Ավարտվեցին բյուջետային քննարկումները: Պատգամավորները, անկախ կուսակցական պատկանելությունից, քվեարկության շարժառիթներից եւ արդյունքներից, ըստ իս, մնացին դժգոհ: Պատճառները շատ էին, սակայն հիմնականը՝ 1999թ. եւ մոտ ապագայում տնտեսության զարգացման հեռանկարի աղոտությունն էր:
Բյուջեի կարգախոսը հավակնոտ էր՝ «զարգացած տնտեսություն եւ ապահովված հասարակություն»: Ընկալելով այն որպես հեռավոր ապագային ուղղված հայտ, համաձայնվել նման հարցադրման հետ կարելի է միայն վերապահումներով: Եւ իրոք, կարո՞ղ է արդյոք Կառավարության կանխատեսումներով 2001թ. 250 մլրդ. դրամ կազմող բյուջեն հավակնել մոտ ապագայում ապահովելու տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Միանշանակ՝ ոչ: Ավելին, այսօր նման հարցադրումն անիմաստ է եւ ոչ օրինաչափ:
Մասնագիտական տեսանկյունից ավելի նպատակահարմար կլիներ քննարկել տնտեսական աճի ապահովման հիմնախնդիրը: Կառավարության կողմից նախատեսվող 4% «իրատեսական» եւ 6% «լավատեսական» աճը չի կարող լուծել Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած բազմաբնույթ պրոբլեմները:
Իմ կարծիքով, այստեղ հստակ ուրվագծվում է հիմնական պրոբլեմը՝ հայրենական արդյունաբերության անմրցունակությունը, եւ առաջին հերթին այն խոշոր ձեռնարկությունների, որոնք իներցիայով ընկալվում են որպես երբեմնի արդյունաբերական հանրապետության «դրոշակակիրներ»: Նման ընկալման հիմքում գերիշխում է կարոտախտը, կորստի զգացումը, հաճախ եւ անզորությունը: Անմրցունակության հետեւանքով սպառվող հայրենական ապրանքների մասնաբաժինը, բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի եւ նրա վերամշակման մթերքների, նվազեց, եւ սպառողական շուկան հագեցավ ավելի որակյալ ու մատչելի ներմուծվող ապրանքներով: Չնայած որոշ դրական միտումների, չի ուրվագծվում արտահանման ռազմավարությունը, մինչ օրս արտահանումը կրում է տարերային բնույթ: Տնտեսական աճի ապահովման գլխավոր խնդիրը՝ ներքին եւ արտաքին պահանջարկի խթանումը, հնարավոր է լուծել միայն տեղական արտադրանքի մրցունակության ապահովման դեպքում:
Կարդացեք նաև
Օրինաչափ հարց է ծագում. ինչպես պետք է վարվի պետությունը սակավ արդյունավետ, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված հիմնական միջոցների, արտադրության ձեւախեղված կառուցվածքի, մոնոպրոֆիլ եւ հաճախ անհեռանկարային արտադրություն ունեցող ռեգիոնների հետ: Ելքը միակն է՝ ամբողջ արդյունաբերության կառուցվածքային վերակառուցում, դրա ֆինանսավորման աղբյուրների եւ մեխանիզմների ապահովում, պետության դերի եւ այդ գործընթացում նրա միջամտության ձեւերի հստակեցում:
Տնտեսական աճի անհրաժեշտ, այլ ոչ թե «պլանավորված» տեմպերի ապահովումը, ոչ այնքան ներքաղաքական, որքան աշխարհաքաղաքական հիմնախնդիր է, քանզի դիրքը աշխատանքի միջազգային բաժանման մեջ եւ տարածաշրջանի երկրների տնտեսական աճի հեռանկարներն են կանխորոշելու գոյություն ունեցող հակամարտությունների հնարավոր լուծումները եւ դրանց կարգավորման եղանակները:
Այս առումով պետք է հաշվի առնել, որ միայն իր կառուցվածքով արդյունավետ համախառն ներքին արդյունքն է ունակ ապահովել բնակչության բարօրությունը, երկրի տնտեսական անվտանգությունը եւ նրա օպտիմալ ինտեգրացումը միջազգային տնտեսության հետ:
