Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԿՄԻԱՆԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ

Հունվար 13,1999 00:00
paxstakan

Արդեն երկրորդ տարին է՝ հայաստանյան իշխանությունները փորձում են իրականացնել փախստականների նատուրալիզացիա, որի իմաստը նրանց Հայաստանի քաղաքացի դարձնելն է։ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած փախստականները այդպես էլ չստացան փախստականի կարգավիճակ, իսկ ԱԺ-ն այս տասը տարիների ընթացքում այդպես էլ չընդունեց օրենք փախստականների մասին։

Դրա փոխարեն Հայաստանը 1993-ին միացել է 1951 թ. կնքված փախստականների կարգավիճակի վերաբերյալ միջազգային համաձայնագրին, որը ըստ էության, պետք է գործեր նաեւ Հայաստանում։ Հայաստանի իշխանությունները, որոնք բացահայտորեն խախտում էին համաձայնագրի բազմաթիվ դրույթներ եւ իրականում որեւէ քայլ չձեռնարկեցին փախստականներին հայկական իրականության հետ մերվելու համար, այսօր արդեն զրկված միջազգային օժանդակությունից, փորձում են կիսաստիպողական միջոցներով Հայաստանի քաղաքացիություն պարտադրել այն փախստականներին, որոնց միակ ցանկությունը այս երկրից փախչելն է, սակայն նրանք չունենալով ինքնության վկայականներ եւ ճամփորդական փաստաթղթեր, որոնց տրամադրումը նախատեսում է արդեն հիշատակված միջազգային համաձայնագիրը, չեն կարողանում հեռանալ Հայաստանից։

«Ընդդեմ իրավական բռնությունների հիմնադրամը»՝ հայտնի լինելով որպես պատանդների ֆոնդ, իրականում զբաղվում է փախստականների խնդիրներով։ Այդ են վկայում Եվրասիա հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերը։ Փախստականների իրավունքները պաշտպանելուն կոչված այս կազմակերպությունը, ըստ բազմաթիվ փախստականների, զբաղվում է միայն իրենց քաղաքացիություն տալու խնդրով։

Ռոմա Տարյանը փախստական է. «Երբ գնացի Լարիսա Ալավերդյանի մոտ, հույս ունեի, որ նա որեւէ կերպ կօգնի ինձ ելքի փաստաթղթեր տրամադրելու։ Ուզում եմ գնալ մի քանի տարի աշխատել, հետո կորոշեմ վերադառնա՞լ, թե՞ ոչ։ Բայց նա ինձ ասում է, արի քաղաքացիություն ընդունի։ Երբ հրաժարվեցի, ասում է, ի՞նչ է, դու հայրենասեր չե՞ս։ Այ քեզ բան, ինչ հայրենասիրություն, երբ սառնարանը դատարկ է եւ երեխաներս սոված են դասի գնում։ Մեզ՝ փախստականներիս երկու հարց է մտահոգում։ Մենք լավ գիտենք, որ հարյուր տարի էլ անցնի՝ մեզ տուն չեն տալու, ուրեմն՝ թող մեզ սեփականաշնորհեն մեր հանրակացարանները, եւ տան փաստաթղթերը։

Վերջերս Լարիսան սոցապ նախարար Գագիկ Եգանյանի հետ հանդիպում էր կազմակերպել։ Ինձ հենց սկզբից արգելեց որեւէ հարց տալ նախարարին, նա դիրիժորի նման կանգնած ասում էր՝ ով ինչ հարց տա։ Լարիսա Ալավերդյանը փախստականներիս քարոզում է քաղաքացիություն ստանալ։ 1999 թ. հունվարի 1-ից Հայաստանում հին անձնագրերը չեն գործելու, այսինքն՝ այս երկրից դուրս գալու համար մենք պարտադրված ենք Հայաստանի քաղաքացիություն ստանալ եւ հայկական անձնագրեր։ Սրա դեմ պայքարելու փոխարեն նա մեզնից պատանդներ է սարքում։ Միջազգային կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել Հայաստանի փախստականների վիճակը բարելավելու համար։ Սակայն այդ միլիոնների դիմաց ընդամենը մի քանի հարյուր քոթեջ է կառուցվել, որտեղ էլ այժմ ոչ փախստականներ են բնակվում։ Կառավարությունը այդ փողերը յուրացրել է, եւ եթե մեզ այժմ ելքի փաստաթղթեր տան, մենք բոլորս դուրս կգնանք Եվրոպա, եւ արտասահմանի համար պարզ կդառնա, որ այդ փողերը յուրացվել են։ Դրա համար էլ մեզ ստիպում են քաղաքացիություն ընդունել։ Ջահել աղջիկը ուզում էր մի ուսումնարան ընդունվի, ասում են՝ գնա Հայաստանի անձնագիր բեր, մեկը գնում է հիվանդանոց, ասում են՝ չենք ընդունում, քաղաքացի չես։ Մենք դեմ չենք Լարիսային կամ մյուս կազմակերպություններին։ Բայց մենք ուզում ենք, որ նրանք իրենց ստացած փողերով պաշտպանեն մեր իրավունքները, եւ ոչ թե մեզ դարձնեն բիզնեսի աղբյուր»։

