Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

Հունվար 14,1999 00:00

1991-98 թթ. Անդրկովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական դիրքերի կորուստը ուղեկցվում էր ոչ միայն արեւմտյան երկրների ազդեցության ուժեղացմամբ, այլ նաեւ հասարակական գիտակցության պատկանելության փոփոխության առավել խոր գործընթացներով՝ արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական կապերի առավելությունների պրագմատիկ գնահատմամբ, ռուսաստանյան քաղաքականության հանդեպ ունեցած վախի ախտանիշի աճով ոչ միայն ղեկավարող վերնախավում, այլ նաեւ բնակչության զանգվածների շրջանում։ Սակայն առայժմ ոչ լուրջ վերլուծական հրապարակումներում, ոչ ռուսաստանյան կուսակցությունների քաղաքական փաստաթղթերում չեն սահմանված այդ գործընթացի պատճառներն ու գործոնները։

ԽՍՀՄ փլուզման գործընթացին միութենական հանրապետությունների քաղաքական արդիական վերնախավը եւ ժողովուրդները նվազագույն մասնակցություն բերեցին։ Այնտեղ, ուր կուսակցական վերնախավերը միանշանակ չընդունեցին ստեղծված քաղաքական սուր իրադրությունը, նրանք մեծ պատրաստակամությամբ էին իշխանությունը փոխանցում ազգային շարժումների առավել ազդեցիկ առաջնորդներին։ (Հիմնականում դրանով էին տարբերվում Միջին Ասիայի իրադարձությունները Անդրկովկասի իրադարձություններից, ուր իշխանության փոփոխությունը դիտվում էր մակերեսայնորեն, ինչպես մի ինչ-որ «հեղափոխական» կամ «ժողովրդավարական» իրադարձություն)։

Մերձբալթյան երեք պետությունները, հատկապես Լատվիան եւ Էստոնիան, չնայած տնտեսական վիթխարի օգուտներին, գտնվելով խորհրդային պետության կազմում, հայտնվել էին սլավոնական եւ մյուս էթնոսների կողմից մարդաբանական ուժեղ ճնշման տակ, այդ երկրների տարբեր շրջանների արմատական բնակչության եւ գործունեության կարեւորագույն ոլորտների լրիվ վերացման վտանգն էր նրանց սպառնում։

Մերձբալթիկայի տարբերակող հատկանիշն այն է, որ Ռուսաստանից անջատվելու խնդիրն առկա է նաեւ այսօր։ Սլավոնական, անդրկովկասյան եւ միջինասիական հանրապետությունների ժողովուրդների զանգվածային գիտակցության մեջ երբեք գոյություն չի ունեցել Ռուսաստանի, առավել եւս ռուս ժողովրդի հանդեպ վախի առեղծվածը։ Իսկ Ռուսաստանը, կորցնելով Ուկրաինան կամ Միջին Ասիան, վերստին կշարունակի մնալ որպես եվրոպական կամ ասիական մեծ տերություն, իսկ Անդրկովկասը կորցնելով, Ռուսաստանը կկորցնի հսկողությունը եվրասիական «վճռորոշ» կոմունիկացիաների, Մերձավոր եւ Միջին Արեւելքի վրա, ինչպես նաեւ կկորցնի այն «պատվարը», որը կանգնած է Անատոլիայից, Մերձավոր Արեւելքից եւ նրանց թիկունքում գտնվող ատլանտիզմից եկող թշնամական քաղաքական ուղղությունների հզոր հոսքի դեմ։

Ռուսաստանում ստեղծված տնտեսական ճգնաժամը բխում է պետականության խոր ճգնաժամից, որը սկսվել էր դեռեւս 80-ականների եւ 90-ականների սահմանագծում, ինչը եւ շարունակվում է առ այսօր։ Սակայն իբրեւ ներկայիս տնտեսական ճգնաժամի արդյունք կհանդիսանան «կայսերական» գաղափարի «վերակենդանացումն» ու արդիականացումը՝ քաղաքական համապատասխան որոշումների ընդունմամբ։ Այսպես թե այնպես, 1991-98 թթ. ժամանակաշրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարությունը ձեռք չի բերել քիչ թե շատ նշանակալից «նորույթներ» եւ, ըստ էության, ռուսների ռազմավարական մտածողությունը մնացել է նրանց համար սովորական շրջանակներում, որը սահմանափակվում է նախկին Միության սահմանագծով։ Այսպես թե այնպես, ռուսաստանյան ռազմավարությունը կհանգի նրան, որ աշխարհաքաղաքական «բեւեռային» տարածություն ստեղծելու կարեւորագույն պայմանը կհանդիսանան որոշ պետությունների «սեղմումը» եւ դրանում մյուսների ընդգրկումը։ ԽՍՀՄ-ի նախկին սահմանագիծը միայն ու միայն պատրանք է ստեղծում տարածության ամբողջականության եւ անդորրի մասին։

Ռուսաստանը մշտապես կձգտի Հայաստանը տարածաշրջանում իր գլխավոր պատվարը դարձնել, ինչին կնպաստեն նաեւ Հայաստանի եւ Իրանի ու իսլամական մյուս պետությունների՝ Սիրիայի, Եգիպտոսի, Թուրքմենիայի, հնարավոր է նաեւ Իրաքի հետ ունեցած բարեկամական կապերը։ Ադրբեջանը տարածաշրջանի հիմնական պետություններից է համարվում, եւ Ռուսաստանը նրա նկատմամբ կվարի «անջատողական շանտաժի» քաղաքականություն։

Ռուսաստանյան ռազմավարության մեջ միանգամայն հատուկ տեղ է զբաղեցնում Վրաստանը։ Այդ երկրի հանդեպ ռուսաստանյան ռազմավարությունը առավել ուշագրավ խնդիրներ է իրականացրել։ Յուրաքանչյուր ռազմավարության, տարածաշրջանում ամեն մի ուժի տեղաբաշխման առումով Վրաստանն ավելի խոցելի է։ Ռուսաստանը Վրաստանը կցանկանար ստանալ ամբողջապես։ Վրաստանում կուսակցական-գաղափարական բազմաձեւ կառուցվածք է ձեւավորվել, որը ներկայացնում են կուսակցություններն ու քաղաքական խմբերը։ Վրաց դիտորդների խոստովանությամբ, բավականին հեշտ է ստեղծվում մի իրադրություն, երբ քաղաքական կուսակցությունների ձգողականության «բեւեռները» ոչ թե գաղափարական սկզբունքներն են դառնում, այլ արտաքին քաղաքական պայմանները։

Այն աշխարհաքաղաքական պատկանելության հետեւանքով, որից կախված է Ադրբեջանում, ինչպես նաեւ Միջին Ասիայում ռուսաստանյան ազդեցությունը, Վրաստանն, անշուշտ, կարող է թատերաբեմ դառնալ «հանուն Կովկասի» մղված մարտերի համար։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031