Հայտնի է, որ տնտեսական աճը հիմնականում կախված է ներդրումների կառուցվածքից ու ծավալից, հիմնական կապիտալի վերականգնման ինտենսիվությունից, գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների նյութականացման աստիճանից /այս ուղղությամբ մեզ մոտ առկա է կատարյալ ձախողում/: Իր հերթին, ձեռնարկությունների արդիականացումը իրականացվում է ներքին կամ արտաքին աղբյուրների հաշվին: Առաջինը ենթադրում է եկամուտների անհրաժեշտ ծավալի առկայություն, որը հանրապետության ոչ մի ձեռնարկություն գործնականում չունի: Արտաքին ֆինանսավորումն իրականացվում է արժեթղթերի թողարկման եւ կամ վարկավորման եւ ուղղակի ներդրումների հաշվին: Քանի որ, մեզ մոտ բաժնետիրական կապիտալը այդպես էլ չկայացավ, ուրեմն արտաքին ֆինանսավորման առաջին տարբերակը իրատեսական չէ:
Որպես ֆինանսավորման աղբյուր կարող են ծառայել նաեւ բյուջետային միջոցները, այդ դեպքում խոսքը գնում է պետության կողմից հարկման միջոցով այդ միջոցները հավաքագրելու եւ մեկ այլ սուբյեկտի տրամադրելու մասին: Սակայն հույս դնել բյուջեի վրա, որն այսօր ունակ չէ ապահովել նույնիսկ ուսուցիչներին, բժիշկներին, թոշակառուներին, գիտությունը՝ պարզապես անիմաստ է:
Վարկավորման եւ ուղղակի արտաքին ներդրումների մասին կարելի է լուրջ խոսել միայն այն դեպքում, եթե հաջողվի օտարերկրյա ներդրողներին ներշնչել հավատ մեր զարգացման հուսալիության եւ բարենպաստ հեռանկարների հանդեպ:
Այսպիսով, տնտեսական աճը կարող է ապահովվել միայն տնտեսության ռեալ սեկտորում ներդրումների զանգվածային ներգրավմամբ: Այդ իսկ պատճառով իշխանությունների քաղաքականության հիմնական խնդիրներն են.
1. երկարաժամկետ եւ էժան ռեսուրսների ներգրավում՝ մակրոտնտեսական կայունության պարտադիր ապահովման պայմանով:
2. գործնականում եւ ոչ թե թղթի վրա այնպիսի միջավայրի ձեւավորում, որը գրավիչ կլինի իր բոլոր բնութագրիչներով ներդրողների համար:
Առաջին խնդրի լուծումը երկրում ճիշտ ուղու վրա է: Միջազգային ֆինանսական դոնոր-կազմակերպությունների հետ արդեն ստորագրված են համաձայնագրեր հիմնավոր արտադրական ծրագրերի վարկավորման համար անհրաժեշտ միջոցների հատկացման վերաբերյալ: Առկա են նաեւ իրատեսական հեռանկարներ եւ մշակումներ դրանց ծավալների հետագա ավելացման ուղղությամբ՝ ի հաշիվ արտերկրների մեր հայրենակիցների:
Սակայն այստեղ ուրվագծվում է մեկ այլ խնդիր: Մեկուկես տարի առաջ Համաշխարհային Բանկի կողմից հատկացված 11մլն. դոլարից մեր ձեռնարկությունները, ունենալով շրջանառու միջոցների խիստ կարիք, «մարսել են» միայն 3 մլն. դոլարը:
Ի՞նչն է խնդիրը: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում ձեւակերպել մարկետինգային տեսակետից հիմնավորված խնդիրներ եւ մշակել միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխանող բիզնես-ծրագրեր: Չնայած այդ նպատակով TACIS-ի ծրագրերով ստեղծվել եւ գործում են զանազան խորհրդատվական գործակալություններ, այնուամենայնիվ դրանք միջազգային բիզնեսի փոթորկոտ օվկիանոսում մանր ու միջին ձեռնարկատիրության ուղեցույց չդարձան:
Անդրադառնալով ներդրումների պասիվությանը՝ չի կարելի սկզբնապատճառների շարքում չդիտարկել առողջ վերարտադրության համար անհրաժեշտ խթանիչների բացակայությունը:
Տնտեսական զարգացման համար ամենամեծ սպառնալիքը կարող է հանդիսանալ ոչ այնքան հիմնական ֆոնդերի մաշվածությունը եւ բնական ռեսուրսների սակավությունը, որքան ներդրումների համար անհրաժեշտ խթանների բացակայությունը կամ անբավարարությունը:
