Լրահոս
Օրվա լրահոսը

Նա Ձմեռ պապը չէր

Հունվար 12,1999 00:00
ceruni

Անկապ նյութ՝ ուշացած թեմաներով

Նոր տարվա առաջին օրերին ով ասես տանդ դուռը չի թակում։ Ստիպված ես բացել, ժպտալ ու ներս հրավիրել։ Ու սկսվում է հերթական կենացամաղթանքային տաղտուկը։

… Հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան օրը նաեւ ձյուն եկավ։ Թաց, սառը, մառախլապատ օր էր, ու դժվար էր հավատալ, թե այդ տհաճ եղանակին որեւէ մեկը կհամարձակվի դուրս գալ տնից։ Սակայն նույնիսկ այդպիսի մի օր մեր դռան զանգը հնչեց։ «Հյուրը» սովորական չէր, մոտ երկու մետրանոց մի պապիկ, հաղթանդամ, ամեն ձեռքին մի-մի ձեռնափայտ, փոքրիկ տոպրակ։ Պապիկի ձայնը խիստ բարձր էր, հնչեղ, հագի վերարկուն ժամանակին շատ թանկարժեք էր, գլխարկը՝ կարակուլե։ Փնտրում էր 21 շենքի 62 բնակարանը, իսկ մեր շենքում ընդամենը 56 բնակարան կա։ Պապիկը տուն մտնել չէր ուզում (քանի որ մեր տանը տատիկ չկար, այս վերջին վարկածը հնգամյա որդիս հորինեց)։ Իր փնտրած բնակարանն էլ հակառակի պես մեր շենքում չկար։ Պապիկն իր բամբ ձայնով բացատրում էր, որ իր փնտրած մարդը՝ Արմեն Գեւորգյանը, դատական բժիշկ է, իրեն երկու օր առաջ է հանդիպել, հասցեն տվել ու տուն հրավիրել։

– Հիմա ո՞նց կլինի, էդ մարդուն որտե՞ղ գտնեմ,- ոչ մի կերպ չէր հանգստանում պապիկը։

Հավանաբար ինչ-որ մեկը չար կատակ էր խաղացել ծերուկի գլխին, կամ էլ նա ինչ-որ բան խառնում էր։ Պապիկը խմած չէր, պարզապես շատ վրդովված էր, հուզված եւ մի քիչ տարօրինակ։ Մեր բոլոր ջանքերը՝ պապիկին ներս հրավիրել եւ մի բաժակ տաք թեյ հյուրասիրել, ապարդյուն էին անցնում։ Ծերուկը վրդովված էր, փնտրում էր ոմն դատական բժշկի եւ ոչ մի խոսք չէր ուզում հասկանալ։

… Ի վերջո պապիկը որոշեց իջնել եւ հարեւան շենքերում սկսել իր որոնումները։ Աստիճանները սառել էին ու սայթաքելու վտանգը մեծ էր։ Պապիկին մի կերպ իջեցրինք աստիճաններից, սակայն նա ոչ մի կերպ չհամաձայնեց, որ իրեն ուղեկցենք հարեւան շենքը։ Ընդհանրապես, մեր ներկայությունից պապիկը մի քիչ նեղվում էր եւ չէր թաքցնում, որ ուզում է ինքնագլուխ լինել։

Մենք էլ, հակառակի պես, չէինք ուզում պապիկին մենակ թողնել։ Հավանաբար, մեր բարեհամբույր վերաբերմունքը պապիկին վերջնականապես ձանձրացրեց.

– Դե, թողեք հանգիստ, էլի, ոնց որ մեր ծերանոցի վերակացուն լինեք։

Կհարցնեք՝ հետո ի՞նչ եղավ։ Ոչինչ էլ չեղավ։ Պապիկը պարզապես հեռացել էր ծերանոցային իր տաղտուկ կյանքը մի քիչ հետաքրքիր դարձնելու ակնկալիքով։

ԼԻԼԻԹ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031