Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԴԱՓՆԻՆԵՐ ՉԿԱՆ»

Հունվար 14,1999 00:00
qaxaqakan

Շուրջ մեկ ամիս է, որ Ռուբեն Խուրշուդյանն է գլխավորում հանրապետության նախագահին կից ամռանը ստեղծված քաղաքական խորհուրդը։

Գլխավորել բառը տվյալ դեպքում առավել քան հարաբերական է, որովհետեւ նշյալ կառույցի գործադիր քարտուղարը չի կարող ղեկավար հանդիսանալ զուտ համագործակցելու համար քով-քովի եկած կուսակցությունների ղեկավարներին։ Այս հիմքով է, որ Ռուբեն Խուրշուդյանը կարծում է, թե «անձեւ քաոսից ձեւավորվեց Քաղաքական խորհուրդը։ Շուրջ մեկ ամիս մենք աշխատում էինք զուտ կազմակերպչական խնդիրների լուծման ուղղությամբ»։ Բայց Քաղաքական խորհրդի գործունեության նախընթաց փուլում այդ մարմնի նոր գործադիր քարտուղարն արդեն ձեռքբերումներ տեսնում է։ Քաղաքական գնահատական է տրվել նախորդ իշխանությունների գործունեությանը, որը, Ռուբեն Խուրշուդյանի կարծիքով, իմաստավորում է վերջին ութ տարիներին մեր անցած ուղին, ինչպես նաեւ մատնանշում հանրապետությունը ճգնաժամից դուրս բերելու ուղիները՝ այդ ճանապարհին լավին՝ լավ, վատին՝ վատ ասելով։

-Բայց չէ՞ որ Ձեր այդ մեկնաբանությունը, պարոն Խուրշուդյան, մեկ անգամ արդեն հակահարվածի է արժանացել Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնում Ձեր մրցակից Ալեքսանդր Աղամալյանի կողմից։

Պատասխանն այսպիսին էր. «Անկեղծորեն պիտի ասեմ, որ մեզ մոտ՝ Քաղաքական խորհրդում ձեւավորվել է բավականին առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ եւ ճիշտ չի լինի խոսել ինչ-որ նախանձի կամ խանդի մասին»։

Իսկ ինչ վերաբերում է նախորդ իշխանություններին տրված քաղաքական գնահատականի հարցում առաջացած տարըմբռնումներին, ապա դրա հիմքում հետեւյալն է՝ լինելով Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար, Ռուբեն Խուրշուդյանը խոսել է բացառապես յոթ կուսակցությունների հավանությանն արժանացած փաստաթղթի եւ ոչ թե ԳիԱրՔՄի-ի, որի ներկայացուցիչն է Ալեքսանդր Աղամալյանը, Դեմոկրատական կուսակցության եւ ՍԻՄ-ի հատուկ կարծիքի մասին։

-Լավ, բայց չէ՞ որ այնպես է ստացվում, պարոն Խուրշուդյան, որ այդ ամբողջն արվել է Հրանտ Խաչատրյանի գործադիր քարտուղար եղած ժամանակ, բայց դափնիները Ձեզ են բաժին ընկնում։

-Դափնիների հարցը բավականին վիճելի է, որովհետեւ շատերն ուղղակի չեն պատկերացնում գործադիր քարտուղարի հիմնական ֆունկցիաները։ Դրանք ամրագրված են ՔԽ-ի կանոնադրության մեջ՝ հանրապետության նախագահի հրամանագրով։ Առաջին՝ կազմակերպել եւ կարգավորել ՔԽ-ի աշխատանքները, եւ երկրորդ՝ ապահովել կուսակցությունների ներկայացուցչությունը։ Կարծում եմ, որ այդ երկու գործառույթն էլ որեւէ մեկին չեն կարող դափնիներ բաժին հանել։

-Այդ դեպքում, ինչպե՞ս եք գնահատում Հրանտ Խաչատրյանի գործունեությունը գործադիր քարտուղարի պաշտոնում։

-Հրանտ Խաչատրյանն, իմ կարծիքով, շատ նորմալ է աշխատել, ես անձամբ նրա գործունեությունը բարձր եմ գնահատում, եւ նախագահն էլ ընդհանուր առմամբ դրական գնահատական տվեց մեր աշխատանքին։ Այդ առումով, որեւէ մեկը որեւէ պրոբլեմ չունի կապված Հրանտ Խաչատրյանի աշխատանքի հետ։ Աշխատանքը եղել է նորմալ եւ դրական։

