«Օրագիր» թերթի հերթական հյուրը Հրանտ Մաթեւոսյանն էր…, որին լրագրողներն ավելի շատ սոցիալական, հասարակական, քաղաքական, քան ստեղծագործական հարցեր էին տալիս։
Նիկոլ Փաշինյանի առաջին հարցը հետեւյալն էր. «Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ընթացքում կարծես իրենց տեղը չեն գտնում եւ վերջին տարիներին զբաղվում են գրեթե ամեն ինչով։ Ո՞րն է այսօր Հայաստանում արվեստագետի տեղը»։ Հրանտ Մաթեւոսյանն իր համար վաղուց մաշված հարցին, այնուամենայնիվ, պատասխանեց։
– Հարցը ոչ թե երկրորդ հանրապետությունից դեպի երրորդ հանրապետություն անցման մեջ է, այլ ուղղակի մի էպոխայից այլ էպոխա անցման մեջ։ Կոնսերվացվել, պահածոյացվել, պահվել էինք, հեղափոխությունից հետ, աշխարհից հետ էինք մնացել։ Եվ միանգամից դարպասները բացեցին, աշխարհը ներխուժեց մեր մեջ, մենք՝ աշխարհի մեջ եւ իդեոլոգիկ պետությունը, իդեոլոգիկ հանրապետությունը միանգամից հայտնվեց այն միջավայրում, որտեղ շփոթված ենք բոլորս՝ ե՛ւ մտավորականությունը, ե՛ւ քաղաքական այրերն, ե՛ւ բոլոր բաները…
Բոլորս շփոթված ենք։ Ես ինքս կարոտել եմ մաքուր բելետրիստիկական տեքստերի, մաքուր հրապարակումների, ապաքաղաքականացված լեզվի եւ վարքի, քաղաքացու սովորական կյանքի։ Եթե հարցի առջեւ մի քիչ ազնիվ լինենք, պիտի տեսնենք, որ եթե այսօր նշանավոր գրողը, նկարիչը, երաժիշտը չկա, ապա երեկ դարձյալ նույն վիճակն է եղել։ Անապատը, ի վերջո, գոյություն ուներ։ Մինասից հետո մնացել էր Հակոբ Հակոբյանը եւ այսօր էլի նույն վիճակն է։ Հայ գրականություն կարծես թե խոշոր հաշվով կար, բայց դարձյալ չկար, անհատականություններ չկային։ Հրանտ Մաթեւոսյանը այդ օրն անկեղծ էր որպես քաղաքացի, բայց մինչեւ վերջ բաց չէր որպես ստեղծագործող։ Կարծես՝ նա խուսափեր ներքին, ավելի խոր շերտերի մասին խոսելուց եւ, որից փախչում էր հայ գրողների հասարակական-քաղաքական գործիչների հետ հետաքրքիր եւ հումորով պատմություններ պատմելով։ Իր զգացողություններից ելնելով, նա իր ընթերցողին չի տեսնում՝ ծառուղու վերջում իր գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկան կամ տղային։ Վախենում է, որ այդ ընթերցողին կորցրել են իրենք բոլորը ու հավատում է, որ այդ վիճակը ժամանակավոր է ու վաղվա օրը, երբ ժողովուրդը լույս ու հաց կունենա, վաղվա հոգս չի ունենա, արժեքները կվերադառնան իրենց պատվավոր տեղը։
Կարդացեք նաև
Նա վստահ է, որ գիրքը, գրողը, գրականությունը չի մեռնելու, որովհետեւ հասարակությունը գրողի, երաժշտի միջոցով ուզում է գեղեցիկ եւ ճշգրտորեն արտահայտվել՝ «Գրողը հասարակության բերանն է»։ Հրանտ Մաթեւոսյանն առաջարկեց իշխանությունների կողմից «արկղերով բաժանվող» մրցանակների համար գիտակ հանձնախումբ ստեղծել եւ նրանց միջոցով առաջադրել թեկնածուներին, որ «չփչանար այդ մրցանակը»։ Եվ պետք է մրցանակը մեծ լինի, որովհետեւ «փոքր մրցանակը ողորմելի մի բան է լինելու. չլինի այնպես, որ իշխանավորների քամահրոտ վերաբերմունքով ահա մի մրցանակ ձեզ նետեցինք…»։
Արվեստագետի համար այդ մրցանակը պետք է գոնե փոքրիկ հնարավորություն ստեղծի՝ օրվա հոգսերի մասին չմտածելու եւ ստեղծագործելու։ Հ. Մաթեւոսյանի՝ Ռ. Քոչարյանի մասին լավագույն տպավորություններն են՝ «Կարաուլովի հետ հարցազրույցն ինձ շատ ուրախացրեց եւ մյուսը՝ երբ ինքը վարչապետ էր»։ Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանի կարծիքով, ԳՄ-ն իր ներկայությամբ որեւէ բան չի նշանակում, բայց «սարսափելի է Գրողների միության բացակայությունը, որը շատ վատ է այն աղջկա եւ տղայի համար, ով ճանապարհ է ընկել գրականություն գալու»։ Վանո Սիրադեղյանն իր մի հարցազրույցում Հրանտ Մաթեւոսյանի չգրելու պատճառը մեկնաբանել էր՝ մեծ հայրենիքի (Սովետական Միության) կորստով։
Հ. Մաթեւոսյանն ինքն էլ է 90-ականներին, անլույս, ցուրտ ու խավար տարիներին մի առիթով ասել. «Մեծ երկիր եմ կորցրել»։ Իմ՝ «Ինչն է ձեր չգրելու պատճառը, արդյո՞ք միայն ընթերցողի եւ մեծ հայրենիքի կորուստն է» հարցին ի պատասխան Հ. Մաթեւոսյանն ասաց. «Վ. Սիրադեղյանը տարասածությամբ իմ գլխավոր միտքն է կրկնել։ Գուցե իմ գրքին սպասողը կա, բայց ես կորցրել եմ նրան։ Գիտե՞ս, ինչ վիրավորանք է, որ երեկվա օրով Պարույր Սեւակի գրքերի 60 հազար տպաքանակը մի օր խանութներում չէր մնում, իսկ հիմա Պարույր Սեւակի 6 հատորը 6 հազար դրամով ամիսներով դրված է գրախանութներում եւ չեն առնում։ Գիտե՞ս դա ինչ հարված է։ Գլխավոր պատճառը դա է եւ մյուսը՝ իմ դժվարություններն են. տեղ չունեմ նստելու, մեկուսանալու, կուրանալու մեր իրականության առջեւ, ականջներս 88-ից ի վեր աղմուկից մաքրելու։ Համո Սահյանն ասում էր՝ պիտի խելառ լինես, Աստված պիտի խելքդ առնի, որ գրես։ Չեմ կարողանում խելքս Աստծուն տալ, վերանալ այս իրականությունից, որպեսզի գրեմ։ Ջանքով-տանջանքով մի երկու ամիս Ծաղկաձորում նստեցի, գրեցի եւ գրիչը ձեռքիցս ընկավ»։
Հետո էլի՝ տարբեր քաղաքական, հասարակական հարցեր եղան… Լրագրողներից մեկը հարցրեց «Նոր Դար» ամսագիրը միջոցներ ունի, ինչո՞ւ էլիտար ամսագիր չդարձավ (Հ. Մաթեւոսյանի կարծիքով, Հայաստանում գրական էլիտար ամսագրի մեծ պահանջ կա).
-Որովհետեւ Աբգար Ափինյանը վախկոտ է, եւ դա ամսագիր չէ, այլ ուղղակի մի տոպրակ է, որտեղ ամեն ինչ լցրած է,- ասաց Հ. Մաթեւոսյանը՝ համաձայնելով լրագրողի տեսակետին, որ վերջին հաշվով այդ ամսագիրն Ափինյանինն է,- միջոցներն ինքն է հայթայթում, ինքն է արծարծել, գտել՝ իր ճարպկությամբ, իր երեսով…
-Բայց ինչո՞ւ Ափինյանին դա չեք ասում,- հարցրեց մեկ ուրիշ լրագրող։
-Ես ասում եմ, ինքը չի հասկանում,- ասաց Հ. Մաթեւոսյանը, որի հետ աղմկալից ծիծաղով համաձայնեցին բոլոր ներկաները։ Մեկ ուրիշ լրագրողի հետաքրքրում էր, թե Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ Ռոլանդ Շառոյանը Գրողների միության անդամավճար մուծո՞ւմ են։
-Էդ ո՞վ է անդամավճար մուծում որ…
Գրողների միության անդամները թերեւս մի ժամանակ անդամավճար մուծելիս եղել են, բայց հիմա իրենք են մեզանից անդամավճար ուզում։ Ռոլանդ Շառոյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը նշանավոր են նրանով, որ մեզանից անդամավճարներ չեն ուզում։
-Բայց նրանք միության անդա՞մ են։
-Դե հա, ինչի անդամ չեն նրանք է՜…
-Իսկ միությունում շա՞տ են այն գրողները, որոնք ոչինչ չեն գրում։
-Չէ՛, մեկ-մեկ դիմում գրում են…
Լրագրողներից շատերին նման հումորախառը սոցիալ-քաղաքական հարցուպատասխաններն ավելի էին դուր գալիս եւ կարծես ներքուստ Հ. Մաթեւոսյանն էլ հենց դա էր ուզում՝ թաքցնելու գրողի իր ներքին ապրումները, վերապրումներն ու… ողբերգությունը («Ես խոսո՞ւմ եմ, որ շարունակեմ»,- Հ. Մաթեւոսյանը պատասխանեց «Օրագիր» թերթի գլխավոր խմբագրի չընդհատող հարցին. «Պրն Մաթեւոսյան, շարունակո՞ւմ եք ձեր խոսքը, թե՞ իմ մյուս հարցը տամ»։ Գրող Հրանտ Մաթեւոսյանի այդ պատասխանը դիպուկ ու անկեղծ էր՝ ամբողջ հանդիպման սկզբի եւ ավարտի համար)։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