Մենք հպարտանում ենք մեր հայ լինելով, եւ դա շատ բնական է: Բայց ես զգում եմ. եթե վրացի լինեի, նույնպես կհպարտանայի: Իսկ եթե ես թուրք լինեի… Ես ինձ թույլ եմ տալիս հպարտանալ, որ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմում: Բայց ինձ համար կարեւոր է գիտակցել, որ բռնության նախաձեռնողը մենք չէինք: Դա մեր ընտրությունը չէր:
Բանակցություններ
Այսօր մենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում ենք: Բանակցությունները առաջընթաց քայլ կլինեին՝ զինադադարից դեպի խաղաղություն: Ցավոք, ազերիները պատրաստ են բանակցությունների մեջ մտնել՝ միայն Ղարաբաղն իրենց տարածքի մասը ճանաչելու նախապայմանով: Այդ առումով մեր հայկական դիրքորոշումն ավելի հանդուրժողական է. մենք պատրաստ ենք բանակցել առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը պնդում է միայն, որ ԼՂՀ-ն ճանաչվի որպես գոյություն ունեցող հակամարտության կողմ:
Բայց եկեք ինքներս մեզ հարցնենք՝ իսկ մենք ճանաչո՞ւմ ենք Ղարաբաղն ինքնուրույն, իրավահավասար կողմ: Լիակատար հետեւողականության համար մենք ինքներս պետք է ճանաչենք Արցախի ինքնուրույն գործոնը: Պետք է վերջ տալ ԼՂՀ-ի հետ հարաբերություններում այն երկիմաստությանը, որը մենք խորամանկորեն /մեզ այդպես էր թվում/ փորձում էինք ծառայեցնել մեր շահերին: Հանկարծ այնպես չստացվի, որ արդյունքում ինքներս մեզ խաբենք:
Կարդացեք նաև
Իշխանությունը խլելու տեխնոլոգիան
Վերջին տարիներին ազերիների մոտ ցանկացած քաղաքական թիմ իշխանության էր գալիս միեւնույն հնարքն օգտագործելով՝ Ղարաբաղը «տարածքային ամբողջականության» ոլորտը վերադարձնելու խոստումով: Դա հնարավոր էր նաեւ այն պատճառով, որ ամեն անգամ մարդիկ կուրորեն հավատում էին, թե տվյալ վերնախավը ղարաբաղյան հարցում վարում է պարտվողական, դավաճանական քաղաքականություն: Մի՞թե ոչ այնտեղ, ոչ էլ մեզ մոտ քաղաքական աճպարարները չեն կարողանում որեւէ նոր բան հնարել:
Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