Զանազան ռիսկերի (քաղաքական, կոմերցիոն, ֆինանսական, արտադրական եւ այլն) նվազեցման, մասնավոր սեփականության պաշտպանվածության մակարդակի բարձրացման համար պահանջվում է, որքան էլ դա պարզունակ է հնչում, օրենսդրության հետագա զարգացում եւ գործող ակտերի դեկլարատիվության հաղթահարում: Ընդհանրապես տնտեսության վերափոխումները, իմ կարծիքով, բացառապես հանգում են լիարժեք իրավական դաշտի ստեղծմանը:
Բարեփոխման կարիք ունեն մեր կյանքի բոլոր բնագավառները, սակայն արտադրողը հատկապես զգայուն է հարկային համակարգի նկատմամբ: Ներկայումս հայրենական արտադրողների ֆինանսական ռեսուրսների պահանջարկը բավականին մեծ է, քանի որ պետք է ապահովել ոչ միայն ընթացիկ, այլ նաեւ խոշոր կապիտալ ծախսերը, առանց որոնց նրանք ուղղակի չեն կարող մրցակցել միջազգային տնտեսական պայքարում: Այդ պատճառով ձեռնարկությունների հարկման մեխանիզմները մշակելիս, կողմնորոշումը դեպի հարկային բեռի մակարդակը, կայացած շուկայական տնտեսության երկրներում, մեղմ ասած, կոռեկտ չէ:
Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել, որ այդ երկրների բյուջեներում ֆիզիկական անձանցից եկամտահարկի բաժինը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 20-45%: Նույնիսկ հաշվի առնելով մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների ցածր մակարդակը, քաղաքական-տնտեսական տեսակետից չի կարելի նորմալ համարել, երբ հարկային եկամուտների ընդհանուր ծավալում եկամտահարկի մասնաբաժինը կազմում է 7%-ից պակաս, այն դեպքում, երբ ավելացված արժեքի հարկի բաժինը հասնում է 45%-ի:
Ոչ ոք չի կարող վիճարկել, որ գործող օրենսդրությունն իր անկատարության եւ դեկլարատիվության պատճառով թույլ չի տալիս հարկել ֆիզիկական անձանց եկամուտների հիմնական մասը, դրանով իսկ հարկային բեռը դնելով շնչասպառ ձեռնարկությունների ուսերին: Եկամտի այդ տեսակի հարկումը վարչական տեսանկյունից աշխատատար եւ անշնորհակալ գործ է, սակայն դա հիմք չի տալիս կառավարությանը խուսափել հարցի քննարկումից:
Լուրջ վերլուծության կարիք ունի նաեւ շահութահարկը: Ձեւավորված սեփականության կառուցվածքը, մասնավորապես իրական բաժնետիրական կապիտալի բացակայությունը, աննպատակահարմար է դարձնում իրական շահույթի արտացոլումը համապատասխան հաշվետվություններում: Քանի դեռ չկա ձեռնարկատիրական գործընթացի բաժնետիրական /կարդա հասարակական/ վերահսկողություն, ձեռնտու է տարբեր օրինական ճանապարհներով ուռճացնել ծախսերը, դրանց մի մասը ուղղելով սեփականատիրոջը, քան ստանալ շահույթ, վճարել օրինական հարկերը եւ ոչ օրինական «տուրքերը», որից հետո նոր «համտեսել» դիվիդենտները: Կարծում եմ, ներկայացված խնդիրները ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ գաղափարախոսական հարցադրումներ:
Բյուջետային քննարկումների ընթացքում «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի կողմից բարձրացվեց նաեւ 1999թ. բյուջեի ծախսային հոդվածների օպտիմիզացիայի անհրաժեշտության հարցը: Պետությունը բյուջե մշակելիս ստիպված է ընտրություն կատարել բյուջետային ծախսերի հնարավոր, երբեմն՝ իրար բացառող հոդվածների միջեւ. ուսուցիչների, բժիշկների աշխատավարձ, գյուղատնտեսություն եւ կոմունալ ոլորտի աջակցություն, ուռճացած պետական ապարատ եւ բանակի կարիքներ, բնապահպանական պրոբլեմներ եւ եկամուտների պաշտպանություն: Մեր տեսակետից, օրենսդիր եւ առաջին հերթին գործադիր իշխանությունները պետք է որոշեն հասարակության առջեւ կայացած բազմաթիվ հիմնախնդիրների առաջնայնությունը եւ ապահովեն դրանց լուծումների իրականացումը: Միեւնույն է, բոլոր խնդիրների զուգահեռ լուծումը հնարավոր չէ:
