Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Հունվար 13,1999 00:00
virahatutyun

Աստված մարդուն ստեղծեց կենսական խիստ կարեւոր օրգաններով։ Դրանցից շատերը մեկ օրինակից են եւ անփոխարինելի։ Սակայն արի ու տես, որ այստեղ էլ մարդու մարդասիրությունը գերազանցեց նույնիսկ Աստծուն։

Այսօր մարդու հիվանդ եւ թույլ օրգանները կարելի է փոխարինել իր նման մեկ ուրիշով։ Հյուսվածքների եւ օրգանների փոխպատվաստումն այնքան էլ նոր խոսք չէ բժշկագիտության պատմության մեջ։ Սա նույնիսկ այնքան է հին, որ այս հողի վրա ծաղկել է նաեւ օրգանների առքուվաճառքով զբաղվող մաֆիան։ Աշխարհի շատ երկրներ, մասնավորապես Ռուսաստանը եւ Ուկրաինան, այս մաֆիայի համար պարարտ հող են։ Օրգանների վաճառքով զբաղվող մաֆիոզ կառույցներ Հայաստանում առայժմ չեն հայտնաբերվել։ Ինչպես նաեւ Հայաստանում դեռեւս չի հայտնաբերվել այն Ազգային ժողովը, որը վերջապես կընդունի համապատասխան օրենք, օրգանների փոխպատվաստման չափազանց կարեւոր հարցի մասին։

… Իրականում օրենքի նախագիծը. «Օրգանների եւ հյուսվածքների դոնորության եւ փոխպատվաստման մասին» արդեն երկու տարուց ավելի է գտնվում է ԱԺ-ում։ Նախագիծը օրենսդիր ատյանին է ներկայացվել դեռեւս այն ժամանակ, երբ նախարարը Արա Բաբլոյանն էր։ Թե ինչո՞ւ է նախագիծը «քնել» ԱԺ-ի դարակներում, պարզել չհաջողվեց։ Սոցիալական, առողջապահական եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Ղարիբջանյանը մեր այս հարցին հետեւյալ պատասխանը տվեց. «Նախագիծը ներկայացվեց, երբ մարդիկ ուզում էին ցույց տալ, թե իրենք լավ են աշխատում»։ Այնուհետեւ ասվեց, թե այդ օրենքի ընդունումն, իհարկե, կարեւոր է, սակայն դժվար թե առաջիկա երեք ամիսներին ԱԺ-ն զբաղվի դրանով, քանի որ առաջիկայում նոր ընտրություններ են եւ բոլորը դրանցով են զբաղված լինելու։

Օրենքի նախագիծը ներկայացվելուց հետո շատ ջուր է հոսել, նախարարներն էլ իրար հերթ չտալով զբաղեցրել ու ազատել են առողջապահության համակարգի թիվ մեկ աթոռը։

Սովորաբար մեր կյանքը բաժանում ենք երկու էտապների՝ մինչեւ երկրաշարժը եւ երկրաշարժից հետո։ Օրգանների փոխպատվաստման անհրաժեշտությունը ծագեց երկրաշարժից անմիջապես հետո, երբ երկրաշարժյան ծանր վնասվածքների հետեւանքով կարիք զգացվեց վնասված, ճզմված օրգանների վերակենդանացման։ Հանրապետություն ներկրվեցին տասնյակ-հազարավոր հեմոդիալիզի ապարատներ, արտասահմանցի մասնագետները բազմաթիվ վիրահատություններ կատարեցին։

Սակայն հարցը հետզհետե փակվեց, որովհետեւ, նախ օրգանների փոխպատվաստումը «թանկ հաճույք» է եւ հետո՝ հարցի հոգեբանական կողմը։ Բելգիայում, օրինակ, եթե ավտովթարի ենթարկված մարդու գրպանում կամ պայուսակում չի հայտնաբերվում գրություն այն մասին, թե ինքը դեմ չէ, որ իր օրգանը պատվաստեն մեկ ուրիշին, ապա դա նշանակում է, որ նա համաձայն է։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում այդպիսի իրավիճակ։ Ծախսերի թանկության մասին խոսելիս էլ կարեւոր է ասել, որ իրականում ավելի թանկ են հետվիրահատական ծախսերը։ Ի դեպ, Արա Բաբլոյանը, օրենքի նախագծի հեղինակներից մեկը եւ այն ժամանակվա առողջապահության նախարարն այսօր էլ առանց թաքցնելու ասաց, որ երիկամի փոխպատվաստման վիրահատությունը մտքով անգամ չի անցկացրել մտցնել պետպատվերի մեջ։

Իրականությունն այն է, որ հանրապետությունում օրենքի լինել-չլինելը ոչ մի դեր չի խաղում։ Մարդիկ խաղում են առանց խաղի կանոնների, կամ՝ սեփական խաղի կանոններով։ Ու եթե որեւէ ՀՀ քաղաքացի (այս անգամ առանց անունները հրապարակելու) կարող է իրեն թույլ տալ հարցնել, թե իր հիվանդ հոր երիկամի փոխարեն ո՞ր ազգի երիկամն է հարմար՝ ռուսինը, նեգրինը, թե՞ չուչմեկինը, ապա մյուս ՀՀ քաղաքացին կարող է վաղաժամ մահանալ։

Շնորհակալ եւ խիստ կարեւոր գործ է կատարում «Արաբկիր» բժշկական կենտրոնը։ Այստեղ արդեն երիկամի փոխպատվաստման 22 դեպք է արձանագրվել, կենտրոնի ղեկավարը պնդում էր, որ վերջին երեք տարում այդ վիրահատությունները դադարեցվել են։ Իսկ վիրահատվածների կեսը երեխաներ են, որոնք, ըստ կենտրոնի ղեկավարի, վիրահատվել են անվճար։ «Արաբկիր» բժշկական կենտրոնը «Եվրոտրանսպլանտի» անդամ է եւ Սիդնեյում կնքված համաձայնագրի արդյունքում հնարավոր է կազմակերպության կողմից աջակցություն ստանա՝ տարեկան 4-5 երիկամի տեսքով։ Անհրաժեշտ արյան պարամետրներն արդեն ուղարկված են։

Տարեկան 140-ից ավելի մարդ հեմոդիալիզի է ենթարկվում։ Իսկ հեմոդիալիզը բուժում չէ։ Եվրոպական չափանիշներով փոխպատվաստման ծախսերը 25-50 հազար դոլար են կազմում։ Եթե ԱԺ-ն վերոհիշյալ օրենքի նախագծի վրայից վերջապես փոշին թափ տա եւ ուզի գործին կպչել, ապա այդ ծախսերն արդեն օրենքի առկայության դեպքում մեզ համար կկազմեն մոտ 6 հազար դոլար։ Ոչինչ որ բոլորը չեն կարող օգտվել։ 22 վիրահատվածների մեջ որեւէ ԱԺ պատգամավոր կամ պատգամավորի ազգական չգտնվեց, կամ էլ այնքան էին քողարկված, որ չկարողացանք գտնել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031