Քաղաքական գործիչները կանխատեսում են
Արմեն Դարբինյան (Հայաստանի վարչապետ)– (Պրն Դարբինյանին էլ խնդրեցինք միայն կանխատեսել, թե տնտեսական առումով ինչ տարի է լինելու 1999-ը- Ա. Ի.)։ Բավական դժվար տարի է լինելու, քանզի միջազգային ֆինանսական ճգնաժամը դեռեւս հաղթահարված չէ։ Այս պարագաներում, իհարկե, Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ։ Մենք ծրագրել ենք առնվազն 4%-ի աճ, կփորձենք հասցնել մինչեւ 6%-ի իրական աճը։ Բայց այստեղ շատ կարեւոր է արդյունաբերության զարգացման այն ծրագրերի իրականացումը, որոնք արդեն իսկ ընդունված են կառավարության կողմից։ Խոսքս վերաբերում է առաջին հերթին քիմիական եւ լեռնաարդյունաբերական համալիրների զարգացման ծրագրերի մասին։ Համոզված եմ, որ կկատարենք։
Կարդացեք նաև
Դավիթ Շահնազարյան («21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ)– Նախ նշեմ, որ 1998-ին Հայաստանը վերածվեց պերմանենտ հեղաշրջումների երկրի, եւ վերջնականապես ջախջախվեցին ոչ միայն ընտրական մեխանիզմները, այլեւ բոլոր այն հույսերը, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ժողովրդավարական ընտրություններ անցկացնել։ Եվ եթե առկա քաղաքական վիճակը պահպանվի՝ 1999-ին ԱԺ ընտրությունները կվերածվեն հերթական ֆարսի, մի տեսակ պրոտոկոլային երեւույթի։ Եվ իշխանությունն ինքը կաբինետներում նախօրոք որոշված կազմով խորհրդարան կձեւավորի։ Կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ սկսված տնտեսական ճգնաժամն իրեն շատ արագ զգացնել կտա։ Եվ չեմ բացառում, որ տնտեսական այդ գործընթացն ավելի արագ կընթանա, քան քաղաքական գործընթացները։
Արտաքին քաղաքականության ոլորտում որեւէ լուրջ ակնկալիք ունենալ նույնպես չի կարելի։ Կարծում եմ, որ գնալով էլ ավելի կխորանա այն մեկուսացված վիճակը, որ ստեղծվեց 1998-ին։
Երբեք չեմ խուսափել կանխատեսում անելուց, չնայած դա շատ անշնորհակալ գործ է եւ այժմ կփորձեմ մի կանխատեսում էլ անել։ Ղարաբաղի հարցը կարող է միայն դեյթոնյան տարբերակով լուծվել, քանի դեռ Հայաստանում օրինական իշխանություններ չկան։
Մի խոսքով, կարծում եմ, որ 1999-ը կլինի թե՛ տնտեսական, թե՛ գուցե քաղաքական ցնցումներով ոչ աղքատ տարի, քանզի տոտալ իշխանության համակարգը, որին ձգտում է ներկայիս իշխանությունը՝ Հայաստանի նման երկրում իրականացնելն անհնար է։ Ակնհայտ է, որ տնտեսական հարցերը գերիշխող են դառնալու. նկատի ունեմ այսօր առկա գործազրկության սարսափելի աճը եւ սոցիալական ծանր վիճակը, որոնք, կարծում եմ, կթելադրեն նաեւ քաղաքական կացությունը Հայաստանում։ Հավելեմ, որ 1998-ին լրջորեն մեծացավ նաեւ Հայաստանից եւ Արցախից արտագաղթողների քանակը։ Այնպես որ, անկեղծ ասած, 1999-ից առայժմ դրական սպասելիքներ չունեմ, եթե քաղաքական իրավիճակը չբարելավվի եւ պայմաններ չստեղծվեն ազատ ընտրություններ անցկացնելու համար։ Թվարկածս բոլոր ծանրացած խնդիրների լուծման միակ միջոցն օրինական իշխանությունների ձեւավորումն է։
Դավիթ Շահնազարյանին հիշեցրինք անցած տարի «Առավոտում» իր այն մռայլ կանխատեսումը, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը տեղափոխվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ նաեւ, որ չէր բացառել պատերազմի վերսկսումը։ Այժմ առաջարկեցինք (Չերչիլի ասույթի համաձայն), բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ. «Պատերազմը չէի բացառել, քանզի այդ պահին դրա համար իսկապես նախապայմաններ կային (Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը եւ այլն)։ Անկեղծ ասած, հիմա էլ չեմ կարող բացառել պատերազմը, քանզի ակնհայտ ճշմարտություն է, որ եթե բանակցություններ չկան, ապա ռազմական գործողությունների վերսկսման վտանգն էապես մեծանում է։