Ծախսված բյուջետային միջոցների արդյունքը պետք է շոշափելի լինի հարկատուի համար / ի դեպ, դրա քաղաքական անհրաժեշտությունը չկար պլանային տնտեսության ժամանակ/: Ո՞ր խնդիրը հասարակությունը կհամարի լուծված 1999թ. բյուջեի սուղ միջոցներից. 5.4 մլրդ. դրամ պոլիկլինիկաների ֆինանսավորման, 11.3 մլրդ. էներգետիկայի, 0.7 մլրդ. որսորդության, ձկնորսության եւ ջրային տնտեսության, 6.7 մլրդ դրամ՝ ոռոգման համակարգերի վերականգնման նպատակներին հատկացնելու արդյունքում: Կարելի՞ է արդյոք համարել նորմալ, երբ հարկատուն իր չնչին աշխատավարձից բարեխղճորեն վճարում է եկամտահարկը, այնուհետեւ հիվանդանոցի դրամարկղին վճարում բուժման կուրսի համար, որից հետո էլ հաճախ ոչ կամավոր «դնում» բուժող բժշկի գրպանը: Իրավունք ունի՞ արդյոք պետությունը պահել չինովնիկների հսկայական բանակ, որի մի մասը չի կրում որեւէ ֆունկցիոնալ պատասխանատվություն եւ որի համար բացակայում են գործունեության գնահատման չափանիշները:
Երբ պետությունը հարկ չի համարում այդ մասին զեկուցել իր քաղաքացիներին, քաղաքացին հարկ չի համարում վճարել պետությանը սահմանված հարկերը: Հանրապետության քաղաքացիներին պետք է հավատ, որ հարկերը նրանցից գանձվում են արդարացիորեն, իսկ հավաքված միջոցները ծախսվում խելամտորեն: Հակառակ դեպքում ձեւավորված միջավայրը վերարտադրում է խորթացման հարաբերություններ հասարակության եւ իշխանությունների միջեւ:
Բյուջետային բոլոր ծախսերը պարտադիր պետք է ունենան ծրագրային-նպատակային բնույթ: Անհրաժեշտ է մշակել եւ ներդնել բյուջետային միջոցների ծախսման արդյունավետ վերահսկողության եւ համապատասխան ծրագրերի իրագործման արդյունքների գնահատման համակարգ: Անհրաժեշտ է հասարակությանը վստահեցնել, որ դեմոկրատական կապիտալիզմը չի նշանակում դեմոկրատական ցենտրալիզմ առանց հաշվետվության եւ արդյունավետ վերահսկողության:
Չվճարումների, աշխատավարձերի ուշացման, բյուջետային միջոցների հափշտակման հնարավորությունը արդյունք է ոչ այնքան վատ կառավարության գործունեության, որքան՝ երկրում լիարժեք իրավական հիմքի բացակայության: Խաղի կանոնները կարող են քանդել երկիրը, կարող են եւ նպաստել դրա զարգացմանն ու բարգավաճմանը, հնարավորինս ձերբազատելով երկարաժամկետ եւ կայուն զարգացման միակ շարժիչը՝ մասնավոր շահագրգռվածությունը:
Բարեփոխումների տեմպերը, օրենսդրական հիմքի կորագիծը որոշվում են հասարակության քաղաքական ավանդույթներով (՞) եւ կրթվածության մակարդակով (՞). գիտակցելով կամ չգիտակցելով ստեղծված վիճակի մայր-պատճառները, բնակչությունը ընտրություններում նախապատվությունը տալիս է այս կամ այն թեկնածուին եւ կուսակցությանը, այսինքն նաեւ համապատասխան դոկտրինաներին՝ երկարաժամկետ ուղղություն տալով պետության իրավական հիմքի ձեւավորմանը:
Արհեստավարժ օրենսդիր մարմին մեզ մոտ կձեւավորվի այն ժամանակ, երբ ընտրողների «կրիտիկական մասսան» կյուրացնի այս բանալ ճշմարտությունները:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր,
«Բարեփոխումներ» պատգամավորական խմբի նախագաh