«ԱրմենՏելը» սեփականաշնորհման օրվանից է հնարավոր կապը կտրող, բայց երեւի ավելի կարեւոր գործեր կային, որ «ԱրմենՏելով» ոչ ոք լրջորեն չուզեց զբաղվել։
Հիմա, երբ փաստի առաջ է կանգնել հանրապետության ներքին եւ արտաքին հեռահաղորդակցությունը, բողոքի աղմուկը մեծանում է։ Կանանց կազմակերպությունների առաջին բողոքին միացան այլ կազմակերպություններ եւ կուսակցություններ եւս։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հատուկ այս հարցի համար ասուլիս էր հրավիրել, իսկ այսօր ժամը 11-ին պիկետ կանցկացնի «ԱրմենՏելի» շենքի մոտ։
Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ներկա չէր ասուլիսին։ «ՀՀ» աշխատակիցը հարցրեց, թե որպես իշխանություններին մոտ կանգնած մարդ, պրն Սարգսյանը խոսե՞լ է ՀՀ նախագահի հետ «ԱրմենՏելի» սակագնային քաղաքականության մասին։ Պատասխանը ավելի քան զարմանալի էր. պրն Սարգսյանը գտնվում է իշխանական կառույցում, բայց նրա գործունեության ոլորտն այս բնագավառին չի առնչվում, նա արտաքին հարցերով է զբաղվում։ Տեղից մեկը զարմացավ. «Բա սա արտաքին հարց չէ՞»։ Անմիջապես փորձ արվեց դրությունը շտկել. չէ՞ որ Արամ Սարգսյանի կուսակցությունն է հարցը բարձրացնում։ Կ. Դանիելյանը հարկ համարեց կապի եւ հեռահաղորդակցության նախարարի պահվածքի մասին խոսել։
«Հետագիծ» հաղորդաշարին տրված հարցազրույցի ժամանակ, Աննա Իսրայելյանի հարցին, թե ինչո՞վ է պրն նախարարը բացատրում այն հանգամանքը, որ առաջինը կանանց կազմակերպությունները բողոքեցին սակագների բարձրացման դեմ, պատասխանելիս պրն նախարարը քմծիծաղել է եւ ասել, թե կանանց համար հատկապես կարեւոր են հեռախոսային խոսակցությունները։ Կանանց հասարակական կազմակերպություններն էլ դիմել են կառավարությանը, իրենց վիրավորանքն են արտահայտել եւ պատասխան են ակնկալում։ «Առավոտի» այն հարցին, թե հատկապես ի՞նչ է սպասվում. նախարարին նկատողություն արվի՞, թե՞ հեռացվի աշխատանքից։ Ոչ այս եւ ոչ էլ այն, պարզապես սպասվում է, որ կապի եւ հեռահաղորդակցության նախարարը, չասենք ջենթլմեն կդառնա, բայց գոնե ներողություն կխնդրի կամ գոնե իր խոսքը հետ կվերցնի։
Կարդացեք նաև
ՀԴԿ-ն հանդես եկավ հատուկ հայտարարությամբ. «Զրկել «ԱրմենՏելին» մենատիրոջ իրավունքից»։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գերշահույթ ստանալու «ԱրմենՏելի» մոլուցքը գերազանցում է բոլոր չափավոր սահմանները։ «ԱրմենՏելը» չկատարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ 1998 թ. Հայաստանի հեռահաղորդակցության ցանցում ներդնել ավելի քան 50 մլն դոլար, բազմապատիկ բարձրացրեց հեռախոսակապի ծառայության գները։ Վճարովի հեռախոսակցություններ իրականացնելիս բաժանորդը, փաստորեն, ստիպված է «ԱրմենՏելին» վճարել 5-20 անգամ ավելի, քան մինչեւ 1999-ի հունվարը, այսինքն 600 դրամի դիմաց 3-15 հազար դրամ»։
Հեռախոսը մնացել է միակ կապի միջոցը հազարավոր ծերերի, հաշմանդամների եւ ճակատագրով դատապարտվածների համար։ Ըստ ՀԴԿ-ի, սա «միակ ծառայությունն է, որը դեռեւս չի գժտեցնում աղքատներին եւ հարուստներին»։ Սակայն շուտով հեռախոսից օգտվելը կդառնա մեծ շռայլություն։ Վերջում ՀԴԿ-ն կոչ արեց «ՀՀ կառավարությանը՝ վերանայել «ԱրմենՏելի» հետ կնքված պայմանագրի պայմանները, հեռախոսային ծառայությունների գները համապատասխանեցնել բնակչության վճարունակությանը»։
Մ. Ե.