Բաքվից փախած Ստելլա Ղուկասովան ասում է. «Ես չեմ սիրում լացել, բայց ինչու ես չեմ կարող մայրիկիս գերեզմանին հուշաքար կանգնեցնել, իսկ ինձնով մյուսները մեծ փողեր են շինում։ «Ար» հեռուստաընկերությամբ մի ֆիլմ էին ցուցադրում, որտեղ ցույց էին տալիս, որ Բաքվում փախստականները բնակվում են պլաստիկ վրաններում։ Մեզ ուզում են ցույց տալ, որ մենք պետք է երախտապարտ լինենք Լարիսա Ալավերդյանին կամ Վլադիմիր Կարմիրշալյանին, որ մենք բնակվում ենք հանրակացարաններում։ Բայց այդ դեպքում նույն Լարիսա Ալավերդյանը եւ Կարմիրշալյանը տասնապատիկ պետք է շնորհակալ լինեն մեզ, որ մեր շնորհիվ նրանք այսօրվա գործազուրկ Հայաստանում ապահովված են բարձր վարձատրվող աշխատավարձով։ Ստորացուցիչ է մեզ համար, երբ Սուրեն Աբրահամյանը «Республика Армения» թերթում զարմանում է, թե ինչու է Մոսկվան մնում կրիմինալ քաղաք, երբ այնտեղ չկա փախստականների այնպիսի քանակություն, ինչպես Երեւանում»։

Այս խնդիրների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, դիմեցինք Լարիսա Ալավերդյանին։ Ընդդեմ իրավական բռնության հիմնադրամի՝ գրասենյակում տիկին Ալավերդյանը սեմինար էր կազմակերպել փախստականների համար եւ նրանց բացատրում էր, որ Ադրբեջանում հայերը ոչ թե ազգային փոքրամասնություն էին, այլ պետականություն կրողներ։ Որ Ադրբեջանը ստեղծվել է ոչ թե որպես ազգային հանրապետություն, այլ համազգային։ Ամբողջ այս սեմինարի իմաստն այն էր, որ փախստականները պետք է վերադառնան Ադրբեջան։ Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց, որ իրենց քարոզչության նպատակն է քաղաքացիության ատրիբուտներ՝ մշտական գրանցում, սեփականաշնորհված բնակարան կամ հողամաս ունեցող, քաղաքացու իրավունքներից օգտված փախստականներին համոզել, որ նրանց համար իմաստ չունի այլեւս մնալ փախստական։ Նրանց համար դա նույնիսկ վնասաբեր է, քանի որ քաղաքացին ավելի լայն իրավունքներ ունի, քան փախստականը։ «Փախստականները ցանկություն ունեն գնալ այլ երկիր եւ այնտեղ քաղաքացիություն ստանալ։ Ես զարմանում եմ, ինչո՞ւ նրանք չեն ուզում ստանալ դա այս երկրում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ փախստականները մինչեւ օրս չեն ստացել որեւէ կարգավիճակ կամ միջազգային համաձայնագրերով նախատեսված ելքի ճամփորդական փաստաթղթեր, տիկին Ալավերդյանն ասաց. «Նախ փախստական ձեւակերպումը այս դեպքում մի փոքր վերապահումով պետք է ընդունել։ ԽՍՀՄ-ում, եթե մարդը մի հանրապետությունից մյուսն էր գնում, գրանցվում էր, նա փախստական չէր համարվում։ Իսկ ԽՍՀՄ-ն փլուզվեց 1991-ին, երբ փախստականներն արդեն եկել էին Հայաստան։ Մշտական գրանցում ունեցող փախստականներին տրվում էին կապույտ գրքույկներ, իսկ գրանցում չունեցողներին՝ երկնագույն։ Իհարկե, Հայաստանի իշխանությունները պարտավոր էին փախստականներին տրամադրել ելքի փաստաթղթեր, որը նախատեսվում է միջազգային համաձայնագրերով։ Այսօր գործող կարգը ուղղակի օրինազանցություն է, որի դեմ ես պայքարում եմ բոլոր հնարավոր միջոցներով»։

