Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ 1999-Ը

Հունվար 12,1999 00:00
koxmnacuyc

Քաղաքական գործիչները կանխատեսում են

Ընդունված խոսք է, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Սակայն նույնչափ ընդունված է, որ քաղաքական գործիչը պիտի կարողանա ասել, թե ինչ է լինելու վաղը, իսկ վաղը չէ մյուս օրը բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ։ Այս ամենը նկատի առնելով էլ՝ մի շարք գործիչների առաջարկեցինք իրենց հեռագնա վերլուծությունների արդյունքները ներկայացնել առաջին հազարամյակի այս վերջին տարվա վերաբերյալ։ 1999-ի ավարտին կանդրադառնանք այս կանխատեսումներին, եւ պարզ կդառնա, թե մեր քաղաքական գործիչներից որ մեկի գուշակություններին է կարելի լիովին վստահել։

Էդվարդ Եգորյան («Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ)– Մեր գլխավոր դժբախտությունն է՝ չունենք ժողովրդի համար մտահոգ, ընտրված ու վերահսկելի իշխանություն եւ այդ պատճառով այն, իհարկե, հեռախոսավարձն էլ թույլ կտա բարձրացնել, ջրի գինն էլ առանց հիմնավորումների կբարձրացնի, սղաճն էլ վերահսկելի չի լինի։ Մի խոսքով, շարունակելու ենք ունենալ միայն իր մասին մտածող իշխանություն։ Արդյունքում՝ չի լինելու աշխատանք, դրամ, կյանքն էլ օրեցօր թանկանալու է։

Կարծում եմ, որ 1999-ին պայքարն ընթանալու է առաջին հերթին նորմալ ընտրություններ անցկացնելու համար։ Նախ, կուսակցությունների համար կարեւոր է ներուժ ունեցող միություններ ստեղծելը, որոնք կարող են հակառակ բեւեռ դառնալ իշխանությանը, ուժայիններին եւ հենվելով ժողովրդի վրա՝ ինչ-որ չափով վերահսկելի դարձնել ընտրությունները։ Սա ամենահավանական, բայց իրականացման համար ամենադժվար տարբերակն է։

Քիչ հավանական է, որ ընդդիմությունը կարողանա համաձայնության գալ վարչապետի միասնական թեկնածության շուրջ, որը ժողովրդավարական ընտրությունների համար երաշխավոր կդառնար։ Կամ էլ, որ միասնաբար հնարավոր կլինի մի նորմալ ընտրական օրենսգիրք ընդունել։ Այս երկու գլխավոր խնդիրների համար էլ կպայքարենք, բայց դժվար թե դրանք լուծվեն։

Ընտրական օրենսգրքի փորձը ցույց է տալիս, որ իշխանությանը միշտ հաջողվում է միասնական ճամբարից պոկել 1-2 կուսակցությունների՝ ինչ-որ բաներ խոստանալով։ Շատ ծանր է լինելու այս խնդրի լուծումը նույնպես։ Բայց ես լավատես եմ եւ մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի նման միասնական մի մարմին ձեւավորվի՝ համագործակցություն հանուն ազատ ու ժողովրդավարական ընտրությունների։ Այդ մարմինն այժմ էլ համակարգող խորհրդի տեսքով կա, բայց դրա գործունեությունը չի կարելի բավարար գնահատել։ Հույս ունեմ, որ երբ ընտրությունների ժամկետն առավել մոտենա, եւ վատ հեռանկարներն ավելի տեսանելի լինեն կուսակցությունների համար՝ այդ միավորումն ավելի հնարավոր կլինի։ Այս անցումային փուլը՝ հունվար-փետրվար ամիսները ճշտման ժամանակաշրջան կլինեն։ Տեսանելի կլինեն այն կուսակցությունները, որոնք պատրաստվում են իշխանությունների հետ գործարքի մեջ մտնել, իսկ մնացածն արդեն կարող են առավել որոշակի պայմանավորվածությունների հասնել։

Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ)– Հաշվի առնելով, որ 1999-ի հենց առաջին կեսին սպասվում են ԱԺ ընտրություններ՝ բնական է, որ քաղաքական ուժերը պիտի դրանց պատրաստվեն։ Հնարավոր եւ անհնարին դաշինքներ ձեւավորելու, իրար հետ համագործակցելու կամ ոչ քաղաքակիրթ մեթոդներով իրար դեմ պայքարելու գործընթաց կսկսվի։ Հուսով եմ, եւ կանխատեսումս էլ այդպիսին է, որ ընտրությունները եւ դրանց նախապատրաստման փուլն ամեն դեպքում նորմալ պայմաններում կընթանա, քանզի նախադրյալներ կան։ Բնական է, որ ընտրությունների ժամանակ լինելու են դժգոհներ, որոնք փորձելու են ստվեր գցել ընտրությունների եւ դրանով՝ երկրի ներքին կայունության, ու մեր նկատմամբ միջազգային հանրության վստահությունը վտանգել։ Բայց հուսով եմ, որ սեւ ու սպիտակի, թշնամական բանակների չենք բաժանվի։ Աչքի առաջ ունենք, որ 1998-ը մեղմեց 1995-ի եւ 1996-ի ընտրությունների ժամանակ բորբոքված կրքերը։ 1999-ն, իմ կարծիքով, ավելի մեղմ կլինի։

Տնտեսական առումով իրողությունները կանխատեսելի են եւ ես լավ բան չեմ սպասում, որ կտրուկ փոփոխություններ կլինեն ազգաբնակչության սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Բյուջեն ընդամենը եղած վիճակը պահպանող, նախադրյալներ ստեղծող է, եւ այս տարվա ընթացքում արդյունքներ չենք ստանա։ Ցավով եմ ասում, բայց ես այդպես եմ գտնում։

(Անդրանիկ Մարգարյանին խնդրեցինք անդրադառնալ Վանո Սիրադեղյանի այն կանխատեսումներին, որ գարնանը Ռոբերտ Քոչարյանը ստիպված է լինելու հրաժարական տալ եւ, որ վերսկսվելու է պատերազմը- Ա. Ի.)։ Գտնում եմ, որ վատ եւ սխալ է նման չարագուշակ ենթադրություններ անելը։ Անգամ պատերազմի ժամանակ են հույս տալիս, որ այն շուտով կավարտվի։ Ինչո՞ւ պիտի ոչ պատերազմական իրավիճակում անընդհատ ժողովրդին վախեցնենք այդ հեռանկարով։ Բացառում եմ, որ Հայաստանն այնպիսի քայլեր անի, որոնք նպաստեն պատերազմի վերսկսմանը։ Ուղղակի քաղաքական ամեն գործիչ փորձում է իր համար ցանկալին մատուցել որպես իրականություն։ Ես գտնում եմ, որ այդ եւ բանակի հնարավոր քայքայման մասին պրն Սիրադեղյանի կանխատեսումները ոչ միայն քաղաքական ենթատեքստ ունեն, այլեւ շատ վտանգավոր են պետական անվտանգության համար։ Ամեն դեպքում, չգիտեմ, թե պրն Սիրադեղյանն ինչ տեղեկատվության է տիրապետում, բայց անցած տարվա սկզբից, իր հրաժարականից հետո, անընդհատ կրկնում է, որ պատերազմ է սկսվելու։ Բարեբախտաբար, մինչ այժմ նման բան չի եղել եւ հույս ունեմ, որ էլի չի լինի, քանզի պատերազմը ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, ո՛չ էլ Ադրբեջանին ընդհանրապես ձեռնտու չէ։

Խաչատուր Բեզիրջյան (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ)– (Պրն Բեզիրջյանին խնդրեցինք միայն կանխատեսել, թե ինչպիսին են լինելու 1999-ի խորհրդարանական ընտրությունները- Ա. Ի.)։ Հունիսին անցկացվելիք ԱԺ ընտրություններից շատ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, քանզի դրանք այնպես կանցնեն՝ ինչպիսին մեր հասարակությունն է։ Ընտրությունները չեն կարող միանգամից լավ անցնել՝ անկախ նրանից, թե արդյոք հասարակության համար մի օպտիմալ օրենք կընդունվի՞։ Չնայած դա էլ է անհնար՝ քաղաքական քաշքշուկները շատ են, տարբեր ուժերի ձեռնտու է այս կամ այն տարբերակը, որը ոչ միշտ է տեխնիկապես նպատակահարմար հեշտ ու լավ ընտրությունների իրականացման համար։

Ամեն դեպքում, ընտրությունների վրա ներազդեցություն է ունենալու նաեւ հասարակության սոցիալական վիճակը։ Այնպես որ, գուցե թե առաջընթաց լինի, բայց այս ընտրություններն էլ իդեալական չեն լինի. հասարակությունը պիտի հասունանա դրա համար։

Պատրաստեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031