Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է»

Հունվար 14,1999 00:00
agasi arshakyan

Հարցազրույց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության ղեկավար Աղասի Արշակյանի հետ

-Ռուսաստանն ու Բելառուսը հետզհետե խորացնում են իրենց հարաբերությունները։ Երկու երկրների միջեւ կնքվել են նոր պայմանագրեր՝ երկու երկրների քաղաքացիների հավասար իրավունքների, տնտեսական հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ եւ այլն։ Հայաստանին դեպի այդ միություն ձգող ձեր նախաձեռնությունը այս իրավիճակում ինչո՞ւ է պասիվ, Հայաստանը, ձեր կարծիքով, այլեւս չի՞ ձգտում դեպի հյուսիս։

-Այս նախաձեռնությունը պասիվ չի, գործում է իր հնարավորությունների շրջանակներում։ Այս նախաձեռնությունը այն նախաձեռնությունն էր, որը նախորդ ընտրություններում պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին։ Առաջին փուլում չպաշտպանելով ոչ մի թեկնածուի, երկրորդ փուլում պաշտպանեց Ռ. Քոչարյանին։ Հարց կարող է ծագել՝ ինչո՞ւ Քոչարյանին եւ ոչ թե Դեմիրճյանին։ Ես պետք է ասեմ, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն ընտրություններից առաջ խոսել են երկու թեկնածուների հետ եւ խոսել են այս գործունեության վերաբերյալ։ Կարեն Դեմիրճյանի համար կարող ենք ասել, որ նա այն պահին իրեն պատկերացնում էր առանց հինգ րոպեի նախագահ եւ չէր ուզում ավելորդ խոստումներով իրեն ծանրաբեռնել, որեւէ կոնկրետ խոստում չտվեց։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը որոշ բաներ խոստացավ այս ուղղությամբ (Հայաստանը Ռուսաստան-Բելառուսին միանալու- Մ. Ե.) եւ խաբեց մեզ։ Ուղղակի ասում եմ եւ խնդրում ձեր թերթում այդպես էլ տպեք։ Մենք, օրինակ, Դեմիրճյանից չենք նեղացել, բայց Ռոբերտից նեղացել ենք։ … Ես մեծ կրքոտությամբ նրան չեմ պաշտպանել։ Հույսեր ունեցել եմ, որ վերջապես մի ղարաբաղցի դեռ չի ծնվել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում վատ տրամադրություն ունենա, դա էլ էր հուսադրող։ Բայց իշխանությունը կուրացման սինդրոմ ունի եւ, ըստ երեւույթին, մեր իշխանավորների զգալի մասն էլ տառապում է չտեսությամբ։ … Այսօր ժողովրդից կտրված է նաեւ Քոչարյանը, իր ամբողջ շրջապատը, տենդերներով ու վարկերով երկիր թալանող, պարտքերի տակ գցող կառավարությունը։

-Պրն Արշակյան, այդ ամենը երկար խոսակցության թեմա է, ուստի խնդրում եմ այս պահին վերադառնանք իմ կոնկրետ հարցին։

-Հիմա մոտենանք խնդրին։ Ուրեմն, ինչո՞ւ պետության կողմից գործնական քայլեր չէին արվում Ռուսաստան-Բելառուս միության գործընթացներին ակտիվ մասնակցելու. որովհետեւ կապակցված են արեւմտյան ստրկացնող կապերով։ Դրա անունը կլինի Համաշխարհային բանկի տված վարկեր, դրա անունը կլինի Միջազգային արժութային հիմնադրամի վարկեր, դրա անունն այն է, որ մեր երկիրը գցել են այնպիսի պարտքի տակ, որ 2003 թվականից, երբ ամբողջ հզորությամբ աշխատելու են այդ վարկերի սպասարկման տոկոսները, երբ պետությունը ամեն տարի վճարելու է բյուջեի 40%-ը՝ այդ ստացված վարկերի դիմաց, նույն իրենց տվյալներով։ Այսօրվա վիճակով 830 միլիոնի կարգի արտաքին պարտք ունենք ստացած վարկերի ձեւով։ Եվ 2003 թվականին, ամենահամեստ տվյալներով, երբ ունենալու ենք մեկ միլիարդ 200 մլն դոլար արտաքին պարտք եւ ամեն տարի 190-200 մլն դոլար էլ սպասարկման գումար ենք տալու, այ, Հայաստանի իսկական վերջը լինելու է դա։ շշ

-Հայաստանը ձեր կարծիքով փրկության ելք չունի՞…

-Հայաստանին մնացել էր տեսական փրկության ելք եւ դա այդ դաշտն էր…

-«Այդ դաշտը» ասելով նկատի ունեք Ռուսաստանին եւ Բելառուսին միանա՞լը։

-Ռուսաստանի, Բելառուսի, հիմա դրա անունը նոր միություն դնենք, հյուսիսային կողմնորոշում դնենք։ Չէ՞ որ Հայաստանը զարգացման երեք հնարավոր տարբերակ ունի, եթե դրա անունը զարգացում դնենք։ (Առաջին երկու տարբերակներին՝ բնատնտեսություն կամ Սեւծովյան համագործակցություն, չենք անդրադառնում տեղի սղության պատճառով- Մ. Ե.)։ … Մնում է չարյաց փոքրագույնը, չարյաց փոքրագույնը՝ հյուսիսային ճանապարհն է։ Վերջիվերջո, ինչքան էլ ամպագոռգոռ բաներ ասեն մեր քաղաքագետները, այս պետությունը Ռուսաստանն է ստեղծե՞լ, Ալեքսանդր Առաջի՞նն է ստեղծել… Թող մի հատ կուրությունից դուրս գան։

