Պաշտպանության փոխնախարար Վահան Խորխոռունու սպանությունից անցել է մեկ ամիս։ Մտայնություն կա, որ այս սպանությունը եւս կմտնի չբացահայտված սպանությունների ցուցակի մեջ։
Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ, քննչական խմբի ղեկավար Հակոբ Բաբայանը Վահան Խորխոռունու սպանության հետ կապված որոշ նոր մանրամասներ փորձեց ներկայացնել։
Հայտնի է, որ առաջին իսկ օրվանից քննչական խումբ է ստեղծվել, ընդգրկված են փորձված քննիչներ, ՆԳ եւ ԱԱ համապատասխան աշխատակիցներ։ Ըստ քննչական խմբի ղեկավարի, ստեղծվել են 20-ից ավելի վարկածներ։ Ամեն մի վարկած դարձել է քննության առարկա։ Ընտրված վարկածներից 12-ն ամբողջությամբ հերքվել են, մնացել է մնացածը։ Իսկ վարկածներն ընդգրկել են Վահան Խորխոռունու աշխատանքային, ծառայողական եւ անձնական (ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա աշխատանքի՝ 6-րդ վարչություն, ռազմական ոստիկանություն, Ղարաբաղ, փոխնախարար) բնագավառները։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք սպանությունը դատապարտված չէ չբացահայտվածների շարքն անցնել, քննչական խմբի ղեկավարը պատասխանեց. «Եթե այդպես մտածենք, էլ ինչո՞ւ ենք աշխատում։ Մենք համոզված ենք, հույս ունենք, որ հանցագործությունն ի վերջո կբացահայտվի»։
Վերջերս կրկին շրջանառության մեջ մտավ տնտեսական սպանության վարկածը։ Քննչական խմբի ղեկավարները հերքեցին սպանության հնարավոր քաղաքական բնույթը. «Դա նույնիսկ մեր վարկածների մեջ չի մտնում։ Սա քրեական հանցագործություն է եւ սրա բացահայտման բարդությունը կայանում է նրանում, որ տուժողի վարած պաշտոնները, նրա գործունեությունը բարդացնում են հանցագործության բացահայտումը»։
Կարդացեք նաև
-Սպանության հետաքննությամբ զբաղվող խումբն իր վրա որոշակի ճնշումներ չի՞ զգում։
-Հենց որ ճնշումներ զգանք, ուրեմն հանցագործությունը կբացահայտվի։ Այս հանցագործության դեպքի առիթով քննչական խումբը եւ հանրապետության բոլոր մարմիններն այնպես համագործակցված են աշխատում, որ դա մեզ հույս է տալիս, որ գործը կբացահայտվի։ Բոլորն էլ շահագրգռված են, որ այս հանցագործությունը բացահայտվի։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