Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ԲՅՈՒՋԵ

Հունվար 12,1999 00:00
Suren Abrahamyan

1998-ին «Առավոտի» վերջին համարում տպագրել էինք փոքրիկ հարցազրույց Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի հետ, որը վերաբերում էր բացառապես վերջինիս քաղաքական գործունեությանն առնչվող հարցերի։ Խոստացել էինք նաեւ, որ Սուրեն Աբրահամյանի՝ մայրաքաղաքի հոգսերին վերաբերող նկատառումները պետք է ներկայացնենք «Առավոտի» 1999 թվականի առաջին համարում, ինչը եւ անում ենք։

– Երեւանի առջեւ կանգնած ամենալուրջ խնդիրը ես համարում եմ այնքան ծեծված ու չարչրկված, 1998-ին այդպես էլ չլուծված՝ մայրաքաղաքի կարգավիճակի հարցը։ Դա հարցերի հարցն է։ Դրա մասին խոսել են մինչեւ իմ պաշտոնավարությունը եղած քաղաքապետերը, դրանից հետո առաջին իսկ օրվանից խոսել եմ ես։ Երեւանն իբրեւ մայրաքաղաք, պետք է իր կարգավիճակն ունենա, ինչը պետք է արձանագրված լինի Երեւանի մասին օրենքում։ Այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք կատարված է, օրենքը պատրաստ է, որն ավարտական տեսքի չի բերվում բացառապես մեկ պատճառով։ Մենք չգիտենք, թե ինչ փոփոխություններ են նախատեսում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում, որպեսզի դրանից բխող մեր մոտեցումները ներկայացնենք։

Զուտ տեսական մի քանի հարց կա ճշտելու։ Խոսքն առաջին հերթին սեփականության մասին է։ Դա եւս շատ կարեւոր հարց է՝ համայնքային, քաղաքային սեփականություն։ Ես արդեն քանիցս առիթ ունեցել եմ ասելու, որ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների առումով Երեւանը միասնական օրգանիզմ է։ Իմ կարծիքով, ճիշտ չէ համայնքային եւ քաղաքային սեփականության տրոհումը։ Այդ հարցն էլ պետք է վերջնականապես լուծվի, որից հետո օրենքն իր ամբողջական ծավալով մենք կկարողանանք ներկայացնել ԱԺ-ի հաստատմանը։

– Այդ դեպքում նոր խնդիրներ են առաջանում, պրն Աբրահամյան։ Արդյոք, ճի՞շտ չի լինի, որ Երեւանի քաղաքապետն էլ ընտրովի եւ ոչ թե նշանակովի լինի։

– Այդ պարագայում պետք է նկատի առնել մեկ այլ հանգամանք եւս՝ փորձելով լուծել Երեւանի բյուջեի հարցը։ Ավելի քան 1 միլիոն 300 հազար բնակչություն ունեցող քաղաքն առանց բյուջեի եւ առանց ֆինանսական ներարկումների դժվար է պատկերացնել։ Եղած իրավական դաշտի պայմաններում, որքան հնարավոր էր կանոնակարգել օրենսդրությունը քաղաքապետի առումով՝ նրա, որպես քաղաքի օրգանիզմի ղեկավարի, մենք համաչափություն մտցրել ենք ե՛ւ կարգադրություններով, ե՛ւ կառավարության որոշումներով։ Քաղաքի զարգացման որ ոլորտի մասին էլ խոսենք, պարզ կլինի՝ Երեւանը պետք է ունենա բյուջե։ Դրա համար քաղաքապետին հակակշիռ էլ է պետք՝ քաղաքային խորհուրդը։ Այսօր քաղաքային խորհրդի կազմի մեջ մտնում են համայնքների ղեկավարները։ Ճիշտ չէր լինի նրանց վրա դնել բյուջեն վերահսկելու գործառույթը, որովհետեւ, վերջին հաշվով, նրանք քաղաքապետից կախված սուբյեկտներ են։ Սա, իհարկե, այսօր զուտ տեսական մոտեցում է։ Պետք է մտածել առավել օպտիմալ լուծում գտնելու մասին։ Այդ պատճառով էլ մտածում եմ, որ մինչեւ կարգավիճակի մասին որոշման ընդունումը, մինչեւ համայնքային եւ քաղաքային սեփականության վերաբաշխումը, դրա կառուցվածքի ընդունումը, կարելի է մի միջանկյալ տարբերակ գործադրել՝ նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության իրավասությունների շրջանակում առկա հնարավորություններով։ Դա, իհարկե, գլոբալ լուծում չի լինի, սակայն կարելի է համայնքների զարգացման համամասնություն բերել։ Երեւանի բաժանումը 12 համայնքների այս ձեւով, իմ գնահատմամբ, ճիշտ չէ։ Միգուցե ես սխալվում եմ։

