նման կուրսերի վերաբացումը բուհական համակարգի բարեփոխման մտադրությունների շրջանակներում։ Ի վերջո, եթե դրա նպատակը հենց վերը նշված պահանջների բավարարումն էր, ապա ավելի նպատակահարմար չէ՞ր պարզապես վճարովի համակարգն ընդլայնել։ Ավելի ճիշտ՝ վճարովի տեղերի քանակը որոշելու կառավարության մենաշնորհը հանձնել բուհերին։ Հենց այս հարցադրումներով սկսեցինք մեր զրույցը ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ։

-Տեղերի քանակը որոշելու մենաշնորհը բուհերին հանձնելն անմիջապես նախապատրաստական կուրսերին չի առնչվում, այն՝ ընդհանուր պրոբլեմ է։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի կառավարությունը հաստատի մասնագիտությունների ցանկը, իսկ տեղերի քանակը որոշեն դիմորդները։ Այսինքն՝ տեղերը տրվեն ոչ թե բուհերին, այլ մասնագիտություններին, իսկ դիմորդների հայտերը ցույց կտային, թե դեպի որ բուհն է կողմնորոշված դիմորդը։ Ինչ վերաբերում է նախապատրաստական դասընթացներին, ապա դրանց նպատակը խորհրդային ժամանակաշրջանում եղել է այն, որ ասենք՝ բանակից, շրջաններից եկած դիմորդները կարողանային մեկ տարում բարելավել իրենց գիտելիքները եւ անցնել առաջին կուրս։ Այսինքն, որպեսզի դպրոցական գիտելիքների ու բուհի պահանջների միջեւ առաջացած ճեղքը վերանա։ Հիմա էլ նպատակը նույնն է։

– Կներեք, բայց չեմ կարծում, թե դիմորդների գիտելիքների ստուգման ներկայիս համակարգն այնքան կատարյալ է, որ քննության արդյունքները լիովին արտացոլում են նրանց գիտելիքները։ Ու բուհ ընդունվածներին մի քանի միավորով զիջողները կարիք ունեն իրենց գիտելիքները մեկ տարում բարելավել նախապատրաստական կուրսերում, որ հասնեն առաջին կուրսեցիների մակարդակին։

– Ընդհանուր գնահատական չեմ կարող տալ, բայց մեր բուհում մեծ տարբերություն կա տարբեր միավորներ ստացածների միջեւ։ Մեր բուհում մրցույթը բավականին բարձր է եւ հիմնականում ընդունվում են ռեպետիտորների մոտ պարապածները։ Այսինքն, այդ կուրսերը նաեւ սոցիալական խնդիր են լուծում եւ հնարավորություն են տալիս ռեպետիտորների ծառայություններից օգտվել չկարողացող դիմորդներին շատ ավելի համեստ գումար վճարելով (այն ուսման վարձի 1/2 է, այս բուհում՝ 175 նվազագույն աշխատավարձի չափով, – Ն. Հ.)՝ դառնալ ուսանող եւ հետո ապացուցել ուսանող լինելու իրենց իրավունքը։ Կամ ընդհանուր հիմունքներով պայքարում են անվճար տեղերի համար, կամ նախապատրաստական կուրսի ավարտական քննությունները բարեհաջող հանձնելուց հետո միանգամից առաջին կուրսի վճարովի համակարգ տեղափոխվում։ Անցյալ տարի նախապատրաստական կուրսեր բացելու իրավունք միայն երեք բուհի տրվեց. բայց, ցավոք, մինչ օրս չի եղել պաշտոնական քննարկում՝ ո՞րն էր թերությունները, որը՝ առավելությունները։ Անցյալ տարվա փորձը, համենայնդեպս, կարծես թե հաջող էր եւ այս տարի բուհերի ցանկը ընդլայնվեց։ Եվ քննարկումը շատ անհրաժեշտ է, որովհետեւ միգուցե արդեն ժամանակն է, որ այդ համակարգի վերականգնումը կառավարության որոշմամբ վավերացվի եւ ամեն տարի նոր որոշմամբ չկարգավորվի։ Դրա պատճառով անցյալ տարի դասերը սկսեցինք հոկտեմբերի մեկից, իսկ այս տարի, քանի որ հարցը կարգավորված չէր, միայն նոյեմբերի 15-ից։ Ինչ վերաբերում է վճարովի համակարգն ընդլայնելուն, ապա կարծում եմ, որ դրանից միջին մակարդակը կիջնի, կտուժեն ավելի պատրաստված ուսանողները։ Այս տարի շատ ավելի պատրաստված էին դիմորդները եւ նախապատրաստականում եւս անցումային միավորը շատ բարձր էր՝ 45 միավոր։ Նախորդ տարվա նախապատրաստական կուրսի ուսանողներն առանձնապես չեն փայլում (չնայած դրան՝ 86-ից 81-ը այս տարի անցել է առաջին կուրս, իհարկե, դրա համար բավական էր դրական գնահատական ստանալը։ – Ն. Հ.), այսինքն այն մեկ տարին բավարար չեղավ, որ նրանք այս տարի առաջին կուրս ընդունվածների մակարդակին հասնեն։

