Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆԸ ԵՎ ՎԱՆՈՆ ՍԵՓԱԿԱՆ TV ԿՈՒՆԵՆԱՆ

Հունվար 13,1999 00:00
lurer

Խորհրդարանական ընտրություններից առաջ հեռուստաեթերը խիստ խայտաբղետ է դառնալու։ «ART-13-ի» հիմքի վրա Սեյրան Շահսուվարյանը դեցիմետրային հեռուստաընկերություն է ստեղծելու։ Այս ձեռնարկի հովանավորներ են նշվում Վազգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը։ Տեղեկություն ունեինք, որ ՀՀՇ-ն էլ է մտադիր սեփական ռադիո կամ հեռուստակայան բացել։ Մասնավորապես նշվում էր, որ վերջինիս համար հիմք կարող է դառնալ «ՄTV. 3+2» արդեն իսկ գործող հեռուստաալիքը։ Սակայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն այս մասին «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց. «Առանձին խոսակցություններ այդ թեմայով գուցե եղել են, բայց լուրջ քննարկումներ չեն ընթացել»։

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ

«Առավոտն» ապարդյուն փորձեց պատկան մարմիններից ճշտել հանրապետության նախագահի եղբոր՝ Վալերի Քոչարյանի մահվան պատճառ դարձած դժբախտ պատահարի շուրջ հակասական տեղեկությունները։ Մասնավորապես, անգամ չպարզաբանվեց՝ թռիչքը կատարվել է դելտապլանո՞վ, թե՞, ինչպես խոսվում է, սեփական սպորտային 1 տեղանոց ինքնաթիռով, պատճառը զուտ տեխնիկական անսարքություննե՞րն էին, թե՞ որեւէ այլ բան։ Նշենք նաեւ, որ այս առնչությամբ մեզ առաջարկեցին դիմել արտակարգ իրավիճակների վարչությանը, բայց ե՛ւ քաղաքային, ե՛ւ կառավարական հեռախոսներով մեր զանգերին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց։

ՀՅԴ-Ն ՀԱՇԻՎ ՉՈՒՆԻ՝ ՈՒՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐ

Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ ՀՅԴ կուսակցության արտասահմանյան բանկերում պահվող գումարները (ավելի ստույգ՝ 5 մլն դոլար) Հրայր Մարուխյանի անձնական հաշվի վրա են եղել։ Մահից առաջ պարոն Մարուխյանը չի կարողացել (՞) գումարը փոխանցել մեկ այլ դաշնակցականի հաշվին։ Այնպես որ, այդ 5 միլիոնը իբր համալրել է նրա զավակների ժառանգությունը։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռոստոմյանը մեր հարցադրմանն այսպես պատասխանեց. «Դաշնակցությունն ընդհանրապես չի կարող ունենալ հաշիվ որեւէ մեկի անունով։ Հարցն ինքնին սխալ հիմքի վրա է»։ Իսկ թե վերոնշյալ լուրը տարածելը ում է ձեռնտու, պրն Ռոստոմյանն առանց վարանելու ասաց. «Մենք քի՞չ թշնամիներ ունենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031