Լրահոս
Օրվա լրահոսը

108-ԱՄՅԱ ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ

Հունվար 14,1999 00:00
Vahan Hovhannisyan

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նախապես նշեց, որ այս ասուլիսը որոշակի հաշվետվություն է լինելու «Դաշնակցության քաղաքական աշնան մասին»։

Ճանապարհորդների ակումբ

Անցած տարեվերջը արտաքին քաղաքական ոլորտում իրականացված աշխատանքներով հարուստ էր եղել կուսակցության համար։ Միջազգային Ընկերվարականի շրջանակում հանդիպումներ, այցելություններ Ֆրանսիա, Իրան եւ Ռուսաստան, որոնք որոշ չափով արդեն իսկ լուսաբանվել էին դաշնակցական մամուլում։ Հավելյալ ու հետաքրքրական մանրամասներ էին, որ Իրանում Վահան Հովհաննիսյանը հեռուստատեսությամբ ելույթ էր ունեցել, «որտեղ ես եղա բավականին անկեղծ եւ ասացի, որ այն հարաբերությունները, որ այսօր գոյություն ունեն մեր երկրների միջեւ՝ չեն կարող մեզ բավարարել, որովհետեւ մանրածախ առեւտրի մակարդակից դեպի պետական ծրագրեր կատարվելիք քայլն անընդհատ մնում է կատարվելիք եւ վերջնական իմաստով՝ հաջողության դեռ չենք հասել»։

Դեկտեմբերի 28-ին Մոսկվա կատարած այցն էլ ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ մասնավորապես պատմեց Յուրի Լուժկովի հետ հանդիպման մասին։ Նպատակը նրա գլխավորած ձախ կենտրոնամետ «Отечество» կազմակերպության հետ միջկուսակցական կապերը սերտացնելն էր (ավելի ուշ պրն Հովհաննիսյանն ասաց, որ հենց այդ կազմակերպությունն են Ռուսաստանում իրենց հիմնական գործընկեր համարում)։ «Մենք նաեւ պայմանավորվածություն ունենք օժանդակելու «Отечество» նորաստեղծ կազմակերպությանը, որպեսզի այն առավել լուրջ ներկայություն ունենա Սոցինտերնում»,- հայտնեց պրն Ռուստամյանը։ Եվս մի տեղեկություն փոխանցեց, որ մի 10 տարի առաջ բուռն ոգեւորություն կպարգեւեր հայ հասարակայնությանը. «Լուժկովը կողմ է Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը եւ նրա պատկերացումները չափազանց մոտիկ են մեր ունեցած պատկերացումներին»։

Ընդամենը 1-2 հարց հնչեց Դաշնակցության ղեկավարների այս այցերի մասին, եւ լրագրողները սահուն անցան ավելի հրատապ թեմաների։

Հեռախոսադուլ ՀՅԴ-ի կոչով

Հեռախոսավարձերի սակագների բարձրացման դեմ իրենց հայտարարությանն այս ասուլիսում Արմեն Ռուստամյանը հավելեց, որ մեղմ ասած, անթույլատրելի են համարում ռազմավարական նշանակություն ունեցող այդ համակարգն ամբողջապես արտասահմանյան մի կազմակերպության հանձնելը. «Եվ դրա դեմ պիտի ողջ ժողովուրդն ըմբոստանա։ Դա այն դեպքն է, որ մենք պետք է իրոք մեկընդմիշտ թույլ չտանք, որ մեզ հետ այդպես վարվեն»։ Այլեւայլ կոշտ որակումներ էլ հնչեցին, որոնցով այսօր ուղղակի հեղեղված են լրատվամիջոցները։ Սակայն արտառոց էր նույնը լսել այն գործիչներից, որոնց կուսակցությունը միակն է, որի անդամները գործադիր իշխանությանը մաս են կազմում։ «Առավոտն» այս մասին հիշեցրեց ու նաեւ այն մասին, որ «ԱրմենՏելը» OTE-ին վաճառվել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ վերջինս գովեստի խոսքեր չէր խնայում այդ գործարքի հասցեին։ Եվ վերջապես, որ սակագների բարձրացումը կատարվել է հենց ա՛յս կառավարության համաձայնությամբ։ Ուստի, անհրաժեշտ է, որ ՀՅԴ-ն ավելի հստակ նշի իր բողոքների հասցեատերերին։ Ի պատասխան Արմեն Ռուստամյանը նախ ասաց, որ «ԱրմենՏելի» գործարքի հիմքերը վաղուց են դրվել եւ «անկախ նրանից, թե ում օրոք է կնքվել, ում օրոք չի կնքվել՝ Դաշնակցությունը երբեք իր դիրքորոշումները չի պայմանավորում այս կամ այն հանգամանքով կամ անձով»։

Վահան Հովհաննիսյանը հավելեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մենք բոլոր հարցերում համաձայն ենք կամ պարտավոր ենք համաձայն լինել… Կառավարության որոշումների կամ ուղղությունների նկատմամբ մեր անհամաձայնությունը մենք երբեք չենք թաքցրել»։ Ի դեպ, ավելի ուշ էլ հայտարարեց, թե իրենք համոզված չեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտության մեջ, որի մասին պնդում է կառավարությունը։ Շաբաթ օրը ՀՅԴ ԳՄ-ի անդամները հանդիպելու են վարչապետին, բայց նախապես արդեն Վահան Հովհաննիսյանն ասաց, թե հեռու են այն մտքից եւ հույս չունեն, որ «մեկ կամ երկու նախազգուշացումով, բացատրելով, կոնֆերանսով կամ հանդիպումով կարելի է երկրի կուրսի մեջ լուրջ փոփոխություններ ակնկալել»։

