Մահափորձերի քանակով Հեյդար Ալիեւը եւ Շեւարդնաձեն միասին վերցրած գերազանցել են մահափորձերի հայաստանյան ռեկորդակիր Պարույր Հայրիկյանին: Հավանաբար, իրենց հանրապետություններում ժամանակին խորհրդային ՊԱԿ-ի ղեկավար լինելու հանգամանքը դարձնում է Շեւարդնաձեին եւ Ալիեւին չափազանց «ախորժաբեր» տարբեր տեսակի դավադիրների համար: Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը բարեհաջող խուսափեց հերթական պետական հեղաշրջումից: Այս անգամ նախկին ոստիկաններին եւ զինվորականներին բանտում ոչնչացնելու պատրվակն այն էր, որ նրանք իբր պատրաստվում էին փախչել կալանավայրից, հարձակվել նախագահի նստավայրի վրա եւ ֆիզիկապես ոչնչացնել Հեյդար Ալիեւին: Խոսք չկա, պաշտոնական վարկածը շատ տրամաբանական է եւ արժանահավատ:
ՎԱՏ ԼՈՒՐ
Հայրենի կառավարությունը, ժողովրդի կենսամակարդակը անշեղորեն բարձրացնելուն զուգահեռ, չի մոռանում զարգացնել նաեւ ազատ մամուլը: Անցած տարեվերջին նախարարները պատմական որոշում ընդունեցին՝ որոշ լրատվամիջոցների նյութական օգնություն ցույց տալու մասին: Կառավարության առատաձեռնության մասին հայտարարվեց ամեն մի խաչմերուկում եւ բոլոր լրատվական ծրագրերում: Գումարները նախատեսված էին անցած տարվա ծախսերով եւ խմբագրությունների հաշիվներին պետք է փոխանցված լինեին, համապատասխանաբար, դեկտեմբերի 31-ից շուտ: Սակայն փողերն առ այսօր չկան, համենայնդեպս «Առավոտի» երեք միլիոն դրամը: Մեր կառավարությունը հավատարիմ է իր գործելաոճին. կարեւորը գործ անելը չէ, կարեւորը հայտարարելն է: