Անցնող տարվա քաղաքական, տնտեսական, ֆինանսական, կրթա-մշակութային ձեռքբերումներն ու նվաճումները պետական այրերը դեռ կամփոփեն ու կթմբկահարեն։ Որպես կանոն, բացթողումների մասին կխոստանան ու կմոռանան հրապարակել (էդքան էլ ասել եմ առավոտները (առանց չակերտների) մեղր կերեք, էլի), այդ «առաքելությունը» թողնելով լրագրողներիս։
Օրինակ վերցնելով պետական մարմիններից, ես էլ խոստանում եմ խոսել «Առավոտում» տարվա բացթողումների մասին ու նույն պահին էլ մոռանում (չնայած այս առավոտ (առանց չակերտների) մեղր կերել եմ)։ Բայց փոխարենը ոնց եմ հիշում հաջողություններս ու նվաճումներս, է՜. չմեռանք «Սպիդ ինֆո» էջ էլ ունեցանք։ Բա, ոնց դիմանամ ու չհիշեմ. ինչի մասին ասես, որ չխոսեցինք այս էջում։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին խոսեցրինք սեքսի մասին, որոշեցինք հանրապետության ամենասեքսուալ քաղաքական գործչին, ուսումնասիրեցինք հանրապետությունում առկա սեքսի հիմնախնդիրները, պայծառատեսի միջոցով կանխորոշեցինք բարձրաստիճաններից մեկի բախտը ու դեռ չհասցրած… վայ, հա, չէ որ բացթողումների մասին պետք է մոռանայի խոսել։
Ամփոփելով տարին, այս անգամ էլ որոշեցի պարզել 1998 թվականի տարվա լավագույն կնոջն ու տարվա լավագույն տղամարդուն՝ քաղաքային գործիչների եւ բարձրաստիճան շրջանակներում։ Այդ հարցով դիմեցի զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներին (դե, թող մի անգամ էլ իրենք պատասխանեն, է՜, թե չէ սովոր են վերեւներից պատասխան պահանջել, մեզ պատասխանատվության ենթարկել)։ Ասեմ, որ զանգվածային լրատվամիջոցների ղեկավարները հիմնականում դիվանագիտորեն պատասխանեցին, մի քանիսն էլ որոշեցին հումորով պատասխանել, լուրջ պատասխանողներ էլ եղան։ Իսկ թե ում պատասխանը որ կատեգորիային է պատկանում՝ որոշեք ինքներդ։
Արամ Աբրահամյան՝ «Առավոտ» – Լավագույն կինը Գայանե Սարուխանյանն է, լավագույն տղամարդը՝ Պավլիկ Ասատրյանը։
Կարդացեք նաև
Տիգրան Նաղդալյան՝ Հայաստանի ազգային հեռուստատեսություն – Տղամարդկանց նկատմամբ անտարբեր եմ, ուստի որեւէ մեկի չեմ կարող առանձնացնել, իսկ այն կնոջը, ում կառանձնացնեմ, հրապարակման ենթակա չէ։
Տիգրան Հակոբյան՝ «Հայք» – Չկա, իսկի հանրապետության նախագահը չկարողացավ տղամարդ գտնել, ես որտեղի՞ց գտնեմ։
Գագիկ Մկրտչյան՝ «Հայոց աշխարհ» – Ի՞նչ եք կարծում, «Քաղաքական վարկանիշ» վարողը կարո՞ղ է արդյոք որեւէ քաղաքական գործչի առանձնացնել։ Ես կարծում եմ՝ ոչ։
Շամիրամ Աղաբեկյան՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» – Կին քաղաքական գործիչ չեմ կարող ասել, քանի որ՝ չկա։ Նախկին կառավարության կազմում Հրանուշ Հակոբյանը կար, բայց հիմա նա էլ չկա, որ կարողանամ հիշատակել։ Կուսակցության կին ղեկավար կա՝ Իդա Մարտիրոսյանը, բայց նոր կարգավիճակով դեռ չի հասցրել դրսեւորվել, հույս ունեմ՝ գոնե եկող տարի կլինի։ Լավագույն տղամարդը Խոսրով Հարությունյանն է, ոչ նրա համար, որ թերթը պառլամենտական է, թող պարզունակ չհնչի։ Խոսրով Հարությունյանի շնորհիվ ԱԺ-ն դարձավ ընդդիմության կիզակետը»։
Արմեն Ամիրյան՝ Հայաստանի ազգային ռադիո – Լավագույն տղամարդը Ռոբերտ Քոչարյանն է՝ բոլորին հաղթեց, դարձավ նախագահ։ Լավագույն կինը, թերեւս՝ Աննա Իսրայելյանը։
Մեսրոպ Հարությունյան՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն – Իմ չափանիշներով՝ չկա։
Մերուժան Տեր-Գուլանյան՝ «Ար» հեռուստաընկերություն – Լավագույն տղամարդը Վազգեն Սարգսյանն է (փետրվարյան վճռական քայլը նկատի ունեմ), ես դա համոզված եմ ասում։ Լավագույն կինը՝ Սիլվա Խրիմյանը (դպրոցներում ինչ-որ քայլ է փորձում անել)։
Հակոբ Ավետիքյան՝ «Ազգ» – Ոչ մեկը՝ դժբախտաբար, որեւէ մեկի չեմ կարող առանձնացնել։
Աշոտ Աղաբաբյան՝ «Հայաստանի Հանրապետութիւն» – Կին չկա, լավագույն տղամարդը՝ Ալբերտ Բազեյան։
Մուշեղ Միքայելյան՝ «Երկիր» – Ինքս ինձ, քանի որ եւս մեկ տարի կարողացա չկորցնել իմ տղամարդկային հատկանիշները եւ կատարել իմ տղամարդկային պարտականությունները։ Լավագույն կինը՝ կինս, որը եւս կարողացավ չկորցնել կանացի հատկանիշները եւ հանդուրժել ինձ։ Ես էլ թեպետ ԶԼՄ ղեկավար չեմ, այնուամենայնիվ, ուզում եմ օգտվել հեղինակի հնարավորությունից ու ընդգծել կարծիքս տարվա լավագույն տղամարդու մասին, բայց, կարծեք թե՝ բոլորդ արդեն գիտեք։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ. Գ. Շնորհավորելով բոլորիս Նոր տարին, ցանկանում եմ, որ լավագույն կանայք եւ լավագույն տղամարդիկ (եւ ոչ միայն լավագույնները) ամանորի գիշերը այնքան ուտեն, որ սեքսի մասին խոսելուց բացի, կարողանան նաեւ զբաղվել դրանով։ Սիրո, երջանկության նոր տարի։