Ի դեպ, իշխանական լծակներ ունենալու մասին մեր հիշեցմանն ի պատասխան դարձյալ հավաստիացումներ հնչեցին, որ Դաշնակցությունն իշխանությունների կցորդը չէ եւ իրենց ունեցած «պայմանական լծակները» կամ «հոգեւոր ոլորտի» նախարարները որեւէ կապ չունեն ժողովրդի տնտեսական խնդիրների եւ հոգսերի հետ։ «Դժբախտաբար, Դաշնակցությունն այդպիսի լծակներ չունի, որ անմիջականորեն ազդի»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ոչ միայն հրավիրել էին, այլեւ համաձայն են

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հրավերով ելույթ ունենալով Երեւանի պետհամալսարանում՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հայտարարել էր որոշ հարցերում Ղարաբաղի եւ Հայաստանի սկզբունքային տարաձայնությունների մասին։ «Առավոտի» հարցն էր, թե արդյոք Դաշնակցությունը կիսում է ԼՂՀ իշխանությունների այդ մտահոգությունները, որոնք երեք հարցադրումների միջոցով Սամվել Բաբայանը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանին։

«Ընդհանուր առմամբ, կա որոշակի մտահոգություն, որ ավելի պետք է սերտացվեն Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունները եւ իրոք պրոբլեմներ կան, որոնք պիտի անհապաղ լուծվեն»։ Արմեն Ռուստամյանն այդ խնդիրների շարքում նախ նշեց տարածքների բնակեցման խնդիրը։ Եվ գրեթե նույնությամբ կրկնեց Սամվել Բաբայանի մի արտահայտությունը՝ նշելով, որ Ղարաբաղը չպիտի տարբերվի մեր այլ մարզերից։

ԼՂՀ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարների տեսակետները այլ հարցերում եւս համահունչ էին։ Ասենք, Վահան Հովհաննիսյանը համաձայնեց Սամվել Բաբայանի հարցադրմանը, որ ԼՂՀ տնտեսության զարգացումը պիտի առաջնահերթ համարվի. «Մեր մասնագետները հիմա ուսումնասիրում են՝ արդյոք իրականում Հայաստանի բյուջեն համապատասխանո՞ւմ է այս կարեւորագույն խնդիրների լուծմանը»։

Փոխզիջումների առավելագույն սահմանի վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարի հարցադրման առնչությամբ էլ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Զիջումները պետք է լինեն անպայման ու անպայման Ղարաբաղի հետ համաձայնեցված։ Սա էլ է հստակ եւ մեր դիրքորոշումն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվեն հին ժամանակները եւ Երեւանում ինչ-որ 6 հոգի ինչ-որ կաբինետներում Ղարաբաղի ճակատագիրը որոշեն՝ առանց նրանց հարցնելու»։

Մինչդեռ թվում էր, որ կրկնության վտանգի մտավախություն Ռոբերտ Քոչարյանի պարագայում չպետք է լինի։ Առայժմ հիշեցնենք միայն, որ նախընտրական փուլում նրան պաշտպանողները պնդում էին, որ «Քոչարյանը բանակցային գործընթացում կարող է արդյունավետորեն համատեղել Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումները» եւ «ի զորու է վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։

Հրապարակեք ամբողջ ցուցակը

ՀՅԴ հանրահավաքում հրապարակելով շուրջ տասնյակ գործիչների անուններ, ՀՅԴ պատասխանատուները խոստացել էին, որ սա միայն սկիզբն է։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե երբ են հրապարակելու այլ անուններ եւս։ Վահան Հովհաննիսյանն ի պատասխան նախ ասաց. «Մենք անհամբեր սպասում էինք, որ ինչպես խոստացան եւ երդվեցին՝ մեզ դատի կտան։ Տղամարդ տղա մեջները գտնվեց մենակ Բլեյանը, որ դատի տվեց։ Բայց ինքը բավական բարդ դատական կացությունների մեջ է եւ դատի է տվել մարդկանց, որոնց դատով վախեցնելը մի քիչ դժվար է»։

ՀՅԴ գործիչները դեռ սպասում են, որ մնացածն էլ կարձագանքեն եւ ամենակարեւորը՝ սպասում են իշխանությունների արձագանքին։ «Ի վերջո, խնդիրը նրանց լուծելիքն է,- ասաց պրն Հովհաննիսյանը։- Կամ մեզ պետք է պատժեն կեղծ տեղեկությունների համար, եթե մենք վարկաբեկել ենք մարդուն, անմեղ Մաքեյանի մասին, օրինակ, ինչ-որ բաներ ենք ասել՝ կամ էլ Մաքեյանին պիտի բռնեն։ Հիմա քանի որ ոչ մեկն է կատարվում, ոչ էլ մյուսը՝ մենք դեռ ստիպված սպասում ենք։ Միգուցե մեզ հարցնեն՝ ինչի հիման վրա մենք այդպիսի հայտարարություն արեցինք, միգուցե Մաքեյանին հարցնեն»։ Ի դեպ, Վահան Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե իրենք սպասում են, որ «ամաչեն, խոստովանեն եւ բերեն թալանվածը»։ Հաշվի առնելով հանրահավաքում նրա հայտարարությունը, թե չաշխատող գործարանների սեփականատերերը չեն էլ ուզում որեւէ մեկի հետ կիսվել, այժմ հետաքրքրվեցինք, թե թալանածն ո՞ւր պիտի հետ բերեն. «Բյուջե»,- կարճ կապեց Վահան Հովհաննիսյանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031