«Ինչո՞ւ է միջազգային հանրությունը շահագրգռված փախստականների նատուրալիզացիայով» հարցի վերաբերյալ Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց, որ միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանի վիճակն արդեն բարելավվել է, կառավարությունը նոր մեքենաներ է գնում, պաշտոնյաները առանձնատներ են կառուցում։ Ասում են, որ ուզում են ամբողջ կյանքում մնալ փախստական, բայց վաղուց ժամանակն է, որ այդ խնդրով զբաղվի Հայաստանի կառավարությունը։ Կառավարությունն էլ մտածում է, որ փախստականների վիճակի համար պատասխանատու է ՄԱԿ-ը։

Տիկին Ալավերդյանն ավելացրեց, որ մեր կառավարությունը մինչեւ այժմ էլ չունի փախստականների խնդիրը համակողմանիորեն լուծելու ծրագիր։ Որ կառուցվել է 1500 քոթեջ, որոնցից 300-ում, ըստ ստուգումների, բնակվում են ոչ փախստականներ։ Բացի այդ, քոթեջները հեռու են հիմնական բնակավայրերից, որը խոչընդոտում է փախստականների ինտեգրացիային։ «Եթե կառավարությունը իրոք ցանկություն ուներ այդ մարդկանց ինտեգրելու, ապա մեկ քոթեջի արժեքով՝ 6 հազար դոլար, կարելի էր բնակարան գնել նաեւ Երեւանում»։

Վերադառնալով քաղաքացիության քարոզչությանը, մեր զրուցակիցն ավելացրեց, որ կեղծ են այն լուրերը, թե փախստականները, ընդունելով քաղաքացիություն, հրաժարվում են իրենց հայրենիքից՝ Գյանջա, Դաշքեշան, Շահումյան։ Բայց մեր պատմությունը ցույց տվեց, որ միայն քաղաքացին կարող է լինել Հայ դատի պահանջատեր։ «Ովքեր էին իրենց կառավարությունների առաջ բարձրացնում Հայ դատը, իհարկե, Ամերիկայի, Ֆրանսիայի, Անգլիայի քաղաքացի դարձած հայերը։ Մեր փախստականներն էլ ընդունելով քաղաքացիություն, կդառնան իրենց հայրենիքի իրական պահանջատերերը։ Մենք փախստականներին քարոզում ենք, որ չպետք է բացառել նրանց վերադարձը Ադրբեջան»։ «Ինչո՞ւ եք պետության խնդիրը ձեր վրա վերցրել, քարոզում, որ քաղաքացիություն ընդունեն»,- հարցից տիկին Ալավերդյանը փոքր ինչ անակնկալի եկավ եւ ասաց, որ քաղաքացիության ընդունումը խիստ կամավոր է, որ իրենք բացատրում են քաղաքացու, փախստականի եւ օտարերկրացու իրավունքները եւ առաջարկում ընտրել։

Մինչդեռ ծրագիրը, որը իրականացրել է Լարիսա Ալավերդյանի ղեկավարած կազմակերպությունը, կոչվում է. «Փախստականությունից-քաղաքացիություն» եւ այդ ծրագրի շրջանակներում տպագրված քարոզչական թերթիկում նշված են բազմաթիվ իրավունքներ, որից օգտվում է Հայաստանի քաղաքացին։ Ընդամենը մեկ մեջբերում. «Բնակվելով Հայաստանում եւ չունենալով քաղաքացիություն, դուք համարվում եք քաղաքացիություն չունեցող անձ, ինչը իրավական առումով ձեզ դնում է ավելի աննպաստ վիճակում, քան ՀՀ քաղաքացիներին»։\

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031