-Պրն Արշակյան, եկեք մի պահ հանգիստ թողնենք այս իշխանությանը եւ մտածենք, թե նա չի ընդունում ռուսական կողմնորոշումը։ Բայց իմ հարցը վերաբերում է ձեր նախաձեռնությանը։ Դուք հայտարարեցիք, թե մեկ միլիոնից ավելի ստորագրություն հավաքեցիք։ Հիմա, ի՞նչ, այդ մեկ միլիոնից ավելի մարդկանց ի՞նչ եք խոստանում, այդ մարդկանց կարծիքը…

-Սիրելիս, այդ մարդկանց կարծիքի վրա թքած ունեն բոլորը, հանրապետության նախագահից սկսած, վերջացրած մանր եւ միջին գող չինովնիկներով։ Նրանք իրենց հարցերը լուծել են, իրենց փափուկ տեղերը գտել են, 1 մլն 22 հազար ստորագրությունը հավաքել է այս նախաձեռնությունը։ … Ի՞նչ պիտի անենք, որ շարունակենք։ Մենք ներքաշվել ենք Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու խաղի մեջ եւ ընդհանրապես, գիտեք ինչ, երբ երկրապահների հավաքին ելույթ ունեցա, ասացի, Վազգեն Սարգսյանն էլ հանցագործ է, բայց բերեք այդ մարդուն վերաբերվենք որպես մոլորված որդու վերադարձ, որ խելքի է եկել, բոլորս իրար ենք ներում, դահիճները զոհերից են ներողություն խնդրում եւ սկսում ենք հայրենիքի փրկության հարցը։

Բայց նրանք ի՞նչ արեցին, դռները բացեցին, ինչքան գող-ավազակ կար, տեղական մանր ու միջին, դրանցով ձեւավորված ԱԺ-ի, «Երկրապահի» դռները բացեցին, ասում եմ, մարզպետ կլիներ, թե գյուղսովետի նախագահ, թե գործարանի թալանչի տնօրեն եւ այլն, ու հետաքրքիր է, որ նրանք իրենց տնօրինած օղակներում ավելի մեծ հանցանքներ էին գործել, քան, օրինակ, Տեր-Պետրոսյանը հանրապետության մակարդակով։ Տեր-Պետրոսյանին քշում եք, լավ եք անում, նրա ճանապարհը դա էր, բայց մյուս այն «կռիսներին» (առնետներին- Մ.Ե.), նավից փախչողներին, գողերին, բանդիտներին (ավազակներին- Մ. Ե.), նորից լցնում եք երկրապահի մեջ։ Ուրեմն, ով՝ էշ, նրանք փալա՞ն, այդպես չի կարելի։ …

Հետեւաբար, մենք ի՞նչ պիտի անեինք։ Մենք պատրաստվում էինք գնալ ընտրությունների, այս գաղափարը պաշտպանող մի շարք կուսակցություններ եւս։ Դա դեմոկրատական կուսակցությունն էր, դա առաջադիմական կոմկուսն է, դա Արտաշես Գեղամյանի կուսակցությունն է, դա ՍԻՄ-ն է, էլ չեմ ասում, որ 2 տասնյակի չափ հասարակական կազմակերպություններ, որ լծվել են այս գործին։ … Նույն Վահան Հովհաննիսյանը, իր ազատվելուց հետո մենք նստել, խոսել ենք, երկու ձեռքով կողմ էր, գտնում էր, որ սա է ճանապարհը։ Բայց հենց պաշտոն ստացավ, գնաց մոսկովյան համայնքում անկապ-անկապ բաներ խոսեց։

-Վերադառնանք հարցին, փակուղի՞ է մտել, մանավանդ, եթե հաշվի առնենք Ռուսաստանի այսօրվա տնտեսական վիճակը։

-Չէ, փակուղի չի մտել։ Այստեղ մի քիչ խրտնացնող բան կա։ Այո, Ռուսաստանի տնտեսական ցնցումներն ահաբեկում են մարդկանց։ Բայց երեք անգամ վատանալուց հետո Ռուսաստանում դեռեւս ժողովրդի վիճակը երեք անգամ լավ է, քան Հայաստանում։ Թող ոչ ոք չհամարձակվի դրա վերաբերյալ «սպեկուլյացիա» (շահարկում- Մ. Ե.) անել, ոնց որ առաջներում էին ասում։ … Ռուսաստանը հերթական անգամ է դուրս գալու այս վիճակից։ Ովքեր հույսեր են փայփայում, թե լավ է այս ամերիկյան կողմնորոշումը, սխալվում են, վարկերը գալու են ու այդ վարկերը «կզացնելու» են մեր ժողովրդին։ … Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստան-Բելառուս միությանը, դա լինելու է։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031