Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԵՂԱՎ 203 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հունվար 13,1999 00:00
nerdrum

Հակառակ մամուլի որոշ հրապարակումների, թե «ԱրմենՏելի» վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, պետք է փաստենք, որ իրականությունը միանգամայն տարբեր է։

«ԱրմենՏելին» ՀՀ հաղորդակցության ցանցին տնօրինելու անվերապահ իրավունք է տալիս «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, որի «Անցումային դրույթներ» գլխի 24-րդ հոդվածում գրված է՝ ՀՀ հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի օրինական սեփականատեր հանդիսացող «Արմենիա Տելեֆոն կոմպանի» («ԱրմենՏել») փակ բաժնետիրական ընկերությանը 15 տարի ժամկետով տրված է հեռահաղորդակցության եւ «ԱրմենՏելի» հեռահաղորդակցության ցանցերով բարձր հաճախության տեսափոխանցման ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք։

Այս իրավունքը սահմանող քվեարկությունը տեղի է ունեցել 1998 թվականի փետրվարի 17-ին, երբ արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ երկու շաբաթ հանրապետության նախագահ չէր։ Նախագահի թեկնածու էր նախագահի լիազորություններն իրականացնող վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։

Տեղեկանք. ՀՀ Սահմանադրություն, հոդված 8, պարբերություն 3-րդ. «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»։ Այս է ողջը։

Բոլորս էլ հիշում ենք, որ իշխանափոխությանը հաջորդած առաջին շաբաթները խորհրդարանը, եւ ի մասնավորի երկրապահ պատգամավորներն անցկացրին հայ իրականության համար բացառիկ միասնության դրոշի ներքո։ Այդ ժամանակներում ամեն ինչ արվում էր, որպեսզի նախընտրելի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը դառնա հանրապետության նախագահ։ Իսկ թե ինչպիսին էր վիճակն Ազգային ժողովում, կարող եք պատկերացնել «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի «Հեռահաղորդակցության մասին» օրենքի շուրջ խորհրդարանում տեղ գտած անցուդարձի մասին ռեպորտաժով. «Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը նույն օրն ընդունված «Հեռահաղորդակցության մասին» օրենքի վերաբերյալ հարցերին պատասխանելով, ասաց՝ սրա կարեւորությունը նաեւ այն է, որ բացի կարգավորիչ ընդհանուր դերից այս օրենքով կարգավորվում եւ ճանաչվում է «ԱրմենՏելի» վաճառքը եւ այժմ արդեն ակնկալվում է, որ վաճառքի 203 միլիոն դոլար գումարը մոտակա ժամանակներս մուտք կգործի Հայաստան։ Եվ այս նպատակով առաջին անգամ օրենքում անուն է նշվել՝ «ԱրմենՏելի» գնորդն է, որին տրված 15 տարվա մենաշնորհային իրավունքներն արդեն օրենքով են հաստատագրված։ Նշենք, որ այդ փոփոխությունները կառավարության կողմից կատարվել են «Հեռահաղորդակցության մասին» օրենքն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո։ Այդ «նորագոյացությունների» առնչությամբ առկա դժգոհությունը դահլիճում արտահայտվեց միայն Արա Սահակյանի հայտարարությամբ, այն է, թե կառավարությունը ստանձնո՞ւմ է այս որոշման հետեւանքների քաղաքական պատասխանատվությունը եւ Խոսրով Հարությունյանն էլ պատասխանեց, որ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել մինչեւ ուժերի հարաբերակցության փոփոխությունը։

Մեր խնդրանքով Արմեն Եղիազարյանը ճեպազրույցում պարզաբանումներ ներկայացրեց. «Քաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստություն էին հարուցել օտարերկրյա ներդրողների մոտ եւ օրենքում կատարված փոփոխությունները հիմնականում ուղղված էին նրան, որ արձանագրվի այդ գործարքի օրինականությունը»։

Ինչեւիցե, հետաքրքիր է տեսնել, որ իր հարցադրմամբ հանդերձ, Արա Սահակյանը կողմ է քվեարկել «Հեռահաղորդակցության մասին» օրենքին։ Կողմ է քվեարկել նաեւ Կարապետ Ռուբինյանը։ Բաբկեն Արարքցյանը բացակա է եղել, ինչպես նաեւ Վանո Սիրադեղյանը։ Դեմ է քվեարկել միայն «Հայրենիք» պատգամավորական խումբը։ Չի քվեարկել Հայկոմկուսի պատգամավորական խմբակցությունը, բացակայել է ԱԺՄ-ն, կողմ է քվեարկել «Շամիրամը»։ «Հանրապետություն» խմբակցությունը եւս կողմ է քվեարկել, բայց, ա՛յ, «Երկրապահ» պատգամավորական խումբը հետագայում գլխավորած Սմբատ Այվազյանը բացակայել է։ Չի քվեարկել Տեր Հուսիկը, Քոչարյան Անդրանիկը, Խաչատրյան Վահագնը, Յուրի Բախշյանը, բացակա է եղել Ալբերտ Բազեյանը, իսկ Խոսրով Հարությունյանը սեղմել է «կողմ» կոճակը։

Տեսնես, էն 203 մլն դոլարը հասա՞վ Հայաստան։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031