Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՌԻԿ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 14,1999 00:00
tokos

Մայրաքաղաքի էլեկտրոնային սարքավորումների վաճառքով զբաղվող մեկ-երկու խանութներում՝ «Արայ», «Մարտ», նախկինում՝ «Նյու Վինդ» (վերջինս լուծարվել է) արդեն մեկ տարի է՝ իրականացվում է ապառիկ վաճառք։ Զարգացած երկրներից առքուվաճառքի ավելի քաղաքակիրթ յուրաքանչյուր նորույթ (բնականաբար) հարմարեցվում է մեր ազգային մենթալիտետին, որոշ ընդգծված առանձնահատկություններին։

Մեզ մոտ ապառիկ վաճառքն իրականացվում է հաճախորդի խոշոր աչքերի մեջ մի խորունկ հայացք նետելով (ստուգելու նրա ազնվությունն ու քսակի հնարավոր պարունակությունը)։ Ու նման խիստ սուբյեկտիվ մոտեցմամբ էլ որոշվում է հաճախորդի հանդեպ իրականացվող քաղաքականությունը (մեղմ, կոշտ)։

Կարելի է ասել, որ ապառիկ առքուվաճառքը կանոնավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը։ Առանց ժողովրդի սոցիալական վիճակի եւ ապառիկ առքուվաճառքի միջեւ ընդհանուր աղերսներ փնտրելու, ներկայացնենք, թե ինչ սկզբունքներով ու հնարներով է (առայժմ միայն) մայրաքաղաքում իրականացվում խանութներից ապառիկ վաճառքը։

Հայաստանում դեռեւս «Ինեկոբանկն» ունի վերոնշյալ խանութների հետ պայմանագրեր։ Եթե դուք ցանկություն ունեք այսինչ խանութից ապառիկ գնել ասենք՝ հեռուստացույց։ Խանութից պետք է վերցնել տեղեկանք եւ շտապել «Ինեկոբանկ»։ Բանկը պայմանագրեր է կնքում միայն Երեւան քաղաքում մշտական գրանցում եւ մշտական աշխատանք ունեցող քաղաքացիների հետ, որոնք պետք է ներկայացնեն նաեւ տեղեկանք բնակավայրից («երրորդ ձեւ»), տեղեկանք աշխատավայրից (կլոր կնիքով), ուր պետք է նշված լինի նաեւ տեղեկանքը տվող կազմակերպության հասցեն եւ հեռախոսը։ Իհարկե, անտրամաբանական է մշտական աշխատանքի մասին տեղեկանքը, քանի որ, ասենք, ամսական 8000 դրամ աշխատավարձ ստացող ՀՀ շարքային քաղաքացին իր աշխատավարձով չէ, որ պետք է փակի բանկի իր պարտքը։ Արտասահմանում բնակվող հարուստ քեռու գործոնն ամենեւին հաշվի մեջ չէ։ Ինչեւէ։ Վերոնշյալ փաստաթղթերով ներկայանում եք բանկ։ Ձեր հագուկապը, շարժուձեւը, դեմքի արտահայտությունն արդեն խոսում են՝ վստահություն ներշնչում եք, թե ոչ։

Բանկի արդեն հմտացած աշխատակցուհին որոշում է՝ որքան կանխավճար պետք է մուծեք. ապառիկ վերցված ապրանքի երեսուն, թե հիսուն տոկոսը։ Մնացած մասը վճարում է բանկը։ Ըստ «Ինեկոբանկի» զարգացման վարչության պետ Արտաշես Մարտիրոսյանի՝ այս մեկ տարվա ընթացքում ապառիկ ծառայությունից օգտվել է 2000 հոգի։ Դիմողներից մերժվել է 2 տոկոսը, որոնք ըստ արտաքին տվյալների վճարունակ չեն եղել եւ կասկածելի տպավորություն են թողել։ Այս ընթացքում 11 հաճախորդի գործերը դատարան են հասել՝ վճարումները ժամկետից շուտ դադարեցնելու պատճառով։ Ընդ որում, համարյա բոլորն էլ «սալիդնի» հագնված, «ինտելիգենտ» մարդիկ են եղել։

Լա՛վ։ Վճարելով մնացած գումարը՝ բանկը հաճախորդի հետ փոխադարձ համաձայնության է գալիս՝ գնորդը քանի ամսվա ընթացքում պետք է մարի իր պարտքը (ժամկետը 3-ից 6 ամիս է)։ Ապառիկ վերցված ապրանքն այդ ընթացքում համարվում է գրավադրված՝ մինչեւ պարտքի լրիվ մարումը։

Ստորեւ ներկայացնում ենք ապառիկ գնված ապրանքի հավելավճարը՝ կախված կանխավճարից եւ ամիսների քանակից։

Կանխավճար                                                                             Հավելավճար

3 ամիս                 4 ամիս                   5 ամիս                         6 ամիս

30%                                                                                            8.56%                    10.81%                  13.8%                           15.41%

50%                                                                                            6.12%                     7.72%                    9.35%                           11.01%

Կանխավճարից տոկոսներ չեն ավելանում։

150 դոլարից պակաս եւ 2000 դոլարից ավել արժեք ունեցող ապրանք գնելու դեպքում բանկը ապառիկ գործարքի չի մասնակցում։ Նույնը՝ նաեւ նույն ապրանքից 2 եւ ավելի գնելու դեպքում։

Ապառիկ ապրանք գնելու նման գործարքներ շուտով կիրականացնեն նաեւ այլ բանկեր։ Դրանից կշահի միայն գնորդը. կիջնի կանխավճարը եւ հավելավճարը։ Թե նման գործարքից խանութն ու բանկը իրար մեջ որքան գումար են աշխատում, կոմերցիոն գաղտնիք է։

Այնպես որ, ապառիկ ապրանք գնելուց առաջ երկար կանգնեք հայելու առաջ, աչքերին տվեք խորունկ ու վստահություն ներշնչող արտահայտություն, հագուստին գեղարվեստական թափթփվածություն։ Ու գործարքի հաջողությունն ապահովված է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031