– Իսկ խորհրդային ժամանակների բաժանումը ճի՞շտ էր։

– Մտածելու հարց է։ Միանշանակ չեմ կարող ասել, թե հարկավոր է նախկին կարգին վերադառնալ, բայց, կարծում եմ նաեւ, որ նախկին վարչատարածքային բաժանումը շատ ավելի ընդունելի է Երեւանի համար, քան այսօրվանը։ Քաղաքի կենտրոնը միշտ էլ որոշակի առավելություններ ունի զարգացման առումով՝ հողի արժեքի հարցն է, ներդրումների գոտու, ենթակառուցվածքների եւ այլն, որոնք չես համեմատի Դավիթաշենի կամ Նուբարաշենի որեւէ արտադրական հնարավորություն չունեցող տարածքների հետ։ Ուստի, եթե մենք գիտականորեն ավելի հիմնավորված տարբերակ չկարողանանք գտնել, պետք է նկատի ունենանք, որ Երեւանի նախկին բաժանումն ավելի ռացիոնալ էր, քան այսօր գործողը։ Հուսով ենք, որ 1999-ի առաջին կիսամյակում խնդիրը կկարողանանք լուծել, որովհետեւ զուտ խմոր վիճակում մենք արդեն ունենք ե՛ւ Երեւանի մասին օրենքի նախագիծը, ե՛ւ վարչատարածքային բաժանման սխեման։

– Պարոն Աբրահամյան, նկատեցի, որ Երեւանի կենտրոնի մասին առանձնակի ասելիք ունեք, որն այդպես էլ մինչեւ վերջ, կարծես, չասացիք։

– Ճիշտ է թամանյանական ժամանակների Երեւանի գլխավոր հատակագիծը կա, սակայն, այս շուկայական հարաբերությունները եւ մանավանդ վերջին շրջանի անօրինականությունները Երեւանի կենտրոնի նկատմամբ ամեն րոպե, այսպես ասենք՝ SOS ազդանշանի հիմքեր են ստեղծում։ Երեւանի կենտրոնը պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուր չինովնիկի կամայական մոտեցումից, եթե անգամ դա քաղաքապետն է։ «Երեւաննախագիծ» ինստիտուտում արդեն իսկ միս ու արյուն ենք տվել մեր հայեցակարգային ծրագրերին ու մոտեցումներին Երեւանի կենտրոնի վերաբերյալ։ Իսկ Երեւանի կենտրոնի հատակագծումից հետո արդեն ո՛չ քաղաքապետը, եւ ո՛չ էլ գլխավոր ճարտարապետն իրենց անձնական ցանկությամբ չեն կարողանա այս կամ այն տարածքի հարցը լուծել։ Այս ամբողջ բյուրոկրատական ապարատը՝ քաղաքապետից սկսած, զերծ կպահվի անհարկի միջամտությունից։ Դրանով ե՛ւ այս զուտ քաղաքաշինական վակխանալիան կարող ենք կանխել, ինչը մեծ խնդիր է Երեւանի համար, ե՛ւ երկրորդ՝ կունենանք զարգացման կանոնակարգված մոտեցում։

– Պրն Աբրահամյան, այդքան խոսեցիք քաղաքի արտաքին դեմքի մասին, իսկ սոցիալ-տնտեսական ոլորտների վերաբերյալ, կարծես թե, ասելիք չունեք։

– Մենք ունենք Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական ներկա վիճակի վերլուծությունը, որի հաշվառումով էլ մշակել ենք քաղաքի զարգացման ուղղությունները՝ անգամ այն ոլորտների վերաբերյալ, որոնք քաղաքապետարանի իրավասություններից դուրս են։ Մենք եւս շահագրգռված ենք աշխատատեղերի ստեղծմամբ, արդյունաբերության աշխատանքով։ Ճիշտ է, նրա աշխատել-չաշխատելու համար քաղաքապետը չէ պատասխանատուն, բայց արդյունաբերության չաշխատելու սոցիալական լարվածության հետեւանքները Երեւանի քաղաքապետարանն է զգում իր կաշվի վրա։ Այդ հիմքով է, որ նման փաստաթուղթ ունենք մշակված։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031