Լրահոս
Օրվա լրահոսը

А В ОСТАЛЬНОМ-ВСЁ ХОРОШО!

Հունվար 14,1999 00:00
Vardan Oskanyan

«Գուցե թե ճիշտ անձը չեմ գնահատական տալու, բայց, համենայնդեպս, ասեմ իմ տեսակետը նախորդ տարվա վերաբերյալ»,- համեստորեն նկատեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետաբար եւ դրական

Պարոն Օսկանյանը որպես անուղղելի լավատես՝ մեր արտաքին քաղաքականության արդյունքներից, որոնք «բավական դրական են», գոհ էր։ «Եվ լավ հիմք է ստեղծվել այս տարի եւս շարունակել աշխատանքները եւ փորձել ավելի ընդարձակել եւ խորացնել այն բոլոր գործընթացները, որոնք սկսվել էին անցյալ տարի, եւ փորձել ավելի դրական արդյունքների հասնել»։

Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման իրավիճակը ավելի բարենպաստ է, քան երբեւէ։ ԵԱՀԿ համանախագահների վերջին առաջարկների փաթեթը դրական տեղաշարժ է։ «Ես նույնպես դրական եմ գնահատում ՏՐԱՍԵԿԱ-ի ծրագրին Հայաստանի մասնակցությունը»։ «Հաջորդ դրական տեղաշարժը ռեգիոնալ համագործակցության առումով տարվա վերջին Հայաստան-Վրաստան-Բուլղարիա եռակողմ համագործակցության սկիզբն էր տրանսպորտի բնագավառում»։

Ամրագրվել ու խորացվել են հարաբերությունները Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ մեր տարածաշրջանում անմիջական շահեր ունեցող երկրների (ԱՄՆ, Եվրամիության անդամ երկրներ, Չինաստան) հետ։ Աշխուժացել են հարաբերությունները արաբական աշխարհի, Եվրոպական մի շարք երկրների, Հարավային Ամերիկայի եւ Հեռավոր ասիական երկրների հետ։ Այս տարի տեղի կունենա ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված գագաթաժողովը, ԵԱՀԿ շրջանակներում կընդունվի Եվրոպայի 21-րդ դարի անվտանգության խարտիան, տեղի կունենան Եվրախորհուրդի 50-ամյակի տոնակատարությունները, Եվրոպայում սովորական ուժերի պայմանագրի ադապտացիայի գործընթացը կհասցվի ավարտին։

«Այս բոլոր գործընթացներում Հայաստանն ունի անելիքներ։ Այս բոլոր գործընթացներում մենք ներկա ենք»։ Եվրամիության հետ այս տարի Հայաստանի հարաբերությունները նոր որակ կստանան։ Իսկ այն, որ Վրաստանը ավելի շուտ կդառնա Եվրամիության անդամ, քան Հայաստանն ու Ադրբեջանը, նախարարը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի գործոնով։

Մշտական թշնամիների ու բարեկամների մասին

«Այսօր գոյություն ունի Թուրքիա-Հայաստան երկխոսություն», որը սկսվել է Օսլոյից հետո։ Թե կողմերը ինչի մասին են խոսում երկխոսության ընթացքում, պրն Օսկանյանը չնշեց։ Որպես ուրախալի լուր՝ նախարարը նշեց, որ Գեղամ Ղարիբջանյանը նախագահի՝ հրամանը ստորագրելուն պես կլինի Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ «Ես գիտեմ դրա (դեսպանի ձգձգվող նշանակման – Լ.Ա.) պատճառները, պարզապես դա ոչ մի կապ չունի Իրան-Հայաստան հարաբերության սառեցման հետ։ Դա՛ չի։ Եթե ձեր հետեւությունը գալիս է նրանից, որ Իրանը մինչեւ օրս դեսպան չի նշանակել, եկեք փորձեմ ձեզ համոզել, որ հրաժարվեք դրանից։ Եթե ունեք այլ հիմնախնդիր, այլ խնդիր է»։

Դեսպանի նշանակման ձգձգումները պրն Օսկանյանը չկապեց Իսրայել կատարած իր այցելության հետ։ Իսկ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանի նշանակման խնդիրը պրն Օսկանյանը համարեց մեկ ամսում լուծվելիք։ Ֆրանսիացի Սեն-Մոր բանտում արդեն 15 տարի գտնվող հայ քաղբանտարկյալ Վարուժան Կարապետյանին, ազատ արձակվելուն պես, մեր կառավարությունը Հայաստանի քաղաքացիություն կտա։ Ֆրանսիայի կառավարությունը Վարուժանի ազատ արձակման առումով որեւէ լուրջ քայլ չի արել։ Կարելի է ասել՝ լուրջ չի վերաբերվել մեր արտգործնախարարության պաշտոնական դիմումին։ Ասուլիսի ընթացքում պրն Օսկանյանը հասցրեց հերքել նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահների առաջարկությունների նոր փաթեթը չի տարբերվում նախկին փաթեթից։

Логично?

«Առավոտը» պրն Օսկանյանից փորձեց ճշտել, թե որքանով են հավաստի աշխատանքից իր հնարավոր ազատման եւ իր փոխարեն Շահեն Կարամանուկյանին ՀՀ արտգործնախարար նշանակելու մասին լուրերը։ «Տեղյակ չեմ, չեմ լսել»,- կարճ կապեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հետաքրքիր է, որ նախարարությունում, այնուամենայնիվ, այս մասին գիտեն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031