Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԵՍՈՅԻ ԴՐԱՄԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ

Հունվար 12,1999 00:00
dram

Ամանորյա արձակուրդներից վերադարձող լրագրողի գործը խեր է։ Առաջին հոդվածի նյութն արդեն մի քանի տարի է «պատվիրված» է։ Խիստ կայուն մշակված սցենարով տարեմուտին համարյա միշտ նույն պատկերն է։

Ամեն տարի տոնական մեծ առեւտրի ընթացքում բնակչությունը տարադրամի խնայողություններն էր հանում շուկա։ Այս պատճառով նախորդ տարիներին Ամանորին նախորդող շրջանում դրամի կուրսը մի փոքր բարձրանում էր։ Անցած տարի պատկերն այլ էր։ Նախատոնական առեւտուրը սպասված մասշտաբները չուներ։ Փորձագետները տարբեր պատճառներ են նշում։ Նախ՝ երկրում վարվող կոշտ հարկային քաղաքականության պատճառով ֆինանսական համակարգում լարված վիճակ էր ստեղծվել։ Որպես փաստ նշվում է, որ նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ նվազել են շրջանառու միջոցների ծավալները։ Երկրորդ՝ աշխատավարձերի, բյուջետային մյուս վճարների գծով ուշացումները նույնպես աննախադեպ չափեր ունեին։ Նախորդ տարիների նման երկրի ֆինանսական ղեկավարությունը խոստանում էր մինչեւ տոներ վճարել դրանք։ Ուշացող դրամը ստանալու հույսով բնակչությունը չէր շտապում «մանրել» ունեցած տարադրամը։ Արդյունքում շուկայում դեկտեմբեր ամսից տարադրամի սուր պակաս կար։ Դա էլ հանգեցնելու էր դրամի կուրսի անկմանը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ դրամի կուրսի անկումը սկսվեց մինչեւ հունվար ամիսը։ Իսկ հունվարի սկզբին կատարվեց այն, ինչ լինում է ամեն տարի։ Ամերիկյան դոլարը գրոհեց 550 դրամի ցուցանիշը։ Պաշտոնատար անձինք լրատվության պաշտոնական միջոցներում ամեն տարվա նման սկսեցին «Նեսոյի քարաբաղնիսը», այդ իրավիճակներին բնորոշ նաղլով։ Պաշտոնական բացատրություններում, ինչպես միշտ, ամեն ինչ մշուշոտ է եւ ոչ հստակ։ Երկրի ֆինանսական ղեկավարության պատասխաններում դրամի արժեզրկումը չի բացատրվում դրամական բազայի ավելացումով։ «Էմիսիա» կոչվածը վերջին տարիների կայուն ավանդույթի համաձայն կիսաբերան ու գաղտնի է արվում։ Կենտրոնական բանկի տվյալներով դեկտեմբերի 18-25-ը ընկած ժամանակաշրջանում կանխիկ դրամի զանգվածը ավելացել է 2 մլրդ 522 մլն դրամով։ Մոտ 5 մլն դոլարի փոխարժեքով այս ծավալի ավելացումը նկատելի էր նաեւ անզեն աչքով։ Ուշացած թոշակ-աշխատավարձերի վճարումին զուգահեռ շրջանառության մեջ ավելի հաճախ սկսեցին հանդիպել նոր՝ չմաշված թղթադրամներ։

Կենտրոնական բանկի տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Դեկտեմբերի 4-17-ն ընկած ժամանակահատվածում կառավարության պարտավորությունները Կենտրոնական բանկի նկատմամբ աճել են 638 մլն դրամով՝ ծրագրային 155 մլն դրամի դիմաց»։ Ծրագրայինից դուրս՝ այսինքն չպլանավորված դրամական զանգվածի հայտնվելը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ շուկայում։ Նույն դեկտեմբեր ամսին, երբ տարադրամի քաղցը զգալի էր, Կենտրոնական բանկն էլ իր հերթին տարադրամ էր գնում։ Պաշտոնական տվյալներով դեկտեմբերին 1 դոլարը 518 դրամով ԿԲ-ն 2 մլն 167 հազար դոլար է գնել։ Հունվարին դրամի անկումը կանխող միջոցառումների մասին պաշտոնատար անձինք նշում էին, որ ԿԲ-ն տարադրամի ինտերվենցիա է սկսել։ Հունվարի 9-ին վաճառվել է ընդամենը 1 մլն դոլար 540 դրամի հաշվարկով։ Այն, որ դրամի արժեզրկումը կանխատեսելի էր բարդ չէ ապացուցել։ ԿԲ-ի խորհուրդը հունվարի 8-ի իր նիստում որոշում ընդունեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ տարեկան 53,5%։

ԿԲ-ից այսօր նշում են, որ կառավարությունը բանկի հանդեպ իր ֆինանսական «պարտավորությունները» լրիվ կատարել է՝ մարելով նախկինում վերցրած վարկային պարտքերը։ Սա կարող է մոտ լինել իրականությանը։ Անցած տարվա վերջին խորհրդարանական վավերացումից հետո կառավարությունը ստացավ կառուցվածքային բարեփոխումների հերթական վարկը վերցնելու հնարավորությունը։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, տարեվերջին բյուջետային պարտավորությունները կատարվել են հենց այդ վարկային միջոցների հաշվին։

Փաստորեն, կանխիկ դրամի զանգվածի լրացուցիչ հատվածի առկայությունը շուկայում բացասական հետեւանքներ է ունենալու։ Այն շարունակ խստացնելու է արժեզրկման սպասումները։ Կենտրոնական բանկի վերջին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր «հաշվետու ժամանակաշրջանում ԿԲ-ի ֆինանսական գործառությունների իրականացումը հետապնդում էր երկու նպատակ՝ դրամական բազայի եւ կառավարության պարտավորությունների ծրագրային մակարդակի ապահովում»։ Տարեսկզբին նման իրարամերժ նպատակները միասին իրագործելը բարդ չէ։ Տարեսկզբին կառավարությունը հակված չէ կատարելու իր բյուջետային պարտավորությունները։ Տարվա ընթացքում բյուջետային պարտքերը կուտակելով՝ ֆինանսական ղեկավարությունը հերթական լարված իրավիճակն է «նախապատրաստում» տարեվերջի համար։ Եվ ոչ մի կառավարության չի հաջողվում խուսափել այս շրջապտույտից։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031