Իսկ ինչո՞վ բացատրել, որ Քաղաքական խորհրդում պատշաճ ներկայություն ապահովված չէ։ Այդ մարմնի աշխատանքներին չեն մասնակցել Կոմկուսը, ԱԺՄ-ն, ՀԺԿ-ն, որոնք նախագահական ընտրություններում միասին ստացել են քվեների ավելի քան 60 տոկոսը, իսկ մի այլ ուժ էլ՝ ՀՀՇ-ն, հետո հեռացավ Քաղաքական խորհրդից։

Մեր զրուցակիցը հարցադրմանն ըստ էության համաձայնեց, նշելով, որ, իրոք, խնդիր գոյություն ունի. «Իսկապես, չի ապահովվել մեր էլեկտորատի շուրջ 60 տոկոսի նախընտրած շրջանակների ներկայությունը։ Իսկապես, որ դուրս են մնացել ամենաազդեցիկ եւ հեղինակավոր կուսակցությունները։ Նրանց հետ պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի ընդգրկվեն ՔԽ-ում։ Դա բավականին դժվար աշխատանք է, որովհետեւ երկար ժամանակ մեզանում առաջնորդվել են մենք-նրանք սկզբունքով։ Կուսակցություններն առաջնորդվել են իրենց բացառիկ ճշմարտացիության գաղափարով։ Եթե կարողանանք մենք-նրանքը ջնջել ու ազգային կարեւորագույն հարցերում համաձայնության գանք, ե՛ւ ՀԺԿ-ն, ե՛ւ ԱԺՄ-ն, ե՛ւ ՀԿԿ-ն ու ՀՀՇ-ն կգան Քաղաքական խորհուրդ»։

Քաղաքական խորհուրդը շարունակելու է հետամուտ լինել իր հիմնական նպատակներին. «Զբաղվելու ենք խոշոր, հայեցակարգային հարցերով։ Նախագահ Քոչարյանը մեր հանդիպման ժամանակ հավանություն տվեց դրան։ Մենք մշակելու ենք ազգային անվտանգության հիմնադրույթները։ Դա նեղ իմաստով չպիտի ընկալվի։ Խոսքը ԿԳԲ կամ ՆԳՆ համակարգի մասին չէ։ Դա շատ ավելի լայն ու լուրջ շրջանակ է։ Խոսքը մեր ազգային անվտանգության բոլոր բաղադրամասերի ամբողջության մասին է, որը ներառում է տնտեսական, մշակութային, դեմոգրաֆիկ անվտանգության խնդիրների, Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շրջանակը։ Դա համալիր խնդիր է, որին փորձելու ենք լուծումներ գտնել Քաղաքական խորհրդում»։

Լուծման կարոտ խնդիրների շարքում է նաեւ պետական քարոզչությունը՝ ի՞նչ մեխանիզմներով ներկայացնել Հայաստանն արտաքին բեմում, որպեսզի անհրաժեշտ իմիջը հնարավոր լինի ձեւավորել։

Ռուբեն Խուրշուդյանը խոսեց նաեւ իր ամենամեծ մտահոգության մասին. «Ես թեեւ անձնական ծրագրեր չունեմ, բայց կարծում եմ, որ պետք է լուծում տրվի մի շարք հրատապ խնդիրների։ Խոսքը մեր քաղաքական-հասարակական միջավայրում վերջին տարիներին ստեղծված անառողջ մթնոլորտի, ծայրահեղ անհանդուրժողականության մասին է։ Իսկ Հայաստանը ճգնաժամից կարող է դուրս գալ միայն փոխզիջումային ընդհանուր մոտեցումների որոնման ճանապարհով։ Ազգային համաձայնության գաղափարը պետք է գերիշխող լինի ինչպես ՔԽ-ում ընդգրկված, այնպես էլ նրանից դուրս գտնվող կազմակերպություններում։ Գոնե կարեւորագույն հարցերում պիտի համագործակցենք»։

Վերջում մի փոքր մեր զրուցակցի մասին։ Նա հանրապետության նախագահին, իբրեւ Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար, հանդիպում է ամիսը մեկ անգամ։ Պաշտոնավարելու է մինչեւ մարտի 10-ը, աշխատում է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում՝ իբրեւ ավագ գիտաշխատող։ Իբրեւ Հայաստանի սոցուժերի միության ատենապետ, ճիշտ է համարում Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի ռոտացիան 3 ամիսը մեկ։ Իսկ Վանո Սիրադեղյանի դեկտեմբերին արած այն հայտարարության վերաբերյալ, թե իշխանափոխությունը անցած փետրվարին անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն է գլխավորել, Ռուբեն Խուրշուդյանն ունի հետեւյալ տեսակետը. «Չեմ կարծում, թե Հայաստանում տեղի ունեցածն անցկացվում էր ինչ-որ սցենարով եւ գոյություն ուներ ինչ-որ սցենարիստ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031