Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղով Նոր տարին է անցել

Հունվար 13,1999 00:00
tonakan sexan

Կամ ով ինչ էր «դրել» իր սեղանին

Ի՜նչ տոն արեցինք, ի՜նչ տոն։ Ամեն տարի նշում ենք այդ տոնը, բայց միեւնույն է, դրանից «պրծում» չկա. էլի գալիս է։ Մատների վրա հաշված մարդիկ, ավելի ճիշտ դրանց կեսը՝ կանայք են, որ օձիք թափ չեն տալիս այդ տոնից։

Ամեն տարի սրտերի (եւ գրպանների) ուժգին տրոփյունով սպասում ենք բնության այդ աղետին, որը փոթորկից ուժեղ, ցունամիից ավելի շռնդալից գալիս ու սրբում է մի տարվա դատած-բանածը, ու իր հետեւից թողնում… Ընդ ավերակաց ես այլեւս ո՞ւմ թագավորեմ… Ոչինչ, դժբախտություն չէ. սկսվում է մեծ պասը։ Կարելի է ճշմարիտ քրիստոնյա ձեւանալ եւ դրանով մասամբ լուծել սննդի հարցը։ Իսկ ա՛յ, շատ հարցերի լուծումներ տարվա ամենամեծ տոնը հետ գցեց առնվազն մինչեւ բարեկենդան (կամ գարնանային գիշերահավասար)։ Թե կոնկրետ ով ինչ չկարողացավ գնել՝ նպաստելով տոնական սեղանի ծանրաբեռնմանը, այնքան էլ դժվար չէր իմանալ, ում հարցնում էինք, մի հատ ա՜խ էր անում ու…

1998-ին կազմավորված մի ընտանիք, ի թիվս այլ բարիքների, ամանորի գիշերը տոնական սեղանին է դրել իր… բազմոցը երկու բազկաթոռով ու սրտի մրմռումով, բայց ամեն դեպքում լավ ախորժակով կերել դրանք, ուրիշներին էլ հյուրասիրել։ Այդպես էլ չկարողանալով կատարել ծրագրված գնումը, երիտասարդ զույգը հիմա նորից գումար է հավաքելու երազած «холл»-ի համար եւ միաժամանակ աղոթելու, որ հաջորդ Նոր տարին այսքան շուտ չգա։ Մի կին «վաշ-վիշ» էր անում իր ուսանող որդու մի տարվա ուսման վարձի համար, որ ամանորի մի գիշեր ու հաջորդ մի քանի ցերեկները կերել ու մարսել էին ինքը՝ ընտանյոք եւ հյուրերով հանդերձ։ Այդ նույն բախտին արժանացել են տարբեր քանակներով ու նշանակությամբ հավաքված գումարներ. մեկն իր տիրոջը պիտի օգներ հեշտությամբ ազատվելու կույրաղիքի անպետք ելուստից, մյուսը ընդհանրապես օժիտ էր ուզում դառնալ, ավելի ճիշտ դրա բուրդը (խեղճին գզեցին, մինչեւ կհասցներ բուրդ դառնալ)։

Մի ծանոթ պապիկ ընտանեկան տոնական սեղանին զոհել էր իր ապագա արհեստական ծնոտը՝ 32 ատամներով, մի անծանոթ տատիկ՝ իր – 6 ակնոցը, իհարկե, դարձյալ ապագա։ Մեր հարեւանը այս տարին էլ դիմավորեց իր «թշացող» «Горизонт» հեռուստացույցով, փոխարենը այս տարի էլ սեղանին ոչ մի «զակուսկա» պակաս չէր։ Թվարկածս եւ դեռ թվարկելիք «զոհերի» մեջ թերեւս չկա ավելի անմխիթարը, քան մի ընտանիք, որ հարեւան-բարեկամների առաջ «ամոթով չմնաց» չափազանց թանկ գնով. պարզապես չգնեց… երեխաների համար նվերներ, խաբեց մանդարին, շոկոլադ, խնձոր պարունակող տոպրակներով։

Ասենք, կարելի է գտնել եւ ավելի «դժբախտների»՝ մարդկանց, որոնք «փորձությունից պատվով դուրս են եկել» իրենց «մուրազ» (առայժմ անկատար) Ariston տաքացուցիչի, Indesit սառնարանի կամ առնվազն Tefal արդուկի գնով («գին»-ը հասկանալ բառացիորեն)։

Ավելի դժվար է եղել այն հատուկենտ «մարտիրոսների» համար, ում այնքան էլ գրկաբաց չէին սպասում Կանարյան կղզիները կամ գոնե նրանց Կրետե եղբայրը։

Ով ինչ ասես, որ որպես զոհ, չմատուցեց տարվա ամենագլխավոր սեղանին։ Բայց այս «զոհերն» իրենք պատկերացում են տալիս յուրաքանչյուրի սեղանի մասին։ Ու, ցավոք, հաճախ է պատահում, որ մեկի ատամնապրոթեզը շատ ավելի թանկ է արժենում, քան մի ուրիշի Կանարյան կղզիները։ Բայց դե երկուսն էլ գինով կուտվեն։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031