Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը, կուսակցության արտահերթ 5-րդ համագումարը, որը նախատեսված էր դեկտեմբերին եւ հետաձգվեց, տեղի կունենա հունվարի 29-30-ին, խորհրդարանում ընտրական օրենսգրքի ընդունումից հետո։
ԿԱՏՎԻ ԲԱԽՏ
«Առավոտի» տարեվերջյան համարում կատակով նշել էինք, թե քանի որ տարին Կատվի է, այն խոստանում է բարեհաջող լինել հատկապես ժողդատավոր Մարատ Կատվալյանի համար, որը տարիներ շարունակ հասարակությանը պարզապես ցնցում էր իր անշահախնդիր վճիռներով եւ անբասիր վարքով։ Այդպես էլ եղավ։ Կատակը դարձավ իրականություն։ Նա դարձավ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։
ՍԱԴՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՄԱՆՈՐԸ ԿԵՂԾՈՂՆԵՐԻ
Կարդացեք նաև
Բոլոր հեռուստաընկերությունների Ամանորյա ծրագրերն էլ նախապես են տեսագրվում, բայց Արշակ Սադոյանը երեւի տեղեկացված չէր այդ մասին։ Ուստի, երբ «Ար»-ը նրան առաջարկել էր ուղերձով դիմել ժողովրդին, բայց խոսքն այնպես կառուցելով, իբր դա հենց Նոր տարվա գիշերն է՝ Արշակ Սադոյանը վրդովվել էր. «Ես անպայման պիտի ասեմ, որ սա նախօրոք է տեսագրվել եւ չփորձեք դա մոնտաժել։ Այս ի՞նչ է՝ իշխանություններն ընտրություններն են կեղծում՝ «Ար»-ն էլ՝ Նոր տարի՞ն»։
ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒՐԻՇ
«Գրանտ Տոբակոն» ամանորյա նվերներ էր ուղարկել ԱԺ պատգամավորներին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ 10-20 տուփ սիգարետ։ Նվերից չէին հրաժարվում անգամ այն պատգամավորները, որոնք չեն ծխում։