Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 13,1999 00:00
yerevan

«Հայինժնախագիծ» բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) մշակել է Երեւանի երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ընդարձակ ու ընդգրկուն ծրագիր։ Նրանում առաջադրված հիմնախնդիրները խմբավորված են երկու հիմնական բաժինների մեջ։

Առաջինում ներկայացված են վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական պաշտպանության հետ կապված միջոցառումները, երկրորդում՝ երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հետ կապված առաջարկները։

Վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական պաշտպանության նպատակով «Հայինժնախագծի» ծրագրում առաջարկվում են հետեւյալ միջոցառումները (ծախսերը տրված են ԱՄՆ դոլարով եւ յուրաքանչյուր միջոցառման համար նշված գումարը ընդգրկում է նախագծա-հետազոտական ու շինարարական աշխատանքները)։

Քաղաքի կենտրոնական մասում, 140 հեկտար տարածության վրա ջրաիջեցման աշխատանքների արժեքն է 5,81 մլն դոլար։ Նույն աշխատանքները Էրեբունի զանգվածի 60 հա տարածքում պահանջում են 2,51 մլն դոլարի ծախսեր, հարավային արդյունաբերական գոտին եւ Ձորաղբյուրն ընդգրկող 405 հա տարածքում՝ 6,1 մլն դոլար։

Ջրվեժը, Ողջաբերդը, Բերդաձորը, Ջրաշենն ընդգրկող 5000 հա տարածքը հեղեղումներից, սելավային երեւույթներից պաշտպանելու համար անհրաժեշտ են 31,25 մլն դոլար ներդրումներ։

Հակասողանքային ճարտարագիտական պաշտպանական միջոցառումները Ջրվեժի (250 հա տարածք) համար պահանջում են 9,46 մլն դոլար, Նուբարաշենի ջրաբերանային դարատափի (150 հա) համար՝ 8,875 մլն դոլար (այդ թվում՝ Նուբարաշենի 80 հա տարածքով գերեզմանոցի համար՝ 5,9 մլն դոլար), Ձորաղբյուրի հարթավայրի (200 հա) համար՝ 6,2 մլն դոլար, Խարբերդի եւ Ձորաղբյուրի այգեգործական հողամասերի (590 հա) համար՝ 19,92 մլն դոլարի ներդրումներ։

Փլուզումասողանքային զարգացումների դեմ համատեղ միջոցառումները Հրազդան գետի կիրճում, Ջրվեժում, քաղաքի կենտրոնական հատվածում (Գետառ ու Բերդաձոր, ընդհանուր 1480 հա մակերեսով) պահանջում են 30,2 մլն դոլարի ծախսեր։ Եվս 0,35 մլն դոլարի ծախսեր են պահանջվում բոլոր վտանգավոր զարգացումների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողության իրականացման համար։

Այսպիսով, համաձայն «Հայինժնախագիծ» ԲԸ ներկայացրած ծրագրերի, Երեւանի տարածքում միայն բնական-տեխնածին գործընթացների դեմ ճարտարագիտական պաշտպանությունը իրականացնելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ են 120,7 մլն դոլարի հատկացումներ։

Մայրաքաղաքի երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հետ կապված միջոցառումներն ու դրանց ծախսերը հետեւյալ տեսքն ունեն։

Բնակելի շենքերի ամրացման, անձնագրավորման, հետազոտման աշխատանքներն ընդգրկում են Մաշտոցի համայնքի 140 վթարային շենքերը (աշխատանքների արժեքը՝ 25,2 մլն դոլար), 5060 բնակելի շենքեր քաղաքի մյուս համայնքներում (հետազոտական եւ անձնագրավորման աշխատանքների արժեքը՝ 769 հազար դոլար)։

Կամուրջների, ուղանցույցների եւ ստորգետնյա անցումների վերականգնման ու ամրացման աշխատանքները ներառում են ռազմավարական նշանակության 10 կամուրջներ եւ ուղանցույցներ (ծախսը՝ 1,6 մլն դոլար), ընդհանուր նշանակության 15 ուղանցույցներ եւ 27 ստորգետնյա անցումներ (ծախսը՝ 1,37 մլն դոլար)։ Ավանի աղի հանքի ստորգետնյա դատարկ տարածքների վրա կառուցված բնակելի շենքերի ամրության հետազոտական աշխատանքները պահանջում են 17,4 հազար դոլարի հատկացումներ։ Մետրոպոլիտենի «Բարեկամություն» եւ «Աջափնյակ» կայարանները միացնող թունելի բետոնապատման ու ամրացման հաշվարկված ծախսը 1,72 մլն դոլար է, բանեցված քարհանքների վերամշակման ու 378 հեկտար չոր հողերի մաքրման ծախսը՝ 6,14 մլն դոլար եւ այլն։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման միջոցառումները, համաձայն «Հայինժնախագծի» ներկայացրած ծրագրի, պահանջում են 42,24 մլն դոլարի ծախսեր։ Այսպիսով, վտանգավոր բնական-տեխնածին երեւույթներից ճարտարագիտական միջոցառումների ընդհանուր ծախսը կազմում է 162,94 մլն դոլար։

Անշուշտ, «Հայինժնախագիծ» ԲԸ բիզնես-ծրագրում ներկայացված պաշտպանական միջոցառումների ծախսային ցուցանիշները պետք է փորձագիտական ուսումնասիրությունների ենթարկվեն մասնագիտական այլ շրջանակների կողմից։ Ամեն դեպքում, եթե «առաջին ընթերցմամբ» 163 մլն դոլարը որպես հիմք ընդունենք, ապա գլխավորը մնում է այդ գումարի հայթայթման խնդիրը։ Հանրապետության բյուջեի սուղ միջոցները բացառում են միայն մայրաքաղաքի համար այդպիսի հատկացումների հնարավորությունը։ Սակայն մայրաքաղաքի, նաեւ հանրապետության ողջ տարածքի բնատեխնածին եւ երկրաէկոլոգիական վատթարացող իրավիճակը «հուշում» է, որ այս հիմնախնդիրը հանրապետության համար հրատապ լուծում է պահանջում։ Շտապ կարգով պետք է հայթայթվեն նաեւ արտաբյուջետային, արտասահմանյան ֆինանսական աղբյուրներ։

ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031