Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարքը համարել անվավեր

Հունվար 12,1999 00:00
mariott

«Արմենիա» հյուրանոցային համալիրի կոլեկտիվը եւ արհկոմը դիմել են ՀՀ նախագահին, պատգամավորներին՝ բաց նամակով, որում մասնավորապես ասված է.

Բոլորիս արդեն հայտնի է, որ տնտեսական բարեփոխումների քողի տակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ (խախտելով իրենց իսկ կողմից հաստատված օրենքները) վաճառվում են ստեղծագործ հայ ժողովրդի աշխատանքի արդյունքները, ազգային հարստությունները, պատիվը։ Այդ նույն բախտին արժանացավ նաեւ փակ վարագույրների ետեւում վերջերս վաճառված (կներեք՝ նվիրված) «Արմենիա» հյուրանոցային համալիր ՊՁ-ը։ Ազգադավ «վասակների, մերուժանների» եւ Գառնիկ Նանագուլյանի ձեռքերով վաճառվեց մայրաքաղաքի ամենաշահութաբեր հյուրանոցը՝ իր ընտիր գույքով, 600-ից ավելի աշխատող ունեցող կոլեկտիվով, ընդամենը 4 մլն 600 հազար դոլարով, երբ մեկ մասնաշենքի վերանորոգման վրա ծախսվեց 3 անգամ ավելի։ «Կախարդական փայտիկի» օգնությամբ անհետացավ հյուրանոցային համալիրի հաշվում եղած 400 հազար դոլար եկամուտը, որը վաստակել էր կոլեկտիվը իր քրտնաջան աշխատանքով եւ որը սպասում էր աշխատավարձերի բարձրացմանը։

Գիտակցելով մեր «անկախ» պետության կախվածությունը միջազգային կազմակերպություններից համատարած սեփականաշնորհման հարցում, կոլեկտիվն այնուամենայնիվ չի կարողանում հասկանալ, թե ինչու ինքը չի կարող դառնալ իր ձեռնարկության տերը, ինչու են իրեն որպես հայրենիքի «խորթ զավակ» արհամարհանքով դուրս շպրտել սեփականաշնորհման գործընթացից։ Ազգային հարստությունները քամուն տվողը եւ շքեղ հյուրանոցի ճակատագիրը տնօրինողներից մեկն էլ այժմ Կանադա ճողոպրած (եւ դեռ շատերը կճողոպրեն) Գառնիկ Նանագուլյանն էր, որը երբեւէ առնչություն չի ունեցել, ոչ մի ջանք չի թափել եւ ոչ մի լումա չի ներդրել մեր ձեռնարկության ստեղծման, բարգավաճման գործում։ Հետեւաբար, նա չէր կարող զգալ մեր սրտի ցավը եւ ասուլիսների ժամանակ հանգիստ խղճով պնդում էր ստոր գործարքի շահավետության մասին, չկարողանալով ոչ միայն հիմնավորել, այլ գոնե բացատրել, թե այդ շահույթն ինչումն է կայանում։

Մենք ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում ենք, որ «Արմենիա» հյուրանոցային համալիրի վաճառքն անօրինական է եւ այդ զավեշտական գնով ԱՄՆ-ի քաղաքացիներին վաճառելը ոչ թե շահութաբեր է, այլ հերթական կողոպուտ սեփական ժողովրդից։

Բացի դրանից, հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողները, որպես պատմական ու ճարտարապետական հուշարձաններ ազգային հարստություն են եւ պետք է գտնվեն օրենքի պաշտպանության ներքո, հետեւաբար նրանք վաճառքի ենթակա չեն։ Կամ ինչպես կարելի էր վերցնել ու վաճառել մեծն Թամանյանի ու Մարկ Գրիգորյանի աստվածատուր հանճարը, հայ զարդագործ ու հրաշագործ քարտաշների արյունաշաղ քրտինքը։

Գուցե այդ անպատվաբեր գործարքը վավերացնողներին շլացրել էր կաշառք ստացած դոլարների առատությունը եւ փախչելուց հետո արտասահմանում շքեղ առանձնատներ գնելու հեռանկարը, իսկ սեփական ա՞զգը, պատի՞վը, խի՞ղճը…

Մենք՝ 600-ից ավելի աշխատակազմ ունեցող կոլեկտիվը, տիրոջ իրավունքով պահանջում ենք հրապարակայնություն, այսօրվա «գործող» օրենքների քաոսում պաշտպանություն, փայատեր դառնալու եւ մեր զավակների գոյությունը ապահովելու, աշխատելու հնարավորություն։

Պահանջում ենք այս հրատապ հարցը մտցնել օրակարգ եւ անհապաղ քննարկել ՀՀ Ազգային ժողովում (եթե կարելի է այն ազգային անվանել)։

Պահանջում ենք, որ խաբեությամբ ստորագրված պայմանագիրը համարվի անվավեր եւ վերադարձվի կոլեկտիվին պատկանող 400 հազար դոլարը։ Իսկ եթե դա անհնար է արդեն կատարել, այդ դեպքում պահանջում ենք անհատույց ձեւով կոլեկտիվին հատկացնել ՀՀ կառավարության կողմից դեռեւս չվաճառված բաժնետոմսերի 20%-ը։ Համոզված ենք, որ 600-ից ավելի անդամ ունեցող կոլեկտիվի արդարացի պահանջը չի անտեսվի, կհարգվի նրանց սեփական երկրում քաղաքացի ու տեր լինելու ի ծնյալ իրավունքը եւ առիթ չի տրվի կոլեկտիվին դիմելու բազմաթիվ ծայրահեղ միջոցների…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031