ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս Իսրայել կատարած այցը ռուս եւ հայ հայրենասերները, բնականաբար, կապեցին հուդա-մասոնության դավադրության հետ՝ պնդելով, թե այդ այցը առանց պաշտոնական հրավերի էր, ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի «բարի կամքի» դրսեւորում։ Վարդան Օսկանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը հրավերը ստացել է. «Նոտան կա նախարարությունում, կարող եմ ցույց տալ»։ Այս փաստաթղթի առկայությունը ցրում է բոլոր կասկածները եւ հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ պնդելու, որ պրն Օսկանյանը ոչ հրեա է, ոչ էլ մասոն, եւ այս հարցում մեր հայրենասիրական ուժերը կարող են միանգամայն անհոգ լինել։ Ի դեպ, վերջիններիս ընդհանուր զարգացման համար հայտնենք, որ իրականության մեջ հրեա ազգայնականներն ու իսկական մասոնները կատաղի թշնամիներ են։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի 53-րդ նստաշրջանում անցյալ տարվա դեկտեմբերին նորից հատուկ ուշադրություն դարձվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտին։ Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջարկեցին քննարկվող նախագծում մեկ անգամ եւս հաստատել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Այդ շտկումներով բանաձեւին «կողմ» քվեարկեցին 114 պետություններ, «ձեռնպահ»՝ 20։ Ինչպես 51 եւ 52 նստաշրջաններում, դեմ էր միայն Հայաստանը։ Այստեղ, սակայն, որոշ նշանակություն կարող է ունենալ «կողմերի» եւ «ձեռնպահների» դինամիկան, ինչպես նաեւ այս կամ այն չափով շահագրգռված պետությունների կեցվածքը։ Այս առիթով փորձեցինք Հայաստանում իրանական դեսպանատան միջոցով պարզել, թե վերոհիշյալ հարցում ի՞նչ դիրքորոշում ունի մեր անմիջական հարեւանը՝ «կո՞ղմ» է քվեարկել, թե՞ «ձեռնպահ»։
Դեսպանատունը «Առավոտի» այդ պարզագույն հարցին երկու օր չպատասխանելուց հետո, երրորդ օրը հայտնեց, թե կպատասխանի ավելի ուշ։ Հավանաբար, իմանալու համար, թե ինչպես է պետությունը քվեարկել ՄԱԿ-ում, լուրջ գիտական պրպտումներ են պետք։ Ի դեպ, դեսպանատունը չպատասխանեց նաեւ, թե ե՞րբ է Իրանը պատրաստվում նոր դեսպան ուղարկել Հայաստան, կամ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք։ «Առավոտին», իհարկե, հաջողվեց պարզել, որ 52-րդ նստաշրջանում Իրանը ձեռնպահ էր նշված հարցում, իսկ վերջին՝ 53-ում, «կողմ» քվեարկեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։