– Դուք հանդես էիք եկել մի առաջարկությամբ, որ պետպատվերով սովորելու իրավունքը ոչ միայն բուհերի ընդունելության, այլ նաեւ ընթացիկ քննությունների արդյունքներով որոշվի։ Ի՞նչ ընթացքի մեջ է այն, կարծեմ ձեր ընդդիմախոսները պնդում էին, որ այն հակասում է Սահմանադրությանը։ Եվ դրանով ընդունելության աժիոտաժը բուհ չի՞ տեղափոխվի։

– Այս առաջարկն անցյալ տարի էր եղել եւ պաշտպանվել էր նախորդ նախարարի կողմից, սակայն նախորդ կառավարությունը եզրակացություն էր տվել, որ այն հակասում է Սահմանադրությանը։ Սակայն դա թյուրիմացություն է։ Սահմանադրությամբ երաշխավորվում է, որ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն մրցութային կարգով ստանալ անվճար բարձրագույն կրթություն։ Չի կարելի ընդունելության քննությունները հավասարեցնել մրցույթին։ Պետպատվերով սովորող վատ առաջադիմությամբ ուսանողի ուսուցման ծախսերը հոգում է պետությունը՝ հարկատուներիս հաշվին։ Այսօր լավ սովորելու խթան չկա, իսկ մրցակցությունը նաեւ առաջադիմության բարձրացմանը կնպաստի, եւ պետպատվերով կսովորեն միայն լավագույնները։ Ներկայիս արդարադատության նախարարը, ի տարբերություն իր նախորդի, գտնում է, որ իմ առաջարկը չի հակասում Սահմանադրությանը։ Ասվում է նաեւ, որ ընդունելության չարաշահումները կտեղափոխվեն բուհական համակարգ։ Նախ, կարծես թե ընդունելության չարաշահումների հնարավորությունը նվազում է, բայց…

– Դա արվում էր գրեթե ոստիկանական մեթոդներով՝ խիստ հսկողությամբ, ընթացիկ քննությունների ընթացքո՞ւմ էլ դա կապահովվի։

– Ես կարծում եմ երկար չի կարող դիմանալ այդ համակարգը. նախանցյալ տարի արդյունք տվեց որովհետեւ անսպասելի էր, անցյալ տարի դա հնարավոր եղավ շատ կոշտ, ոստիկանական մեթոդներով իրականացնել։ Բայց այդ մեխանիզմների դեմ հաջորդ տարի արդեն որոշակի հակամեխանիզմներ մշակվում են։ Բայց ավելի հեշտ է հսկել ամբողջ ընթացքը. նախ գնահատման համար կլինեն կոնկրետ պատասխանատուներ։ Ընդունելության կենտրոնացված համակարգի դեպքում պատասխանատու չկա։ Ընթացիկի դեպքում հսկողություն իրականացնում է ոչ միայն ադմինիստրացիան, այլեւ ուսանողները, դասախոսները։ Ամենալուրջ հսկողությունը կոլեգաների հսկողությունն է, որովհետեւ բոլորն էլ մասնագետներ են, եւ ոստիկանական մեթոդները երկրորդ պլան են մղվում։

– Դուք կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի անդամ եք եւ, որքան տեղյակ եմ, կոլեգիան որոշում է ընդունել դպրոցի հայոց լեզվի ավարտական քննությունը հիմք ընդունել բուհերի ընդունելության համար։ Մի քանի տարի առաջ ձեռնարկված նման փորձը երկու տարի միայն դիմացավ եւ դրական արձագանքների չարժանացավ։ Նույնը ձեր որոշմանը չի՞ սպառնում։

– Դպրոցի ավարտական քննության արդյունքը հիմք կծառայի միայն բուհերի այն ընդունելության քննությունների դեպքում, որտեղ հայոց լեզուն մրցութային առարկա չէ, այլ ստուգարքային, այսինքն՝ բավարար է դրական գնահատական ստանալը։ Ասենք մեր բուհի վրա այդ որոշումը չի տարածվում։

Հարցազրույցը վարեց

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հ.Գ. Քանի որ բուհերի ընթացիկ քննությունները դեռ չեն ավարտվել եւ արդյունքներն ամփոփված չեն, նախապատրաստական կուրսից առաջին կուրս անցած եւ այս տարի ընդունված ուսանողների գիտելիքների մակարդակի թվային համեմատությունը հետաձգեցինք։ Սակայն որոշ թվեր արդեն կային, ասենք անգլիական բաժնի 295 առաջին կուրսեցիներից անբավարար էր ստացել 19-ը, որոնցից 9-ը նախապատրաստական կուրսից տեղափոխվածներն են։ Վերջիններիս առաջադիմությունը 87% է, իսկ մյուսներինը՝ 96%։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031