Հույները հինավուրց ժողովուրդ են, դարավոր մշակույթով եւ վառ արտահայտված «ազգային նկարագրով»: Ճիշտ մեր նման: Երբ գերմանացիներն ու տարբեր շվեդները անթրաշ պիտեկանտրոպների տեսքով ծառերից էին կախված, հույների հետ թատրոններ էինք բեմադրում եւ երկրներ նվաճում: Հավանաբար, հենց այդ պատճառով էլ մենք 20-րդ դարի վերջում ժամանակակից քաղաքակիրթ ձեւով աշխատել չգիտենք: Դարավոր մշակույթ չունեցող եվրոպացիներն ու ամերիկացիները սովոր են ամենօրյա համակարգված, մեթոդական աշխատանքի, նվազ, բայց հաստատուն եկամուտի, խոսքի տերը լինելուն եւ այլ «հարիֆությունների»: Հույները, մեզ հետ միասին, սիրում են խոսել «թասիբի», «խաթրի», «մարդկության», «շրջապատի» եւ այլ քնարական երեւույթների մասին, իսկ իրականում սովոր ենք խաբելուն, «ֆռցնելուն» եւ «գցելուն»՝ այն էլ ծայրահեղ ասիական-գավառական ոճով: Մի խոսքով, երկու հատ «դու շեշ» գցել եւ «մարս» անել:
Հիմա հասկացա՞ք, թե ինչու ենք մեր հեռահաղորդակցական ամբողջ համակարգը 15 տարով հույներին տվել: Հարազատ մենթալություն ունեցող գործընկերների հետ հեշտ է աշխատել: Չոր ու ցամաք, «անջիգյար» անգլիացին կամ շվեդը ներդրումներ կկատարեր համակարգի մեջ, բայց կպահանջեր ինչ-որ բաներ բարելավել, կատարելագործել, մի խոսքով, հեռախոսակապը գոնե որոշ չափով խելքի բերել: Մինչդեռ հունական OTE-ն եւ ԱՄՆ-ում գոյություն չունեցող TWT-ն նման նեղություն, բնականաբար, չեն քաշում: Բայց փոխարենը հայաստանյան չինովնիկների հետ ուտել-խմելու լայն հնարավորություններ են ստեղծում: Դա, իհարկե, կարելի է անել «գցելու», ինչ-որ օբյեկտ գտնելու ճանապարհով: Այդ օբյեկտը գտնվեց հեշտությամբ. դա մենք ենք, աբոնենտներս՝ Հայաստանի ամբողջ բնակչությունը: Գործում է ասիական կուռ տրամաբանությունը. անշեղորեն բարձրացնել հեռախոսավարձը եւ նույնքան անշեղորեն վատթարացնել հեռախոսակապի որակը:
Հետագա իրադարձությունների սցենարն էլ է հայտնի. թերթերը կգրեն, կուսակցություններն ու ժողովուրդը կբողոքեն, որից հետո մենք սուսուփուս կգնանք հեռախոսավարձը վճարելու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