Ես այնքան էլ չէի սխալվում, երբ կանխատեսում էի, որ այս հարցը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխվել։ Այսօր Ադրբեջանը եւ նրա որոշ ռազմավարական գործընկեր պետությունները ջանք չեն խնայում ԵԱՀԿ շրջանակներից հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու համար։ Այնպես որ, այդ կանխատեսումն իրականությունից այդքան էլ հեռու չէ»։
Այս առնչությամբ պրն Շահնազարյանին առաջարկեցինք մեկնաբանել ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի («Առավոտ», 12.01.1999թ.) այն տեսակետը, թե սխալ է պատերազմի վերսկսման մասին կանխատեսումներ անելը՝ մանավանդ ոչ պատերազմական իրավիճակում, քանզի «անգամ պատերազմի ժամանակ են հույս տալիս, որ այն շուտով կավարտվի»։ Դավիթ Շահնազարյանն ի պատասխան նախ ասաց, թե չի պատրաստվում այդ տեսակետը մեկնաբանել, բայց այնուամենայնիվ նշեց. «Ընդհանրապես չեմ ընդունում նման կարծիքները։ Սա ոչ իրատեսական մոտեցում եմ համարում։ Իրատեսական մոտեցման դեպքում պիտի հաշվարկվեն հնարավոր բոլոր հետեւանքները, եւ պետական այրերի ուղղակի պարտականությունն է այդպես վարվելը եւ ոչ թե լոզունգային քաղաքականությամբ առաջնորդվելը, որ մեր իրականության մեջ գերիշխող է դարձել»։
Գագիկ Թադեւոսյան (Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար)– Կառուցվածքի, զուտ ֆինանսական գրագիտության տեսակետից 1999-ի պետբյուջեն անհամեմատ ավելի լավ էր կազմված, քան նախորդ տարիներին։ Այո՛, իրատեսական է բյուջեն եւ հարկային մարմինների համար գուցե անգամ լարված։ Բայց զարգացման միտումներ չկան, չնայած 140 մլն ներդրումների եւ այլնի վերաբերյալ խոստումներին։ Ժողովրդի կենսամակարդակի, համախառն ներքին արտադրանքի աճ, տնտեսական ճյուղերի վերելք չի երեւում այս բյուջեում։
1999-ի քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Իհարկե, ցանկալի կլինի, որ այս տարի վերջապես մեր ժողովրդին արժանավայել ձեւով ազատ եւ արդար ընտրություններ անցկացվեն։ Հայկոմկուսը մինչեւ վերջ պայքարելու է, որ ընտրական օրենսգրքում համամասնությունը գոնե 66/65%-ի հասնի եւ այդ դեպքում համարձակ կարող ենք ասել, որ փոխզիջումների ճանապարհն իրեն արդարացրեց եւ այլն։ Եթե իսկապես ազատ եւ արդար ընտրություններ կայանան, կարծում եմ, որ հաջողությունը ձախ կենտրոնամետ ուժերինն է լինելու։
Գագիկ Թադեւոսյանին էլ առաջարկեցինք մեկնաբանել Վանո Սիրադեղյանի կանխատեսումները 1999-ի գարնանը Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի եւ պատերազմի վերսկսման մասին. «Ես բացասաբար եմ գնահատում նման մռայլ կանխատեսումները։ Փոխանակ ժողովրդին թեւ տանք, որ առանց այն էլ շատ զրկանքներ է կրել… հոռետեսորեն հուսախաբ եւ թեւաթափ անելը ճիշտ չէ՝ անկախ նրանից ընդդիմություն ենք, թե դիմություն։ Ես չեմ պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանը՝ այն մարդը, որ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից մեկն Է եղել Արցախում, իրեն թույլ տա այդ հարցում պարտվողական դիրքորոշում որդեգրել։ Ես դա բացառում եմ, եւ կարծում եմ, որ ընդհակառակը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով կարողացանք սառույցը կոտրել, առաջխաղացում կա եւ 1999-ը եւս մի առաջընթաց քայլ կլինի Ղարաբաղի այս կնճռոտ հարցում»։
Պատրաստեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