Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ասել է«Ազգադավ հանձնաժողով»

Հունվար 13,1999 00:00
elektroncanc

Եւ ինչպե՞ս կամ ինչո՞վ են «վերացնում» այն

Տնտեսական, սոցիալական ծանրագույն վիճակում հայտնված մարդն անխուսափելիորեն նաեւ հոգեբանական ճգնաժամի «զոհ» է դառնում։ Պիտի փաստենք, որ մեր պետության բնակիչների մեծագույն մասն այդ վիճակում է։ Հենց վերոհիշյալ հանգամանքն էլ մեզ երբեմն խանգարում է սթափ, իրատես ու հանդուրժող լինել մեկմեկու հանդեպ։

«Առավոտին» հղած նամակի վերնագիրը («Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը», 24.12.98 թ.) արդեն հուշում է, որ մեծարգո Լ. Շահնազարյանը ծայրահեղ «զգայուն» դիրքորոշում ունի էներգետիկ համակարգի մասնավորապես էներգետիկ հանձնաժողովի նկատմամբ։ Իրավասու չլինելով հիշյալ հանձնաժողովի խնդիրների մասին խոսել, անդրադառնանք նամակին կից գրությանը, ուր հեղինակը բարեխղճորեն թվարկում է «Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ, դժվարանում ենք ասել «Կոմիտա՞ս», թե՞ «Արաբկիր» մասնաճյուղերի աշխատակազմը։ Թեեւ դրանք տարբեր են, բայց էական չէ, քանզի մասնաճյուղերի աշխատակազմերը գրեթե միանման են։

Լ. Շահնազարյանի «միջին ղեկավար օղակի» ցուցակը բաղկացած է 25 կետից։ Անկեղծ ասած, անհասկանալի է նամակագրի զարմանքի, թե զայրույթի պատճառը։ Մի՞թե մասնաճյուղը չպետք է ունենա տնօրեն, իրացման գծով փոխտնօրեն, կադրերի տեսուչ, ճարտարագետներ, ֆինանսական բաժին, հաշվապահություն։ Հոսանքազրկվելիս, անկախ օրվա ժամից, արդյո՞ք մեր միակ հույսը դիսպետչերական, օպերատիվ ծառայությունների վրա չենք դնում, նրա՞նց չենք դիմում պահանջելու պես։ Դուք առիթ չե՞ք ունեցել հիանալու այդ մարդկանց արագ, հաճախ անձնուրաց աշխատանքով։ Ի դեպ, նամակագրի անտեղյակությունը լրացնելով ասենք, որ 1986 թ. ի վեր ցանցի հիմնական վերանորոգման չենթարկվելու հետեւանքով վթարները շուրջ վեց անգամ ավելացել են։ Դե, եկեք նստենք ու հիշենք. քանի՞ մարդ է հարկավոր վթարային ծառայությունը արագ ապահովելու համար։ Նաեւ սա է պատճառը, որ, ի տարբերություն շատերի, մեր աշխատակիցների աշխատանքային օրը նորմավորված չէ։

Կամ պատճենահանողի հաստիքը ստեղծվել է հենց մեր սպառողի հանդեպ արագ ծառայություն մատուցելու միտումով։ Փակե՞նք։ Փակենք։ Բայց ի՞նչ կստանանք արդյունքում, ի՞նչ ենք շահելու։ Գործազուրկների բանակի նոր համալրո՞ւմ։ Մասնագիտական կրթությամբ այդ մարդիկ գուցե հաջողակ են, որ աշխատանք ունեն, բայց նրանց տնտեսական ճգնաժամի պատճառ համարելն ուղղակի ճիշտ չէ։ Ի՞նչ է ստացվում, աշխատող մարդը հանցագո՞րծ է իր պետության առջեւ։

Սակայն, այս ամենով հանդերձ, ցավով պետք է խոստովանենք, որ համակարգում 1998 թ. կրճատումներ են սկսվել ու պիտի շարունակվեն նաեւ եկող տարի։ Այսպես, 98 թ. հունվարի մեկի դրությամբ ընկերությունն ուներ 3600 աշխատող, նոր տարի մենք ոտք ենք դնում 2865 հոգով եւ այդ թիվը մինչեւ 1999 թ. հոկտեմբեր կհասնի 2300-ի։ Ցավում ենք, քանի որ յուրաքանչյուր աշխատողի, յուրաքանչյուրի հաստիքի հետեւում մարդն է, ընտանիք է կանգնած իր ահագնացող հոգսերով, դժվարություններով, որոնց հոգսի իրենց բաժինն են ավելացնում նաեւ նման անտեղի, անիմաստ, անհիմն մեղադրանքները։

Հ. ԲԱՇՈՒՂՅԱՆ

«Երեւանի էլեկտրացանց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031